Հումանիստների առանցքային գաղափարն էր, որ մարդը դառնա բարձրագույն արժեք։ ՀՀ սահմանադրության մեջ 2015-ին ավելացավ 3-րդ հոդվածը, որով սահմանվում է, որ ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք է։ Օրեր առաջ այս բարձրագույն արժեքը քացու տակ ընկավ։
Հոկտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանը մի հատված է հրապարակել օրեր առաջ կարդացած իր բանախոսությունից ու գրել․ «Մարդը բարձրագույն արժեք է։ Չկա մարդ, չկա արժեք: Ցանկացած ուրիշ բան, որին մենք սովոր ենք և ընդունված ենք համարել արժեք, առանց մարդու զրո է: Կա մարդ, հայրենիքը արժեք է, չկա մարդ, հայրենիքը չի կարող արժեք լինել, որովհետև հայրենիքը մարդով է հայրենիք»:
Այսպիսով՝ Փաշինյանն աշխարհում չլսված մեկնաբանություն է հաղորդում «Մարդը բարձրագույն արժեք է» խոսքին։ Ինչո՞ւ է այսպիսի թյուրըմբռնում տարածում կարևոր, քաղաքակրթական նշանակություն ունեցող արժեքի վերաբերյալ։
Առաջին հայացքից ենթադրելի է, որ Փաշինյանն այս խոսքը նոր է փորձում մարսել, բայց ձախողվում է, քանի որ անհարկի պրիմիտիվացնում է, շրջանցելով դրա խորհուրդը, քաղաքակրթական նշանակությունը, առաջ բերելով տխուր ժպիտ։ Կա նաև կարծիք, թե նա էժանագին մանիպուլյացիայով միտումնավոր խեղում է երիտասարդների պատկերացումները։ Սա վրդովվեցնող է։
«Չկա մարդ, չկա արժեք» խոսքը երիտասարդների մոտ կարող է առաջացնել թյուրըմբռնում։ Նրանք կարող են կարծել, թե երբ իրենք չկային, արժեք չկար, և երբ չլինեն, արժեք չի լինի։ Այնինչ՝ մարդը բարձրագույն արժեք էր, երբ Փաշինյանը չկար։
Եթե նկատի ունենանք, որ առաջին արժեքները թելադրվել են Աստծո կողմից, ապա Փաշինյանի ասածի հետևում կա քողարկված ակնարկ, թե՝ «Չկա մարդ, չկա Աստված»։ Սա սուբյեկտիվ իդեալիստական մոտեցում է, որն ընդօրինակել են աթեիստները։ Այս առումով՝ Փաշինյանի ասածը հակասության մեջ է նրա սիրած՝ «Ամեն իշխանություն Աստծուց է» հին ու հայտնի խոսքի հետ։
Հաջորդիվ նույն սուբյեկտիվ տրամաբանությունն է՝ «Ցանկացած ուրիշ բան, որին մենք սովոր ենք և ընդունված ենք համարել արժեք, առանց մարդու զրո է»: Այս վտանգավոր նախադասության փոխարեն, կարելի էր պարզապես ասել, որ արժեքը կրողը մարդն է։ Ուսապարկը, դուխով գլխարկը, հեծանիվը, ոչխարը չեն կարող արժեք կրող լինել։ Նկատենք, որ արժեքը զրո որակելը պոստմոդեռնիստական մոտեցում է, որը բնորոշ է նեոանարխիստներին։ Այս առումով էլ Փաշինյանի ասածը նաև հակապետական քարոզ է։
Շատ վտանգավոր է ասելը՝ «Կա մարդ, հայրենիքը արժեք է, չկա մարդ, հայրենիքը չի կարող արժեք լինել»։ Եթե բոլորն այսպես մտածեն, ապա հայրենիքի ազատության, անկախության համար ոչ ոք չի կռվի։ Հազարավոր մարդիկ զոհվել են վերջին պատերազմներում։ Եթե զոհվածների հարազատները Փաշինյանի նման մտածեն, ապա կարող են ասել՝ «Եթե իմ հարազատ մարդը չկա, ապա հայրենիքն էլ չկա»։
Եվ վերջապես՝ «Մարդը բարձրագույն արժեք է» խոսքին անդրադարձող քաղաքական գործիչները, բարոյախոսները, հումանիստները նշում են, թե ի՞նչ են արել կամ ի՞նչ են մտադիր անել, որ մարդը լինի՝ լավ լինի, ազատ լինի, անվտանգ, բարեկեցիկ, ապահովված, երջանիկ լինի, և այլն։ Իսկ Փաշինյանը նույն խոսքը դիտում է հակառակ կողմից, որտեղ մարդը չկա։ Սա ևս ցույց է տալիս, որ նա փորձում է հասկանալ այս խոսքի իմաստը, բայց հակառակ տրամաբանությամբ, ինչը վտանգավոր է ոչ միայն իր, այլև իրեն լսողների համար։
Կարճ ասած՝ Փաշինյանը գիտակցված կամ թյուրիմացաբար շարունակում է գրոհները արժեքների դեմ։ Սարսափելի է պատկերացնելը, թե այսպիսի հակագիտական, սուբյեկտիվ իդեալիստական, տրամաբանությանը հակասող պրիմիտիվ թեզերով կրթվող մարդը վաղը, քաղաքական, պետական պաշտոն զբաղեցնելով, ինչ սխալ է գործելու ու ինչ վնաս պատճառելու ժողովրդին ու պետությանը։ Այս առումով՝ լավատեսները թույլ հույս են փայփայում, որ երիտասարդները Փաշինյանի ասածները լուրջ չեն ընդունում, չեն լսում։
Թաթուլ Մկրտչյան