Երևան +15°
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 22:00 28-02-2024

ԲԴԽ նախագահը դեռ 2016-ին էր դեմ Արցախին. ինչ կապ կա Կարեն Անդրեասյանի և զոհված Հրաչյա Հովհաննիսյանի միջև

Ուղիղ 15 օր առաջ՝ փետրվարի 13-ին, Ներքին Հանդի տարածքում տեղակայված մարտական դիրքում թշնամու կրակոցից զոհված 67-ամյա Հրաչյա Հովհաննիսյանը 2016 թվականին քառօրյա պատերազմին կամավոր մասնակցելու նպատակով աշխատանքի չներկայանալու պատճառով աշխատանքից ազատվել էր, իսկ այդ որոշումը կայացրել էր այժմ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Կարեն Անդրեասյանի անմիջական մասնակցությամբ և ձեռամբ։

Հրաչյա Հովհաննիսյանը մինչև 2016 թվականը երկար տարիներ զբաղեցրել է «Մելլաթ» բանկի Իրավաբանական բաժնի պետի պաշտոնը։

Երբ սկսվել է քառօրյա պատերազմը, նա անմիջապես կամավորագրվել և մեկնել էր Արցախ՝ առաջնագիծ։

Մեկնելու օրը տեղեկացրել էր և՛ աշխատակազմի ղեկավարին, և՛ Կարեն Անդրեասյանին, որը ՄԻՊ պաշտոնից հեռացվելուց հետո զբաղեցնում էր «Մելլաթ» բանկի նախագահի խորհրդականի պաշտոնը։

Մինչ ապրիլյանը` Կարեն Անդրեասյանը նախաձեռնել էր բանկի իրավաբանական բաժնի լուծարման գործընթաց՝ իրավաբանական սպասարկումը իր և այժմյան արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պատկանող АМ փաստաբանական գրասենյակին պատվիրակելու նպատակով։

Ուստի Հրաչյա Հովհաննիսյանի կողմից առաջնագիծ գնալը առիթ հանդիսացավ վերոնշյալ նախաձեռնությունը «գլուխ բերելու» համար, և Հրաչյա Հովհաննիսյանին ազատեցին աշխատանքից «առանց հարգելի պատճառի աշխատանքի չներկայանալու» համար։

Հրաչյա Հովհաննիսյանի կողմից դատարան ներկայացված հայցադիմումը դեռևս 2016թ․ բավարարվել է, հրամանն անվավեր է ճանաչվել, իսկ «Մելլաթ» բանկը Հրաչյա Հովհաննիսյանին վճարել է հարկադիր պարապուրդի և նախկին աշխատանքին վերականգնելու անհնարինության համար փոխհատուցում։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է բանկի բողոքը, իսկ վճռաբեկ դատարանը նույնիսկ վարույթ չի ընդունել այն։

«Հենց առաջին օրը դիմում է գրել, բանկին տեղյակ է պահել և գնացել է Արցախ։

Բանկում թույլտվություն չէին տվել, ինքն իր հաշվին արձակուրդ էր ձևակերպել ու 1 ամիս մնացել էր Արցախում։ Այսինքն՝ կռիվն ավարտվել էր, բայց մնացել և մարտական հերթապահություն էր իրականացրել։

Այդ ընթացքում Հրաչյային աշխատանքից ազատեցին անօրինական ձևով։ Այն ժամանակ Կարեն Անդրեասյանն էր «Մելլաթ» բանկի նախագահի խորհրդականը։

Աշխատանքից ազատման հրամանի մեջ, եթե չեմ սխալվում գրել էին՝ «անօրինական զինված ստորաբաժանումների կազմում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դեմ պատերազմական գործողությունների մասնակցելու պատրվակով անօրինական բացակայությունների համար է ազատվել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց զոհված Հրաչյա Հովհաննիսյանի ազգականը։

Նրա խոսքով՝ այս ամենից հետո Կարեն Անդրեասյանը գործը փոխանցել է АМ փաստաբանական գրասենյակին, որի սեփականատերերից մեկն էլ ինքն է։

«2 տարի տևած դատական գործընթացներից հետո 3 դատական ատյաններով «Մելլաթ» բանկը պարտվեց։ Հրաչյան փոխհատուցում ստացավ և այդ գումարից 3 միլիոնից ավելին փոխանցեց Զինվորների կյանքի ապահովագրության հիմնադրամին»,- եզրափակեց զոհված Հրաչյա Հովհաննիսյանի ազգականը։

Ի դեպ, ապրիլյան պատերազմին մասնակցության համար Հրաչյա Հովհաննիսյանը պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով։

Վերոնշյալ տեղեկություններն մանրամասն կարելի է ծանոթանալ datalex.am կայքում, գործի համար՝ ԵԿԴ/1939/02/16։

Ամենից շատ դիտված