Oragir.News-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 19-ին,
ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ահազանգ է ստացել, որ Կաթնաղբյուր գյուղի 6-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր ժամանած քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները մարել են կրակը, որից հետո տան ծխապատ հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի։
Oragir.News-ի հետ զրույցում Կաթնաղբյուրի վարչական ղեկավար Գևորգ Մկրտչյանը հայտնեց, որ մահացած տղամարդը գյուղի բնակիչ է եղել, տարեց՝ շուրջ 72-73 տարեկան։ Նա ապրել է որդու հետ, սակայն դեպքի պահին որդին Երևանում է գտնվել՝ աշխատանքի վայրում։
«Տղան աշխատանքից տուն է վերադարձել և տեսել, որ հայրը մահացած է։ Մինչ այդ՝ ոչ ոք ոչինչ չի նկատել։ Դեպքի հանգամանքները դեռ պարզ չեն, քննություն է իրականացվում»,- ասաց Գևորգ Մկրտչյանը։
Վարչական ղեկավարը հավելեց, որ չի տիրապետում հանգուցյալի առողջական վիճակին վերաբերող մանրամասներին։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզում են իրավապահները։