Ֆիլանտրոպ մղումները երբեմն գլուխ են բարձրացնում։ Մարդն ուզում է ինչ-որ մեկին օգնի, հյուրասիրի, բարի գործ անի։ Ցուցադրական բարեգործությունն այլ բան է, ժողովրդականություն, վարկանիշ բարձրացնելու նպատակ ունի։ Նախկինում, մարդկանց բաժանում էին մակարոն, կարտոշկա, ձեթ, տուկի թել։ Բաժանողներն այդ ակցիաները ներկայացնում որպես օգնություն մարդկանց։ Ընդդիմախոսները քննադատում էին բաժանողներին, թե ինչո՞ւ են մարդկանց նվաստացնում։
Մայիսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Տաթև համայնք այցի շրջանակում Շինուհայր գյուղում պաղպաղակ է հյուրասիրել գյուղի երեխաներին։ «Պաղպաղակ փարթի Շինուհայրում»,- գրել է իր էջում և տեսանյութ հրապարակել։
Իհարկե՝ լավ բան է երեխաներին պաղպաղակ հյուրասիրելը, նրանց ուրախություն ու հաճույք պատճառելը։ Սակայն օրենքի, քաղաքացիական ընկալումների, ժողովրդավարության առումով՝ «պաղպաղակ փարթին» հարցեր է առաջ բերում։
Երեխաների իրավունքների պաշտպանները բազմիցս են բարձրաձայնել, որ չի կարելի է երեխաներին օգտագործել գովազդային նպատակներով։ Երեխաներին նկարահանելու ժամանակ անհրաժեշտ է ունենալ ծնողների համաձայնությունը։ Այս նորմերը նույնիսկ սահմանված են օրենքով։ Տվյալ պարագայում երեխաներին նկարահանելու թույլտվություն Փաշինյանն ունե՞ր։ Ենթադրաբար՝ ոչ։ Այս առումով՝ երեխաներին տեսանյութում ներառելը նրանց իրավունքների խախտում է։
Շատերն են հիշում, թե լրագրող Նիկոլ Փաշինյանն ինչ «անարգանքի սյունի էր գամում» նախկին մի օլիգարխի, որը տուկի թել էր բաժանել գյուղացիներին։ Այս մասին նա հիշել է նաև 2019-ի մարտի 19-ին հրավիրված ասուլիսում, անդրադառնալով նախընթաց 10 ամիսներին քաղաքացիների վիճակի բարելավման վերաբերյալ հարցին։ «Ամենակարևոր փոփոխությունը ո՞րն է. Հայաստանում կար էլիտա, որն ասում էր՝ մենք բրինձ կբաժանենք, ժողովուրդ ջան, կարտոշկա կբաժանենք, տուկի թել կբաժանենք և այլն: Մեր քաղաքականությունը հետևյալն է՝ մարդկանց համար պետք է ստեղծենք հնարավորություններ»,- ասել էր Փաշինյանը։ Սակայն հիմա՝ 2025-ի մայիսի 18-ին, նա պաղպաղակ է բաժանում երեխաներին։ Կարելի՞ է ասել, որ ՔՊ քաղաքականությունը տապալվել է։
Սկզբունքային ի՞նչ նմանություն կա գյուղացիներին տուկի թել բաժանելու և Շինուհայրի երեխաներին պաղպաղակ հյուրասիրելու միջև։ Երկու դեպքում էլ կատարվել է բարի գործ։ Մարդկանց տրվել է այն, ինչի ցանկությունն, ակնկալիքը նրանք այդ պահին հայտնել, ակնարկել են, այսինքն՝ ողորմություն է տրվել։ Եթե տուկի թել, բրինձ բաժանելը քննադատության էր արժանանում նախկինում, ապա նույն սկզբունքային քննադատության է արժանի նաև «պաղպաղակ փարթին»։
«Տժվժիկ» ֆիլմի վերջում Ներսես ախպարը Նիկողոս աղայի վրա է նետում տավարի լյարդը, քանի որ Նիկողոս աղան ամենուր մանրամասնորեն պատմում էր Ներսես ախպարին մի անգամ արած հյուրասիրության մասին։ Այս պատմվածքի խորհուրդն այն է, որ ցուցադրական բարեգործությունը վիրավորական է, նվաստացուցիչ։ Նույնպես նվաստացուցիչ է երեխաներին պաղպաղակ հյուրասիրելու մասին տեսանյութ հրապարակելը, այդ մասին բոլորին պատմելը։
Բռնապետների ժողովրդականությունը բարձրացնելու հարցում ներգրավում են երեխաներին, փորձում տպավորություն ստեղծել, թե բռնապետը բարի է, երեխա սիրող, հոգատար։ Հյուսիսային Կորեան հակաքաղաքակրթական առանցքի երկիր է։ Ազգային տոնին բռնապետի անունից երկրի բոլոր երեխաներին մեկական կոնֆետ են նվիրում։ Այս ակցիան լայնորեն լուսաբանվում է։ Բոլորը բռնապետին հրապարակավ փառք են տալիս, երկար կյանք մաղթում, որ նա երեխաներին տարին մեկ անգամ մեկական կոնֆետ է հյուրասիրում։ Այս առումով էլ՝ «պաղպաղակ փարթին» հակաժողովրդավարական ասոցիացիա է առաջացնում։
«Պաղպաղակ փարթին» շատ էժան ակցիա էր։ Տեսանյութում երևում է, որ դրա վրա ծախսվեց ընդամենը 15 հազար դրամ։ 15 հազար դրամով հաջողվեց տպավորություն տարածել, թե վարչապետն առատաձեռն է, բարի, հյուրասեր, երեխաների հանդեպ հոգատար, սիրառատ։ Եթե արձագանքները առավելապես դրական լինեն, ապա առաջիկա ամռան ամիսներին մարզային այցերը կուղեկցվեն «պաղպաղակ փարթիներով»։ Այս տեսանյութը դիտած երեխաները հենց Փաշինյանին տեսնեն իրենց գյուղում, վրա կտան, կշրջապատեն ու պաղպաղակ կուզեն։ Նա էլ չի խառնվի, ինչպես Շինուհայրում, կուղևորվի խանութ, գրպանի անկյունում պահած 20 հազար դրամանոցը կպարզի ու երեխաներին կհյուրասիրի պաղպաղակ, իսկ հետո այդ մասին տեսանյութեր կհրապարակի։ Այսինքն՝ կկրկնվի նույն քննադատելի բանը։
Կարճ ասած՝ եթե «պաղպաղակ փարթին» Նիկոլ Փաշինյանի ժողովրդականությունը բարձրացնելու նպատակ չէր հետապնդում, ապա այդ մասին տեսանյութ չէին պատրաստի ու չէին հրապարակի սոցցանցերում։ Եթե այն զուտ հյուրասիրություն էր կամ ողորմություն, ապա Փաշինյանն այն պիտի աներ ծածուկ, ինչպես հորդորում են հոգևոր հայրերը։ Հետևապես՝ եթե ՔՊ-ում սկզբունքային մարդիկ կան, որոնք քաղաքացիական արժանապատվությունը կարևոր են համարում, ապա «պաղպաղակ փարթին» քննադատության կարժանացնեն, գուցե նաև առաջնորդի ընտրության հարց բերեն օրակարգ։
Թաթուլ Մկրտչյան