Ուղիղ եթեր
Ռուբեն Վարդանյանի դատավարությունը. կասկածելի մեղադրանքներ, միջազգային բախումներ
copy image url

Ռուբեն Վարդանյանի դատավարությունը. կասկածելի մեղադրանքներ, միջազգային բախումներ

Ներքին Արտաքին 4 ամիս առաջ - 22:29 17-01-2025
Oragir.News-ը հետևել է միջազգային մամուլի արձագանքին՝ հասկանալու համար, թե ինչպես է միջազգային հանրությունը գնահատում Ռուբեն Վարդանյանի դատական գործընթացը։

«Reuters»-ը նշում է, որ նախկին բարձրագույն պաշտոնյան, որին առաջադրվել է 42 մեղադրանք, այդ թվում՝ ահաբեկչության, բողոքել է ուրբաթ օրը՝ իր դատավարության նախօրեին, որ ինքը բավարար ժամանակ չի ունեցել պաշտպանությանը պատրաստվելու համար: «Reuters»-ը Ռուբեն Վարդանյանին ներկայացնում է որպես նախկին միլիարդատեր, բանկիր, որը ծնվել է Հայաստանում, Ռուսաստանում կուտակել է իր հարստությունը, իսկ 2022 թվականի վերջից մինչև 2023 թվականի փետրվարը եղել է Լեռնային Ղարաբաղի երկրորդ ամենաբարձր պաշտոնյան: Ըստ աղբյուրի՝ նա հայտարարել է, որ իրեն և իր հայրենակիցներին, որոնք համարվում են քաղբանտարկյալներ, անհիմն մեղադրանքներ են առաջադրվում։ Նա պահանջել է անմիջապես դադարեցնել քաղաքական շարժառիթներով իր նկատմամբ հարուցված դատական գործը։ «Reuters»-ը կողմնակալ կերպով հաղորդում է, որ 2023 թվականին Ադրբեջանը վերագրավել է Լեռնային Ղարաբաղը՝ այն տարածքը, որտեղ ապրում էին էթնիկ հայեր: Աղբյուրն ընդգծում է, որ 1990-ականների սկզբից ի վեր հայերը այդ տարածաշրջանում վայելել են դե ֆակտո անկախություն՝ դուրս մնալով Ադրբեջանի վերահսկողությունից: Այդ ընթացքում այնտեղ ստեղծվել է անկախ կառավարություն, չնայած միջազգային հանրությունը երբևէ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ պետություն: «Reuters»-ի տեքստում նշվում է, որ այս ամենը տեղի է ունեցել Խորհրդային միության փլուզման արդյունքում, երբ Լեռնային Ղարաբաղը և նրա հայ բնակչությունը դուրս են եկել Ադրբեջանի վերահսկողությունից: Աղբյուրը հայտնում է, որ Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է, երբ փախչելիս է եղել Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթի ժամանակ։ Ըստ Ադրբեջանի դատախազների տված տեղեկության՝ 15 այլ անձանց, այդ թվում՝ Ղարաբաղի մի քանի նախկին ղեկավարների նկատմամբ ևս ընթանում է դատավարություն տարբեր մեղադրանքներով՝ ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և այլն։ Վարդանյանը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները, որոնք նա բոլորովին չի ընդունում։ Ադրբեջանի դատախազները հայտարարել են, որ քննության ընթացքում ապահովվել են Ռուբեն Վարդանյանի՝ օրինական պաշտպանության, նախընտրած լեզվի օգտագործման և դատավարական այլ իրավունքներ։ Նրանք նաև նշել են, որ Վարդանյանը ստացել է լիարժեք հասանելիություն գործին վերաբերող նյութերին։ Այդուհանդերձ, Վարդանյանն իր ընտանիքի միջոցով տարածված հայտարարությունում հերքել է այս տեղեկությունները՝ ասելով, որ իր դեմ հարուցվել է 42 մեղադրանք, որոնցից ոմանք կարող են հանգեցնել ցմահ բանտարկության։ Նա նաև նշել է, որ դեռ չի ստացել լիարժեք հնարավորություն` ծանոթանալու պաշտոնական մեղադրական ակտին։ Վարդանյանը հայտնել է, որ իր դեմ հարուցված քրեական գործի 422 հատորից բաղկացած փաստաթղթերը դեկտեմբերի 9-ին իրեն և իր փաստաբանին են ներկայացվել ադրբեջաներենով, որին ինքը չի տիրապետում: Նա ասել է, որ կալանքի տակ է եղել ավելի քան 470 օր, որից 340-ը՝ մեկուսարանում, 23-ը՝ պատժախցում։ Բայց նա հավելել է, որ չունի զայրույթ կամ ատելություն և ցանկանում է «իրական խաղաղություն» հայերի և ադրբեջանցիների միջև։

«Morningstar»-ը նույնպես անդրադարձ է կատարել` հաղորդելով, որ Ադրբեջանի կողմից ապօրինի բանտարկված հայ քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ ինքը լիովին անմեղ է և պահանջում է անմիջապես դադարեցնել իր դեմ քաղաքական շարժառիթներով հարուցված գործը։ Այս հայտարարությունը Վարդանյանը փոխանցել է ընտանիքի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Վարդանյանը հայտնել է, որ մեղադրանքների ցուցակը ռուսերենով ստացել է միայն 2025 թվականի հունվարի 8-ին, բացի դրանից` ասել է, որ ճնշումներ են գործադրվել իր փաստաբանի և թարգմանչի վրա՝ ստիպելով ստորագրել փաստաթղթեր, այդ թվում՝ կեղծ արձանագրություններ, որոնք չեն եղել հարցաքննությունների ժամանակ: Նա հայտարարել է, որ ձերբակալման օրվանից որևէ ցուցմունք չի տվել` բացառությամբ առաջին հարցաքննության, որտեղ միայն նշել է իր անունն ու ազգանունը։ Նա նաև հայտնել է, որ իր ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծված են, և նման փաստաթղթեր իրականում գոյություն չունեն։ Այդ փաստաթղթերը ստիպողաբար ստորագրել են իր փաստաբանն ու թարգմանիչը։ Ռուբեն Վարդանյանը պահանջել է իր և իր փաստաբանի համար բավարար ժամանակ ու հնարավորություն՝ պատրաստվելու պաշտպանությանը և մանրամասնորեն ուսումնասիրելու գործի նյութերն իրենց հասկանալի լեզվով: Նաև խնդրել է վերացնել բոլոր ընթացակարգային խախտումները և կեղծիքները, հատկապես կեղծված փաստաթղթերը և հարցաքննությունների արձանագրությունները, որոնք երբեք չեն եղել, քանի որ ձերբակալության օրվանից նա ոչ մի ցուցմունք չի տվել: Բացի դրանից` գործի 422 հատորներից ավելի քան 400-ը վերաբերում են ընդհանուր գործի դրվագներին, որոնցից միայն 6-ն են կոնկրետ առնչվում իր դեմ ուղղված կեղծ մեղադրանքներին. նա հայտնել է, որ իր գործը առանձին վարույթում քննելու որոշումն անարդարացի է և անհիմն։ Ռուբեն Վարդանյանը պահանջել է բաց դատավարություն, որին պետք է մասնակցեն միջազգային լրագրողներ և մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Վարդանյանը վստահ է, որ իրական խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հակամարտությունում ներգրավված երկրների առաջնորդները՝ իրենց ժողովուրդների աջակցությամբ, կհավաքվեն և ծաղիկներ կդնեն այս պատերազմում զոհվածների շիրիմներին։

«Forbes»-ի ռուսական ծառայությունը դատական գործի վերաբերյալ գրում է, որ գործարար Ռուբեն Վարդանյանը ավելի քան 470 օր է, ինչ գտնվում է Ադրբեջանի նախնական կալանքի կենտրոնում, որից 340-ը՝ մեկուսարանում, 23-ը՝ պատժախցում։ Ըստ աղբյուրի` Վարդանյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Նրա ընտանիքը մեղադրել է Ադրբեջանին խոշտանգումների մեջ՝ ասելով, որ գործարարը դաժան վերաբերմունքի է ենթարկվել ձերբակալման և կալանավորման ընթացքում։ Վարդանյանը ձերբակալվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից 2023 թվականի սեպտեմբերին, երբ փորձել է Լեռնային Ղարաբաղից մեկնել Հայաստան։ Ադրբեջանը նրան մեղադրել է ահաբեկչությունը ֆինանսավորելու, զինված խմբավորումների ստեղծմանը մասնակցելու և սահմանը ապօրինի հատելու մեջ։ Սկզբում նա դատապարտվել է չորս ամսվա կալանքի, որը հետագայում մի քանի անգամ երկարաձգվել է։

«BAKU.WS»-ը հայտնում է, որ Ռուբեն Վարդանյանի քրեական գործը քննվելու է Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Ի հակադրություն Վարդանյանի բողոքների` նշվում է, որ քննության ընթացքում ապահովվել են մեղադրյալի պաշտպանվելու, հասկանալի լեզվով տեղեկությունը ստանալու և դատավարական այլ իրավունքներ։ Մեղադրյալին տրամադրվել են իր ընտրությամբ փաստաբաններ, և փաստաբանների ներկայացրած միջնորդությունները քննարկվել են քրեական դատավարության օրենսդրության պահանջներին համապատասխան՝ կայացնելով համապատասխան որոշումներ։

Ձեզ գուցե հետաքրքրի