Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:14 13-11-2024

2025 թ․ Բուենոս Այրեսում նախատեսվում է «Թումո» կենտրոնի հիմնում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի կրթության նախարար Մարիա դե լաս Մերսեդես Միգելին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է Բուենոս Այրեսի կրթության նախարարին և կարևորել Հայաստանի և Արգենտինայի միջև առկա բարեկամական ու բազմակողմանի հարաբերությունների խորացումն ու զարգացումը, լավագույն փորձի փոխանակմանը միտված նախաձեռնությունների խրախուսումը: Այս համատեքստում նախարարը կարևորել է մասնավորապես հայաստանյան կրթական լավագույն բրենդներից մեկի՝ «Թումոյի» կրթական մոդելի տարածումն ու հասանելիությունը նաև Բուենոս Այրեսի պատանիների համար՝ շեշտելով, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ 2025 թվականին Բուենոս Այրեսում նախատեսվում է «Թումո» կենտրոնի հիմնում:

Բուենոս Այրեսում հիմնվող «Թումո» կենտրոնն առաջինն է Հարավային Ամերիկայում. այն շուրջ 3000 պատանու հնարավորություն կընձեռի ոչ ֆորմալ մասնագիտական կրթություն ստանալու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անիմացիան, խաղերի ստեղծումը, երաժշտությունը, ռոբոտաշինությունը, ֆիլմերի ստեղծումը, գրաֆիկական դիզայնը, 3D մոդելավորումը, ծրագրավորումը և այլն:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև արգենտինահայ համայնքի դերակատարությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Անդրադառնալով Բուենոս Այրես քաղաքի կրթության նախարարության հետ կրթության ոլորտում համագործակցության զարգացմանը՝ ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման, նորարար լուծումների կիրառման բնագավառում փոխհամագործակցության, ուսումնական հաստատությունների միջև կապերի ընդլայնման հնարավորությունները:

Ժաննա Անդրեասյանը նաև ներկայացրել է ՀՀ-ում տեխնոլոգիական կրթության զարգացմանը միտված ծրագրերը, որոնք հետաքրքրություն են առաջացրել տարբեր միջազգային հարթակներում: Նախարարը անդրադարձել է ՀՀ դպրոցներում իրականացվող ռոբոտաշինության և ինժեներական «Արմաթ» լաբորատորիաներին, «ՔՈԱՖ» ոչ ֆորմալ կրթական կենտրոնին, ինչպես նաև 16 ավագ դպրոցներում 2023 թ. սեպտեմբերից մեկնարկած «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագրերին: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ այս տարվա սեպտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում «Թվային կրթության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում ներկայացվել է ՀՀ հանրակրթական դպրոցներում արհեստական բանականության (ԱԲ-ի) ոլորտի խորացված կրթության ներդրման փորձառությունը. ծրագիրը մեծ արձագանք է ստացել միջազգային գործընկերների շրջանում, որը փաստում է Հայաստանի ներուժը դպրոցական մակարդակում խորացված ԱԲ կրթության ներդրման և կրթական նորարարության առաջնորդման ասպարեզում:

Անդրադառնալով ՀՀ-ում կրթության բովանդակության բարելավման նպատակով հաստատված հանրակրթության պետական նոր ​​չափորոշչին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ 2021-2022 ուսումնական տարվանից այն փորձնական ներդրվել է Տավուշի մարզի դպրոցներում, իսկ Համաշխարհային բանկի իրականացրած անկախ գնահատման զեկույցի համաձայն՝ նոր չափորոշչով սովորողների շրջանում երկու տարվա ընթացքում կրթության դինամիկայի 6 ամսվա աճ է գրանցվել:

Բուենոս Այրես քաղաքի կրթության նախարար Մարիա դե լաս Մերսեդես Միգելը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ կառավարության՝ նորարարական կրթության ջատագով լինելու նախաձեռնողականությունը: Նա ցանկություն է հայտնել ուսումնասիրել մեր երկրի փորձն այս ուղղությամբ: Մարիա դե լաս Մերսեդես Միգելը նշել է՝ Արգենտինայում ևս կրթական ակտիվ բարեփոխումներ են ընթանում, այդ թվում նախագծային ուսուցման ներդրման ուղղությամբ, որին կնպաստի նաև «Թումո» կրթական մոդելը:

Բուենոս Այրեսի կրթության նախարարը ողջունել է նաև Հայաստանի պատրաստակամությունը՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) աշակերտների միջազգային գնահատման «PISA» ծրագրին՝ ընդգծելով, որ աշակերտների բնագիտության և մաթեմատիկայի կարողությունների գնահատման տեսանկյունից այն կարևոր հարթակ է:

Ընդգծելով ԲՏՃՄ ուղղություններով կրթության կարևորությունը՝ Մարիա դե լաս Մերսեդես Միգելը նշել է կանանց ներգրավվածության բարձրացման հարցը՝ որպես մարտահրավերային խնդիր: ԿԳՄՍ նախարարը շեշտել է՝ Հայաստանում ևս այն առանձին քաղաքականության թիրախ է:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նախադպրոցական կրթության ուղղությամբ փորձի փոխանակման հնարավորություններին, ուսուցիչների և սովորողների կարողությունների զարգացմանը միտված ծրագրերին: Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
17:04 Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում