Ուղիղ եթեր
ՔՊ-ից կհեռացվի՞ նախկինների որդիների ընկեր Փամբուխչյանը
copy image url

ՔՊ-ից կհեռացվի՞ նախկինների որդիների ընկեր Փամբուխչյանը

Միտք Ներքին 6 ամիս առաջ - 10:35 22-12-2024
Թավշյա հեղափոխության առաջին օրերից պարզ դարձավ, որ նախկինների նկատմամբ անողոք հետապնդումներ են լինելու։ Սակայն քչերն էին պատկերացնում, թե ինչքան հեռու կարող է գնալ ՔՊ-ն։ Ժամանակը ցույց տվեց, որ նրանց ատելության թիրախում ոչ միայն նախկին պաշտոնյաներն են, նրանց հարազատները, փոխկապակցված անձինք, այլև նախկինների որդիների ՔՊ-ական ընկերները։

Օրեր առաջ թերթերից մեկը գրեց, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզել է, որ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) որդուց մեքենա է նվեր ստացել, ինչպես նաև ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդու հետ մտերիմ հարաբերություններ ունի և օգտվում է առատաձեռն նվիրատվություններից: Թերթը նաև հայտնել էր, որ այս մասին Փաշինյանին ասել է ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը:

Այս հրապրակումներին ի պատասխան, Երևանի փոխքաղաքապետը հանդես եկավ պարզաբանող գրառմամբ, ընդգծելով, որ իր դեմ պատվիրված արշավ է ընթանում:

«Նախ ուզում եմ ասել, որ Հակոբ Հակոբյանի որդին՝ Խաչատուրը, իմ մտերիմ ընկերներից է, որի հետ ունենք նաև ընտանեկան հարաբերություններ, ումից երբեք գույք նվեր չեմ ստացել: Ինչ վերաբերում է Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթին, նրան նույնպես ճանաչում եմ՝ նախ որպես նույն թաղամասի բնակիչ, ում հետ ներկայում ունեմ բարիդրացիական հարաբերություններ, և երբեք որևէ նվեր թե՛ միջնորդավորված, և թե՛ ուղիղ չեմ ստացել: Ըստ այդմ, թե՛ նախկինում, թե՛ ներկայում նվերի մասին խոսակցություններն ուղղակի անհեթեթություն են»,- գրել է նա:

ՔՊ շարքերից կհեռացվե՞ն նախկինների որդիների հետ ընկերություն անողները, թե՞ ՔՊ-ի վերաբերեմունքը նախկինների հանդեպ կփոխվի։

Նախկին իշխանությունների 2 խումբ է առանձնակի հալածանքի ենթարկվել։ Առաջին խմբում ներառվում են քաղաքական գործիչները, որոնք ռեալ մրցակից են կամ առնվազն կարող են մրցակցության խորհրդանիշ դառնալ։ Երկրորդ խմբում գործարարներ են, որոնք փոխարդյունավետ համագործակցել են նախկին իշխանությունների օրոք, զբաղեցրել նաև քաղաքական պաշտոններ։

Երկրորդ խմբի մարդիկ իրական ժողովրդականություն ունեն, հանրային հեղինակություններ են։ Նախկինում նրանք իրենց ժողովրդականությունը վերածում էին ոչ թե քաղաքական, այլ զուտ ֆինանսական կապիտալի, որը ծառայում էր նաև նախկինների քաղաքական, խմբային հետաքրքրություններին, իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք՝ ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի ծրագրերին։

Տարբերությունն այն է, որ նախկինների օրոք այս մարդիկ յուրային էին, իսկ Փաշինյանի օրոք հալածվում են։ Տասնյակ նախկին պաշտոնյա-գործարարների վերաբերյալ քրեական վարույթներ կան։ Նրանց հանդեպ հանրային ատելություն է գեներացվում։ Սակայն նախկինների հետ գործակցած բազմաթիվ գործարարներ կան, որոնք փրկագին են վճարում պարբերական նվիրատվությունների տեսքով և ազատվում հանիրավի հետապնդումներից։

Երևանի փոխքաղաքապետի շուրջ հյուսված մանիպուլատիվ պատմության շուրջ հանրային քննարկումները հանգում են երկու իրարամերժ վարկածի։

Առաջինը՝ ենթադրվում է, որ այս թեմայի առանցքում ակնարկն է, թե ՔՊ-ական պաշտոնյայի և նախկինների հետ գործակցած գործարարների որդիների ընկերությունը նորմալ է։ Ու եթե մինչ օրս նաև նախկինների հարազատներն էին ՔՊ-ի ատելությանն արժանանում, ապա այս պատմությամբ ակնարկվում է, որ վերաբերմունք է փոխվել, և նախկինների որդիները չեն հալածվելու։ Ավելին՝ ակնարկվում է, որ նախկինների որդիները կարող են ընկերություն անել ՔՊ-ականների հետ, ինչու չէ՝ նաև զբաղեցնել պաշտոններ, ինչպես հայրերն են ընկերություն արել նախկինների հետ ու զբաղեցրել պաշտոններ։

Երկրորդ վարկածով ենթադրվում է, որ ՔՊ-ի ներսում ակտիվանում են միմյանց ուտողները։ Ժողովրդի հանդեպ հեղափոխական ատելությունն ավելի է սրվելու։ Ու հալածանքի են ենթարկելու ոչ միայն նախկիններն ու նրանց որդիներն, այլև որդիների հետ ընկերություն անող ՔՊ-ականները։

Պարզ ասած՝ եթե Արմեն Փամբուխչյանի հարցն առաջիկայում չդրվի ՔՊ սեղանին, ու նրան չորակեն դավաճան, կնշանակի՝ նախկինների հետ հաշտության դուռ է բացվում։ Իսկ եթե Արմեն Փամբուխչյանին, ինչպես նաև նախկինների որդիների, հարազատների, բարեկամների, հարևանների հետ ընկերություն անող կամ թեկուզ հեռվից գլխով բարևող ՔՊ-ականներին կհամարեն դավաճան ու կհեռացնեն կուսակցությունից, ապա ՔՊ-ն կթևակոխի բռնաճնշումների 2-րդ փուլ, որի սկզբում կհալածվեն թիմակիցները, իսկ հետո բոլոր այն քաղաքացիները, որոնք ինքնուրույն՝ առանց Փաշինյանին հարցնելու, կընտրեն ընկերներ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված