6 անշարժ գույք, 3 մեքենա, 30 մլն դրամ և 20 հազար դոլար անկանխիկ, 33․8 մլն եկամուտ․ Վարդենիսի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը
copy image url

6 անշարժ գույք, 3 մեքենա, 30 մլն դրամ և 20 հազար դոլար անկանխիկ, 33․8 մլն եկամուտ․ Վարդենիսի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը

Ներքին 9 ժամ առաջ - 22:00 15-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի և նրա կնոջ՝ Էլմիրա Խաչատրյանի՝ 2023 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Նշենք՝ Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետ է ընտրվել 2022 թվականի մարտի 16-ին։ Ահարոն Խաչատրյանն ընտրվել էր դեռևս 2021-ի դեկտեմբերի 30-ի ավագանու նիստում, սակայն ՔՊ-ն վիճարկել էր նրա ընտրությունը, դատարանն էլ մասնակի էր բավարարել հայցը, ինչից հետո մարտի 16-ին ավագանու արտահերթ նիստ կայացավ և Խաչատրյանը վերընտրվեց իր պաշտոնում։

Որպես անշարժ գույք՝ Ահարոն Խաչատրյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 5 հողամաս՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Դարանակ և Տորֆավան համայնքներում, ևս մեկ հողամաս Վանևան համայնքում՝ համատեղ սեփականությամբ, համատեղ սեփականությամբ նորակառույց շինություն՝ Վանևանում, ինչպես նաև բնակարան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որոնք նա ձեռք է բերել 2003-2019 թվականներին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ Խաչատրյանը հայտարարագրել է 2 TOYOTA մակնիշի ավտոմեքենա՝ 2006 և 2014 թվականի արտադրության, ինչպես նաև 1982 թվականի արտադրության KAMAZ մակնիշի բեռնատար, որոնք ձեռք է բերել համապատասխանաբար 2007 թվականի նոյեմբերի 2-ին, 2015 թվականի մայիսի 23-ին և 2001 թվականի մայիսի 15-ին։ Տարեվերջին նրա շարժական գույքը ևս նույնությամբ պահպանվել է։

Խաչատրյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 30 մլն դրամ և 20 հազար դոլար, որը տարեվերջին պահպանվել է։ Բացի այդ, նա ունեցել է 2․5 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 30 մլն 633․752 դրամ, որից 5 մլն 833․800 դրամը Վարդենիսի համայնքապետարանից ստացած աշխատավարձն է, 20 մլն դրամը՝ բնամթերային ձևով ստացած եկամուտը, 4 մլն 799․952 դրամն էլ՝ Ֆլեշ ընկերությունից վարձակալության դիմաց ստացած եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլն դրամ։

Խաչատրյանն իր եկամուտներից 6 մլն դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին, 3 մլն դրամ էլ՝ գյուղատնտեսական գործունեության հետ կապված ծախսերին։

Համայնքապետի կինը՝ Էլմիրա Խաչատրյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է հողամաս, հասարակական նշանակության և նորակառույց 1-ական շինություն՝ Վանևանում և Տորֆավանում, ինչպես նաև բնակարան՝ Երևանում, որոնց նա տիրապետում է համատեղ սեփականությամբ՝ ամուսնու հետ։ Տարեվերջին նրա անշարժ գույքը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Խաչատրյանը չի հայտարարագրել։

Էլմիրա Խաչատրյանն առևտրային բանկերից մեկում ունեցել է 5 մլն դրամ անվանական արժեքով ավանդ, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Վերջինս կանխիկ և անկանխիկ միջոցներ չի հայտարարագրել։

Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 3 մլն 220․848 դրամ, որից 1 մլն 120․026 դրամը Վանևանի միջնակարգ դպրոցից, 1 մլն 707․072 դրամը՝ Տորֆավանի «Հրաշք պարտեզ» մանկապարտեզից ստացած աշխատավարձն է, 393․750 դրամը՝ «Վիվա Արմենիա» ընկերությունից ստացած այլ եկամուտը։

Ամենից շատ դիտված

17:19 Ամուսինները տանը հանկարծամահ են եղել․ նախնական տվյալներով՝ մարինացված վարունգից․ ՆԳՆ
08:35 Վերջնաժամկետն՝ այսօր. ինչ են որոշել արցախցիները․ Հրապարակ
07:45 Ամեն ինչ արվելու է, որ ավագանին քվորում չունենա. ՔՊ-ն էլ իր սեփական պլաններն ունի. Ժողովուրդ
22:21 Շմոլ գազ, ոչ թե թթու վարունգ․ նոր մանրամասներ՝ Տավուշում ամուսինների մահվան դեպքից
22:00 6 անշարժ գույք, 3 մեքենա, 30 մլն դրամ և 20 հազար դոլար անկանխիկ, 33․8 մլն եկամուտ․ Վարդենիսի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը
16:18 Եթե մի գեղեցիկ օր Մինգեչաուրը վթարվի, ապա մոտ 10 000 քառ․ կմ տարածք կհայտնվի ջրի տակ
08:28 Սյունիքի համայնքապետերը ջերմ շփվել են Փաշինյանի հետ, ճաշել միասին․ Հրապարակ
10:10  Արցախցին եկել է հանգստանալու, զորանալու և կրկին հետ գնալու, Արցախի էջը չի փակվել․ Կարապետ Պողոսյան
16:10 Կանայք, տղամարդիկ, ապա ընտանիքները․ Աննա Հակոբյանի ընթրիքը կարժենա մինչև 3,5 մլն դրամ
14:46 Ժողովուրդ ջան, մենք թողնում ենք, գնացեք, ում ուզում եք՝ ընտրեք ու վայելեք. բայց չեք վայելելու