Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 16:52 01-01-2025

Ռուսական անօդաչուների հարձակումից վիրավորում ստացածներից մեկը հղի կին է

«Լուսադեմին 63 անօդաչուներ ընկել են բնակելի շենքերի վրա։ Ցավոք սրտի՝ 6 վիրավոր ունենք, ովքեր տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, ընդ որում՝ վիրավորում ստացածներից մեկը հղի կին է»,-Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց Ուկրաինայի հայերի միությունը նախագահ Դավիթ Մկրտչյանը։

Մկրտչյանի փոխանցմամբ՝ վիրավորների մեջ հայեր չկան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կիևի վրա հունվարի 1-ի առավոտյան: Ինչի հետևանքով կան վիրավորներ։

«Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերական կայուն է, բայց ամեն օր էլ նման հարձակումներ լինում են։ Լինում են օրեր, երբ հրթիռակոծվում է ամբողջ Ուկրաինան։ 3 տարի է պահպանվում է պատերազմի ինտենսիվ լարված վիճակը»,-շարունակում է Ուկրաինայի հայերի միության նախագահը։

Դավիթ Մկրտչյանի խոսքով` դեռևս չի երևում պատերազմի ավարտը, համենայնդեպս դրա համար այս պահին գոնե նախադրյալներ չկան։

Ուկրաինայի հայերի միության նախագահի փոխանցմամբ` ուկրաինա-ռուսական պատերազմում զոհված հայերի թիվը 70-ից ավելի է։

Ինտենսիվ մարտերը շարունակվում են Դոնեցկի, Խարկովի, Խերսոնի, Զապորոժիեի մարզերում։