Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը։
Այսօր ուսումասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի և նրա կնոջ՝ Քրիստինա Հունանյանի հայտարարագրերը։
Հիշեցնենք, որ Արման Եղոյանը 2018-ի իշխանափոխությունից հետո դարձավ Նիկոլ Փաշինյանի խոսնակը, իսկ արդեն նույն թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավոր ընտրվեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակով։ 2021-ին նույնպես Եղոյանին հաջողվեց պատգամավոր ընտրվել, ավելին՝ ընտրվեց նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Որպես անշարժ գույք՝ Եղոյանը հայտարարագրել է բաժնային՝ ½ սեփականությամբ բնակարան՝ Երևանում, որը ժառանգություն է ստացել 2021 թվականի նոյեմբերի 10-ին, միանձնյա սեփականությամբ հողամաս՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում, որը գնել է 2020-ի օգոստոսի 21-ին, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ ավտոտնակ՝ Երևանում, որը նույնպես ժառանգություն է ստացել՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ին։ Տարվա ընթացքում Եղոյանն իր հողամասի մի մասը նվիրատվություն է կատարել կնոջը, իսկ անշարժ գույքի մնացած մասը նույնությամբ պահպանվել է։
Արման Եղոյանը 90 օրից ավելի տիրապետում է մի բնակարանի, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, նույնպես Եղոյանը չի ունեցել, սակայն հայտարարագրել է, որ 90 օրից ավելի տիրապետում է 2016 թվականի արտադրության MAZDA մակնիշի ավտոմեքենայի, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։
Եղոյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 3․906․960,44 դրամ, տարեվերջին՝ 2․561․519,97 դրամ։ Նա ունեցել է նաև 150 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին դարձել է 100 հազար դրամ։
Հաշվետու տարում ՔՊ-ական պատգամավորի եկամուտները կազմել են 47 մլն 441․944 դրամ, որից 11 մլն 964․104 դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 1 մլն 258․620 և 569․220 դրամը՝ Ինեկոբանկից, 5 մլն և 27 մլն դրամը՝ Հայէկոնոմ բանկից վարկերի տեսքով ստացած փոխառությունը։ Բացի այդ, նա 1 մլն 650 հազար դրամ նվիրատվություն է ստացել իր քրոջից՝ Նոնա Եղոյանից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 058․704 դրամ։
Նա իր եկամուտներից 9 մլն 589.868 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։
Պատգամավորի կինը՝ Քրիստինա Հունանյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է ամուսնուց նվիրատվություն ստացած հողամասը, որին տիրապետում է բաժնային՝ ½ սեփականությամբ։ Նա նույնպես 90 օրից ավելի տիրապետում է մի բնակարանի, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։
Հունանյանը շարժական գույքի բաժնում հայտարարագրել է 2010 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը գնել էր 2019 թվականի ապրիլի 22-ին, որը 2023-ի հունիսի 19-ին 3 մլն 120 հազար դրամով վաճառել է, ապա օրեր անց՝ հունիսի 23-ին, գնել 2016 թվականի արտադրության MAZDA մակնիշի ավտոմեքենա, որը տարեվերջին պահպանվել է։
Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 30.030 դրամ, տարեվերջին՝ 155.5 դրամ և 47.9 եվրո։ Նա ունեցել է 100 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 70 հազար դրամ։
Հաշվետու տարում Քրիստինե Հունանյանի եկամուտները կազմել են 4 մլն 820.950 դրամ, որից 3 մլն 120 հազար դրամը մեքենան օտարելու արդյունքում ստացված եկամուտն է, 1 մլն 217.950 դրամը՝ Յունիփեք ընկերությունից ստացած աշխատավարձը, 300 հազար դրամը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված միանվագ վճարը, 183 հազար դրամը՝ Հայէկոնոմ բանկից վարկերի տեսքով ստացված փոխառությունը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 170.789 դրամ։