Վերջին տարիներին տարբեր գերատեսչությունների մամուլի խոսնակները դադարել են ԶԼՄ-ներին մամուլի հաղորդագրություններ ուղարկել և բավարարվում են միայն սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ Ֆեյսբուքում տվյալ հաղորդագրությունը տեղադրելով։
Իհարկե կան նաև գերատեսչություններ, որոնց մամուլի ծառայություններն իրենց աշխատանքը շատ լավ են կատարում։
Վերջերս այս թեմայի վերաբերյալ համացանցում քննարկում ծավալվեց, և ոլորտի մասնագետները նշեցին, որ այստեղ աշխատում է «Ձեզ պետք է, դուք էլ գտեք» սկզբունքը։
Ըստ այդմ՝ գերատեսչությունների լրատվական ծառայություններն այս մեխանիզմով մի քանի խնդիր են փորձում լուծել։
Նախ մամուլի հաղորդագրությունները ուղարկելուց հետո ստիպված չեն լինում հավելյալ ժամանակ ծախսել և հետևել, թե որ լրատվամիջոցը այն տեղադրեց, որը՝ ոչ։
Երկրորդ՝ օտար հարթակներում շատ մեծ է քննադատական մեկնաբանությունների հավանականությունը, որը մամուլի խոսնակը չի կարող ջնջել։
Խնդիրներից մեկն էլ վերաբերում է քննադատական մեկնաբանություններին և հարկ եղած դեպքում դրանց արձագանքելուն։ Ուստի՝ ստեղծել այնպիսի վիճակ, որ այդ քննադատությունը իսպառ բացակայի՝ շատ հարմար է
Բացի այդ, ֆեյսբուքյան հարթակում տեղադրվածը հնարավոր է ջնջել, կամ փոփոխել, ինչը հնարավոր չէ անել ուղարկված մամուլի հաղորդագրության պարագայում։ Թեև այս պարագայում էլ, գրեթե միշտ ինչ-որ մեկին հաջողվում է «սքրիշոթ» անել և հարկ եղած դեպքում՝ որպես ապացույց ներկայացնել։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ, մեդիափորձագետ Արթուր Պապյանի հետ։ Վերջինս նշեց, որ, եթե լրատվամիջոցները ունեն պահանջ, որպեսզի կոմունիկացիան լինի էլեկտրոնային փոստի միջոցով, ապա գերատեսչությունների լրատվության վարչությունները և մամուլի խոսնակները պարտավոր են ապահովելու դա։
«Անկեղծ ասած՝ ես միայն տեսել եմ Աննա Իսրայելյանի գրառումը այս թեմայի վերաբերյալ, քանի որ վերջին շրջանում լրագրությամբ չեմ զբաղվում, նման բողոքներ չեմ ստացել ու չգիտեմ՝ որքանով է այդ քանակը նվազել կամ ավելացել։ Ամեն դեպքում, հարգելի գործընկերոջս՝ Աննա Իսրայելյանին վստահում եմ և հասկանում եմ, եթե բարձրաձայնել է, իսկապես մտահոգիչ երևույթ է։
Կա որոշակի ակնկալիք պետական մարմիններից՝ խոսնակներից, լրատվամիջոցների հետ աշխատելու հարմար եղանակներով, այլ ոչ թե հակառակը՝ հարկադրելու, որ լրատվամիջոցներն իրենց հարմարվեն։ Այսինքն՝ եթե խոսնակները տեսնում են, որ կա պահանջ, կա կարիք լրատվամիջոցներից, որպեսզի իրենք էլեկտրոնային փոստով կոմունիկացնեն, ապա պետք է դա ապահովվի։ Եթե լրագրողներն ունեն դժգոհություն խոսնակներից, ապա դա նշանակում է, որ խոսնակներն իրենց գործը լավ չեն կատարում։ Սա միանշանակ։ Օրինակ, եթե լրագրողը հարցում է ուղարկում և պահանջում է պատասխան էլեկտրոնային փոստով, չի կարող խոսնակը դրան պատասխանել Ֆեյսբուքի միջոցով, դա ճիշտ չէ։
Եթե տեսնում ենք, որ մեր գործընկերները՝ լրագրողները, խնդիր են տեսնում, որ այդ կոմունիկացիան Ֆեյսբուքով է արվում, կարծում եմ, որ խոսնակների պարտավորությունն է այնպես անել, որպեսզի լրատվամիջոցներն իրենց հարմար ձևով ստանան կոմունիկացիան։ Սա ինձ համար միանշանակ է, որովհետև խոսնակի դերը այն չէ, որ Ֆեյսբուքով գրառումներ անի, այլ այն, որպեսզի գերատեսչության դիրքորոշումները, գնահատականները, կարծիքները հասնի լրատվամիջոցներին։ Եթե իրենք դա չեն հասցնում, այլ միայն բավարարվում են ամերիկացի գործարարի ստեղծած հարթակում հրապարակումներ անելով, կարծում եմ՝ արդար չէ»,- նշեց Արթուր Պապյանը։