Երևան +12°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:21 06-08-2021

Կարեն Անդրեասյանի հակառակ կողմը․ ինչ էր նա ասում 2011 թվականին

Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժի իրավունքի խախտման դեպքերին, և, ըստ էության, դրանք արդարացրել՝ ասելով, որ եթե իրավապահ մարմինները գտել են, որ անվտանգության խնդիր կա, ապա պետք է հարգել նրանց այդ որոշումը։

Անդրեասյանը հիշատակել է նաև Նաիրի Հունանյանին ՝ ասելով, որ նա լրագրող է եղել, և այսօր էլ «Կարող են լինել վարձկաններ, որոնք կարող են թաքնվել լրագրողի կերպարի տակ»։ Սրան զուգահեռ, հիշեցնենք, որ Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց պաշտոնյաներին ուղղված վիրավորանքը քրեականացնող օրինագիծ, որի նպատակը կրկին լրատվամիջոցների դեմ ճնշումներ գործադրելն է։

Կարեն Անդրեասյանը, որն այսօր արդարացնում է ազատ խոսքի դեմ իշխանությունների ոտնձգությունները, ժամանակին՝ 2011 թվականին, երբ նա Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն էր, լրիվ այլ դիրքերից էր հանդես գալիս, նույնիսկ իշխանություններին հորդորներ էր անում․ «Լինելով վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման ու դրանց քաղաքացիաիրավական կարգավորման գաղափարի հեղինակը` ցանկանում եմ ևս մեկ անգամ արտահայտել իմ դիրքորոշումը: Լրագրողին կամ որևէ այլ անձի սուտ կամ վիրավորական խոսքի համար չի կարելի ենթարկել քրեական պատասխանատվության, սակայն գոյություն չունի ժողովրդավարական որևէ մի պետություն, որտեղ մարդն իրավունք չունենա զրպարտության կամ վիրավորանքի համար պահանջել բարոյական փոխհատուցում: Այժմ խոսքի ազատության և մարդու արժանապատվության պաշտպանությունը կախված է դատավորների՝ միջազգային չափանիշներին համապատասխան մեր այս օրենսդրության պատշաճ կիրառումից։

Ի դեպ, Հայաստանում խոսքի ազատության իրավունքի վերաբերյալ իր դիտարկումներ նա սկսել էր հետևյալ տողերով. «Երբ մեկը ցանկանում է լռեցնել ազատ խոսքը կամ վնասել անկախ մամուլին, պետք է հստակ պատկերացնի, որ իր ծանր օրերին՝ իր իրավունքների խախտման ժամանակ, անպայման զգալու է լրագրողների ու մամուլի պաշտպանության կարիքը: Երբ գոնե մեկ մարդ հեռուստացույցով, մամուլով, նաև այլ եղանակներով հնարավորություն չունի ստանալ իր ճաշակին և ընկալմանը հարիր լրատվություն ու քաղաքական վերլուծություն, ապա տվյալ հասարակությունում բազմակարծության և ժողովրդավարության հետ կապված լուրջ խնդիր կա»:

Փաստորեն 10 տարիների ընթացքում Կարեն Անդրեասյանի պատկերացումները խոսքի ազատության մասին փոխվել են, մնում է նրան հիշեցնել իր խոսքերը․ «Երբ մեկը ցանկանում է լռեցնել ազատ խոսքը կամ վնասել անկախ մամուլին, պետք է հստակ պատկերացնի, որ իր ծանր օրերին՝ իր իրավունքների խախտման ժամանակ, անպայման զգալու է լրագրողների ու մամուլի պաշտպանության կարիքը»։