Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:37 07-10-2022

Արցախը լրիվ միայնակ է մնացել, միակ դաշնակիցը Ռուսաստանն է. Մետաքսե Հակոբյան

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Սա նոր հայտարարություն չէ, դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած Հայաստանի իշխանությունները առանց թաքցնելու ամենինչ տանում էին դեպի դրան»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարության» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն՝ խոսելով տարածված հայտարարության մասին, ըստ որի Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

Հիշեցնենք՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն, որում ասվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

«Ուղղակի գնալով ավելի համոզիչ, ավելի հստակ ասեցին այդ մասին, երեկ չէ, որ ՀՀ իշխանությունները տարածեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ավելի դիպուկ այդ մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց այս թվականի ապրիլի 13-ին ԱԺ բարձրագույն ամբիոնից, երբ ասաց որ Միջազգային հանրությունը պահանջում է Արցախի նշաձողը իջեցնել, խոսեց նաև մեր ազգային ինքնորոշման իրավունքից, որը խեղաթյուրեց, դրեց լուրջ կասկածի տակ։ Այդ ժամանակ արդեն ակնհայտ էր, որ Հայաստանի իշխանությունները, ոչ թե պատրաստ են ճանաչել, այլ արդեն իսկ ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախն էլ ներառելով այդ ամբողջականուէյան մեջ»,- ընդգծեց Հակոբյանը։

Ըստ Հակոբյանի գնալով հստակեցվում է այն փաստաթուղթը, որը Փաշինյանը պատրաստվում է ստորագրել։ «Հիմա բոլորս ենք հասկանում, որ կա այդ փաստաթուղթը, կամ ձևակերպումների մեջ է, որը Հայաստանի վարչապետը միանշանակ ստորագրելու է»,- ասաց նա։

Խոսելով առաջարգվող տարբերակների մասին Հակոբյանն ասաց. «Երեկ ակնհայտ դարձավ, որ Փաշինյանը մեջքով շրջվեց դեպի Ռուսաստանը և թեքվեց դեպի Եվրոպա, Արևմուտք և պատրաստ է կատարել նրանց պահանջները, որտեղ այդ ամբողջականությունը ճանաչելու և խաղաղության օրակարգ գնալու համար Արցախը դիտարկվում է, որպես Ադրբեջանի մաս, իսկ Ռուսաստանի տարբերակում, բնականաբար, այդպես չէ»։

Հարցին, թե ի՞նչ եք կարծում Արցախը նման հայտարությունից հետո ինչպե՞ս է հանդես գալու Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում, Հակոբյանն ասաց. «Փաշինյանի երեկվա պահվածքից պարզվեց, որ Արցախը միայնակ է, և միակ Դաշնակիցը, որպես այդպիսին Ռուսաստանի Դաշնությունն է, և քանի որ սա մեր համար նորություն չէր, և մենք այս ողջ ընթացքում պատրաստվել ենք նաև այս ելքին, դիտարկել ենք երկու սցենար, առաջին՝ որտեղ նշված կլինի, որ տարածքային ամբողջականությունը ճանաչում են առանց Արցախի, քանի որ դեռևս բանակցային գործընթաց պետք է տեղի ունենա և Արցախի կարգավիճակը հստակեցվի՝ պատերազմով չի հստակեցվել, եթե այս կետը կա ուրեմն կարելի է շարունակել բանակցությունները, եթե այս կետը չկա և տարածքային ամբողջականությունը ճանաչվում է Ադրբեջանի մաս այդ սցենարը ևս դիտարկվել է։ Այս երկու սցենարների դեպքում էլ Արցախը ունի պլաններ, որոնք հետագայում կհստակեցվեն և պարզ կդառնա՝ ինչ ենք անելու»։

Ձեզ գուցե հետաքրքրի