Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամի լուծումը գտել է իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը օրերս սոցցանցի իր էջում խոսել է այդ լուծման մասին՝ նշելով, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ։
Նա նաեւ
նշել է, որ Գյումրիում քաղաքապետի ԺՊ կնշանակի, ինչից հետո կկազմակերպվեն նախնական ընտրություններ։
Փաշինյանը երեկ խոսել է նաեւ ինքնաառաջադրման ժամկետներից, որը մինչև դեկտեմբերի 2-ն է։
Թեմայի վերաբերյալ
Oragir.News-ը զրուցել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանի հետ։
«Ես պատասխանատվություն վերցնելու խնդիր չունեմ՝ Գյումրիում ստեղծված իրավիճակից ելնելով։ Վերջնական որոշում դեռ չունեմ, թղթերը չեմ ուղարկել, բայց ամենայն հավանականությամբ կմասնակցեմ, կլսեմ վարչապետի հորդորը»,-
Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը։
Առուշանյանի խոսքով` փրայմերիզը Հայաստանում առաջին անգամ է կատարվելու, բնականաբար անակնկալ էր։
«Միանշանակ կողմ եմ և համաձայն եմ վարչապետի դիրքորոշման հետ։ Սա ևս մեկ քայլ է ուղղված ժողովրդավարությանը, ամեն դեպքում գյումրեցին է որոշելու, թե ով է լինելու իր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը և հետագայում նաև թեկնածուն։
Հաջորդ փուլում, երբ լինեն ընտրություններ, այդ ժամանակ էլ էլի գյումրեցին է քվե տալու այն քաղաքական ուժին, որին կուզենա, որ քաղաքը կառավարի»,-ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը։
Դավիթ Առուշանյանը, անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի անվան շուրջ բարձրացած աղմուկին, ասում է. «Մամուլում տարածված տեղեկությունները պարոն Սարուխանյանը հերքել է, նույնիսկ խիստ անձնական բժշկական փաստաթուղթ է հրապարակել, որը կարող էր չհրապարակել։ Ինչ մնում է թեկնածու փոխելուն, դա ես այնքան էլ չեմ ընկալում, որովհետև ոչ թե թեկնածու է փոխվել, այլ ժամանակավոր պաշտոնակատարի համար քննարկումներ են լինելու։ Պարոն Սարուխանյանը ևս հնարավորություն ունի մասնակցելու այս պրոցեսին»։
Առուշանյանը այն կարծիքին չէ, որ ժամանակավոր պաշտոնակատարը որևէ առավելություն կունենա ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նկատմամբ։
«Իմ պատկերացմամբ՝ ժամանակավոր պաշտոնակատարը պիտի լծված լինի քաղաքում ստեղծված խնդիրների լուծմամբ։ Պաշտոնակատարը պետք է իր ամբողջ ռեսուրսը դնի քաղաքը այս իրավիճակից դուրս բերելու համար, իսկ մյուս թեկնածուները ժամանակ ունեն քարոզչություն անելու»:
Առուշանյանն ընդգծում է, որ արդեն վեց տարի Հայաստանում ընտրությունները ընթանում են արդար եւ ժողովրդավար։
Նրա խոսքով` վարչական ռեսուրս, լծակ հնարավոր չէ օգտագործել, որովհետև իրավիճակ է փոխվել եւ ՀՀ քաղաքացին հասկանում է, որ իր քվեի տերը ինքն է։