Ուղիղ եթեր
Մորուքով քահանա, սափրված սատանա 
copy image url

Մորուքով քահանա, սափրված սատանա 

Ներքին Միտք 5 ամիս առաջ - 09:49 16-11-2024
Վարչապետի սափրվելը շատերին հիմք տվեց ենթադրելու, որ էական բան է փոխվելու առաջիկայում։ Նույնիսկ կարծքներ հնչեցին, թե Փաշինյանը հոգնել է ոչ միայն մորուսից, այլև պաշտոնից և մտադիր է հրաժարական տալ ու ընդդիմադիր դառնալ։ Փաշինյանի համակիրների մեծ մասը ափսոսանք հայտնեցին, որ իրենց սիրելի առաջնորդը սափրվել է, վերստին մտնելով նախահեղափոխական, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կերպարի մեջ։ Իսկ ոմանց մոտ տագնապ էր առաջացրել նրա անսովոր տեսքը, կասկած հարուցելով, որ նա չարանալու է, բարկություն է թափելու ժողովրդի գլխին։

Իրականում՝ սափրվելու մեջ արտառոց ոչինչ չկա։ Սակայն պետություն ներկայացնող վարչապետի իմիջի ամեն մի մանրուք նշանակություն ունի։ Նույնիսկ կին քաղաքական գործիչները ձեռնպահ են մնում իմիջի կտրուկ փոփոխությունից։ Դրանից զատ պետության ղեկավարին դեմքով ճանաչում է ամբողջ աշխարհը։ Պատկերացրեք՝ վաղը Պուտինը կապույտ ներկի մազերը, Էրդողանը դաջվածք անի երեսին, իսկ Ալիևն ականջող կախի։ Աներկբա է, որ դա համընդհանուր ծիծաղ կառաջացնի։

Այս առումով՝ ենթադրելի է, որ Նիկոլ Փաշինյանը սափրվել է ժողովրդին զվարճացնելու համար։ Այդ է վկայում նաև հրապարակված տեսանյութը, որտեղ նա աչքով է անում։ Ժողովուրդը շատ աղետների միջով է անցել նրա պատճառով։ Եվ ահա, նա, կարծես, փորձում է փոքր ինչ զվարճացնել մարդկանց։

Չի բացառվում, որ համաշխարհային կառավարությունը, կամ ինչպես ասում են՝ աշխարհը կառավարող մութ ուժերը փորձարկում են անում, փորձելով կոտրել պետությունների ղեկավարների իմիջին վերաբերող կարծրատիպերը, իմաստազրկել իմիջային սիմվոլները և այլն։ Եթե այս ենթադրությունը ճիշտ է, ապա առաջիկայում Հայաստանի պես մեկ այլ երկրի ղեկավար ևս կփոխի իմիջը, չելենջը կփոխանցվի մի երկրի ղեկավարից մյուսին։ Սա կարող է համարվել յուրատեսակ ցույց, որով ղեկավարները կակնարկեն, որ իրենք ազատ են, կաշանդված չեն, սովորական մարդկանց պես կարող են կամայականորեն փոխել իրենց իմիջը, նույնիսկ համարձակ տեսքով ներակայանալ հանրությանը։ Այսպիսի չելեջնին սկզբում կմասնակցեն ազատական գործիչները, հետո այն կտարածվի նաև մյուս ժողվրդավար երկրներում։

Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի սափրվելը կարող է հեղափոխական խթան հանդիսանալ։ Սակայն չի բացառվում, որ այն որևէ շարունակություն չունենա՝ ո՛չ Պուտինը կապույտ կներկի մազերը, ո՛չ Էրդողանը կդաջի երեսը, ո՛չ էլ Ալիևն ականջող կկախի։ Այս պարագայում էլ Փաշինյանը կարող է հանդիմանել նրանց, որ այդքան խիզախություն չունեն իրենց իմիջն ազատորեն փոփոխելու հարցում։

Մեկ այլ վարկած էլ է շրջանառվում հանրային խոսույթում։ Շատերն այն կապում են նախընտրական մրցապայքարի հետ։ Կանխատեսելի է, որ հիմնական մրցակիցները լինելու են Նիկոլ Փաշինյանն ու Բագրատ Սրբազանը։ Վերջինս քահանային բնորոշ ավանդական մորուքով է և հանդես է գալիս արմատական կարգախոսերով, օրինակ՝ տաճարը կհաղթի փողոցին, ոգին հաղթելու է դուխին, հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին, ճշմարտությունը հաղթելու է ստին և այլն, որոնք արմատական փոփոխություններ են ենթադրում։ Չեն կարող երկու անհաշտ մրցակիցները նույն իմիջով հանդես գալ ժողովրդի առաջ։ Շփոթություն կարող է առաջանալ։ Կա՛մ Փաշինյանը պետք է սափրվեր, կա՛մ Սրբազանը։ Ենթադրվում է, որ Սրբազանը կտրուկ մերժել է սափրվելու միտքը։ Եվ Փաշինյանը ստիպված սափրվել է, որ մրցակցային շփոթություն չառաջացնի, մարդիկ դեմքով տարբերեն իրենց ընտրյալներին։ Ու քանի որ Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին համեմատում է Նեռի հետ, ապա այս մրցակցության կազմակերպիչները, որոնք ենթադրաբար՝ Կրեմլում են նստած, նոր ընկընտրանք կառաջարկեն ՀՀ ընտրողներին, որը կձևակերպվի այսպես՝ «մորուքով քահանա՞, թե՞ սափրված սատանա»։

Հանրային խոսույթում շրջանառվում է նաև չարագուշակ կանխատեսում։ Շատերն են հիշում, թե ինչ անպատասխանատու և ատելությամբ լի ելույթներ էր ունենում ընդդիմադիր Փաշինյանն այն ժամանակ, երբ սափրվում էր։ Այդ ժամանակ իշխանությունները սափրված Փաշինյանի ելույթները բանի տեղ չէին դնում, համարում էին պոպուլիստական դատարկախոսություն։ Ենթադրվում է, որ ներկայում սափրված Փաշինյանը նույնպիսի անպատասխանատու և ատելությամբ լի ելույթներ է ունենալու։ Բայց քանի որ հիմա նա վարչապետ է, ապա ոչ ոք չի կարող նրա խոսքը բանի տեղ չդնել։

Այլ կերպ ասած՝ վարչապետ Փաշինյանը փորձելու է վրեժ լուծել այն կառույցներից, որոնց ղեկավարները մի ժամանակ սափրված Փաշինյանին բանի տեղ չէին դնում։ Այդ պատճառով է նա մտել ընդդիմադիր Փաշինյանի իմիջի մեջ, որ ախնա քննադատի իր կառավարության անդամներին և ստիպի նրանց անել բաներ, որ վերջիններս վատ զգան։ Այս ենթադրությունը մասամբ հաստատվեց նոյեմբերի 15-ի կառավարության նիստում, երբ նա մոտ 25 րոպե ամոթանք էր տալիս դատաիրավական համակարգի, ուժային կառույցների ղեկավարերին, պահանջում ավելի խիստ միջոցներ կիրառել այն կոռուպցիոների դեմ, որոնք հանրային կարծիքով «պատասխանատվության ենթակա են», բայց առավոտից իրիկուն սրճարաններում ու ռեստորաններում քեֆ են անում։ Այս առումով՝ նրա նոր՝ սափրված իմիջը կարելի է անվանել նեոպոպուլիստական, որի մեջ նա զարգացնելու է նույն պոպուլիստական նարատիվները, բայց դրանց հանրայնացմանը մասնակից է դարձնելու նաև դատաիրավական համակարգին ու հանրային կարծիք ստեղծողներին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
17:50 Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղաքացին 5 անչափահաս երեխա ուներ
22:59 Նրանք կարող են 1-ին դասարան ընդունվել 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
18:24 Կարենը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին. մանրամասներ` հոսանքահարված զինվորի մասին
16:48 Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել․ հայտնի է ինքնությունը
15:04 Հրաշքներ լինում են. Անահիտ Մանուկյանը՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին
13:42 Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ խոսակցությունների համաձայն՝ ձկնորսներից 1-ը ջրահեղձ է եղել
15:12 Կարիքից ելնելով մեր համայնքում չոբանություն էր անում․ մանրամասներ՝ Արջուտի ողբերգական դեպքից
23:35 Մայիսի 13-ին լույս չի լինի Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում
19:04 Մեղրիում էր ծառայում, մեկ տարին նոր էր լրացել․ նոր մանրամասներ՝ հոսանքահարված զինվորի մասին