Բելառուս․ Հայաստանի թշնամուն զինող «ռազմավարական դաշնակիցը»
copy image url

Բելառուս․ Հայաստանի թշնամուն զինող «ռազմավարական դաշնակիցը»

Արտաքին Ներքին Միտք 6 ամիս առաջ - 21:00 15-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հավաքական անվտանգության կազմակերպությունում պաշտոնապես Հայաստանի Հանրապետության դաշնակիցը համարվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաճախ է հանդես գալիս հակահայկական հռետորաբանությամբ, ՀՀ-ին մեղադրում սեփական դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ՝ ընդհուպ մինչև վիրավորանքներ հնչեցնում և այլն։ Լուկաշենկոն առիթը բաց չի թողնում հիշեցնելու, որ ինքը ժամանակին Հայաստանին առաջարկել էր 5 միլիարդ դոլարի դիմաց Արցախի հարակից 7 շրջաններից 6-ը՝ բացառությամբ Լաչինը, հանձնել Ադրբեջանին, իսկ կարգավիճակի հարցը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն հայկական կողմը մերժել է իր առաջարկը, ինչն իր համար անհասկանելի է եղել։

Լուկաշենկոյի հակահայկական հռետորաբանությունը նոր թափ ստացավ այս տարվա մայիսից հետո, երբ վերջինս բռնազավթված Շուշիում խոստովանեց, որ իր երկիրը մասնակցություն է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի սանձազերծմանը, իսկ Հայաստանի իշխանություններն ու նրանց խոսափողները այս խոստովանությունն անարձագանք չթողեցին։ Զարմանալիորեն Լուկաշենկոյի հայտարարությունից սրտնեղել էր նաև Նիկոլ Փաշինյանը, ով հանրությանը խոստացավ, որ այլևս երբեք չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Հիշեցնենք, որ սա նույն Փաշինյանն է, ով շատ հաճախ չի արձագանքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վիրավորանքներին՝ ուղղված Հայաստանին, հայ ժողովրդին և անձամբ իրեն, և ով նախորդ տարի չխորշեց Թուրքիա մեկնելուց ու այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց, ով 44-օրյա պատերազմում Ադրբեջանի գլխավոր դաշնակիցն էր և անթաքույց աջակցություն էր ցուցաբերում այս երկրին։

Բնականաբար Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը մեղավորության իրենց բաժինը ունեն, որ Լուկաշենկոն կամ առհասարակ աշխարհի որևէ այլ երկրի ղեկավար իրենց թույլ են տալիս Հայաստանի և հայ ժողովրդի մասին անհարգալից տոնով խոսել, վիրավորանքներ հնչեցնել, սակայն ցանկանում ենք մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրել այն բանին, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակցի նման վարքագիծն ամենևին էլ պայմանավորված չէ ՀՀ իշխանությունների գործողություններով։ Այլ հարց է, որ ՀՀ իշխանությունները կամա թե ակամա լեգիտիմացնում են Լուկաշենկոյի վարքագիծը և թույլ տալիս, որ վերջինս հայ ժողովրդի հասցեին անհարգալից արտահայտվի։

«Հետք»-ի մեր գործընկերները նախօրեին Բելառուսի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր էին հրապարակել, որոնցում տեղ գտած պայմանավորվածություններն ու դրանց կյանքի կոչումը վկայում են, թե ինչպես է Բելառուսը վերջին տարիներին սպառազինություն մատակարարել և զինել Ադրբեջանին, որի գլխավոր թիրախը եղել ու շարունակում է մնալ Հայաստանը։ Ավելի վաղ էլ լրատվամիջոցը գրել էր Բելառուսի կողմից Ադրբեջանին մատակարարված ռազմական նշանակության մի շարք ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին՝ հրապարակելով բելառուսական ձեռնարկությունների` 2017-2023 թթ. որոշ պաշտոնական նամակներ՝ ուղղված միմյանց և ադրբեջանական կողմին:

Հատկանշական է, որ Բելառուսը ինչպես 44-օրյա պատերազմին նախորդած, այնպես էլ հաջորդած ժամանակաշրջաններում, ահռելի սպառազինություն է մատակարարել ու առ այսօր շարունակում է մատակարարել՝ դրա դիմաց միլիոնավոր դոլարների շահույթ ստանալով։ Բացի այդ, Լուկաշենկոյի ռեժիմը չի սահմանափակվել միայն սպառազինության մատակարարմամբ, այլև արդիականացրել է Ադրբեջանի զինանոցում գտնվող մյուս զինատեսակները, վերապատրաստել է ադրբեջանցի մասնագետներին, որպեսզի վերջիններս ճշգրիտ կերպով օգտագործեն իրենց մատակարարված սպառազինությունը ու օկուպացնեն Արցախի Հանրապետությունը, այնուհետև՝ ՀՀ ինքնիշխան տարածքը։ Այլ կերպ ասած՝ Բելառուսն ամեն կերպ նպաստել է ՀԱՊԿ-ում իր դաշնակցի՝ Հայաստանի պարտությանը, այժմ էլ ամեն ինչ անում է, որ ՀՀ-ն իր մեջքը չկարողանա ուղղել և այդ պարտությունն անշրջելի դառնա։

Չենք սխալվի, եթե պնդենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայից և Իսրայելից հետո Ադրբեջանին ամենամեծ ռազմատեխնիկական աջակցությունը հենց Բելառուսն է ցուցաբերել, ինչն իր ազդեցությունն է ունեցել պատերազմի ելքի վրա։ Բելառուսական սպառազինությամբ Ադրբեջանը հարվածում էր ոչ միայն ռազմական օբյեկտներին, այլ խաղաղ բնակավայրերին, այդ թվում Ստեփանակերտին, ինչը մեծ վնասներ էր պատճառում Արցախի ենթակառուցվածքներին, ինչպես նաև անկումային տրամադրություններ առաջացնում բնակչության շրջանում։

Այսպիսով՝ Բելառուսի իշխանությունները, ովքեր առ այսօր շարունակում են զինել Ադրբեջանին, հերթական անգամ ի ցույց են դնում Հայաստանի կողմից սեփական դաշնակիցներին ու նրանց հետ ունեցած դաշնակցային հարաբերությունները վերաարժեվորելու անհրաժեշտությունը, որպեսզի եթե այդ հարաբերությունները չեն նպաստում առկա անվտանգային խնդիրների լուծմանը, ապա առնվազն նոր մարտահրավերներ չստեղծեն ու չվտանգեն իր կենսունակությունը։ Ցավոք սրտի որքան էլ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե այս ուղղությամբ քայլեր ձեռնարկում են, պետք է արձանագրենք, որ վերջիններս պարզապես իմիտացիա են անում, ինչը ոչ մի կերպ չի նպաստում առկա խնդիրների լուծմանը։ Ավելին՝ նման գործողություններով Հայաստանը, առանց իրական այլընտրանքներ ունենալու, ՀԱՊԿ անդամ երկրներին լարում է իր դեմ՝ զուգահեռաբար լեգիտիմացնելով վերջիններիս պարտավորությունների չկատարումը։

Ցավալի է նաև, որ Հայաստանի քաղաքական դաշտի առանցքային դերակատարները՝ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր, առ այս պահը չեն արձագանքել «Հետք»-ի հիշյալ հրապարակմանը ու չեն դատապարտել Բելառուսի իշխանությունների գործողությունները, համենայն դեպս մեզ չհաջողվեց նմանաբովանդակ հայտարարություններ գտնել։ Այս դեպքում լավատեսորեն կարող ենք ակնկալել, որ վերջիններս դեռևս չեն հասցրել ծանոթանալ հրապարակմանը, իսկ ծանոթանալուց հետո անշուշտ կդատապարտեն Հայաստանի դաշնակցի նման ոչ դաշնալցային գործելակերպը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան
23:41 Հիմա դժվար է խոսել մեր հերոսների մասին՝ մսխված հայրենիք, պարտություն, թշնամու առաջ խոնարհում
08:35 Քասախցիները կրկին  փակել են Աշտարակ-Երևան մայրուղին. ՈւՂԻՂ