Ժողովուրդն ուզո՞ւմ է միջանցք տրամադրել ու իր գլխին աղետ բերել
copy image url

Ժողովուրդն ուզո՞ւմ է միջանցք տրամադրել ու իր գլխին աղետ բերել

Ներքին Միտք 7 ամիս առաջ - 22:00 09-10-2024
2020-ի Նոյեմբերի 9-ի հայտարարությունը միջազգային իրավունքի ուժ չունեցող փաստաթուղթ է։ Այն վավերացված չէ ստորագրող երկրների կառավարությունների, խորհրդարանների, ՍԴ-ների կողմից, ինչպես արվում է միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի պարագայում։ Այն միջազգային ռեեստրում գրանցված չէ, վավերացում չունի։ Հետևաբար՝ այն խախտելը միջազգային որևէ պարտավորություն, պատասխանատվություն չի ենթադրում։ Սակայն Ռուսաստանը կրկին ակնարկում է Նոյեմբերի 9-ի 9-րդ կետի՝ Սյունիքով անցնելիք միջանցքի մասին, հաստատելով, որ դրա գլխավոր շահառուն ինքն է և ընդգծելով, որ Հայաստանի ապաշրջափակումը տեսնում է միայն ռուսական միջնորդությամբ։

Հոկտեմբերի 8-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով նաև Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է, հայտարարել է, թե Հայաստանը պաշտոնապես հետ չի կանչել իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրից, որը ստորագրել են Երևանը,Մոսկվան ու Բաքուն, և որը նպաստել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատմանը: Օվերչուկը նաև դժգոհել է, թե տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունում մոտ մեկուկես տարի առաջընթաց չկա, ապա վստահություն է հայտնել, թե ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։

Ինչու՞ է տրտնջում ՌԴ փոխվարչապետը, և ի՞նչ տեսանելի է առաջընթաց կա այս հարցում։

Թեև հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խումբը նիստեր չի անում, սակայն ամեն ինչ ընթանում է ռուսական պլանով։ Ապրիլ-մայիսին տեղի ունեցած պիլոտային սահմանազատումը Տավուշի մարզում տեղի ունեցավ ռուսական պահանջով։ Սկզբում Լավրովը հայտարարեց այդ մասին, որից հետո Ադրբեջանի փոխվարչապետը վերջնագիր ներկայացրեց, այնուհետև Նիկոլ Փաշինյանը սկսկեց Տավուշի սահամանամերձ տարածքների հանձնման գործընթացը։ Ուշագրավ է, որ Տավուշի գյուղերի թեման եղել է Նոյեմբերի 9-ի թղթի նախանական տարբերակում։

Պիլոտային սահմանազատումից ոգևորվածները սկսեցին քննարկել նաև Սյունիքով միջանցքի, կամ ինչպես չբարեկամներն են ասում՝ «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Նիկոլ Փաշինյանի քննադատությամբ հանդես եկող բազմաթիվ գործիչներ ասում են, թե լավ կլիներ, եթե ՀՀ-ն կատարեր նաև Նոյեմբերի 9-ի 9-րդ կետով ստանձնած պարտավորությունն այնպես, իինչպես դա ակնկալում են ռուսները։

Ռուսական շահերի տեսանկյունից սա իրական առաջընթաց է։ Մինչև Տավուշի սահմանամերձ տարածքների հանձնումը, խորհրդարանական ընդդիմությունն ու նրան հարող գործիչները թեև չէին խոսում Նոյեմբերի 9-ի չեղարկման, կամ Փաշինյանի ստորագրությունը հետ վերցնելու անհրաժեշտության մասին, սակայն նաև հրապարակավ չէին ասում, թե ՀՀ-ն պետք է կատարի ստանձնած պարտավորությունն ու բավարարի ռուսական պահանջները։

Օվերչուկի ակնարկն ուղղված է առաջին հերթին այս ուժերին՝ որոնց շարքում են ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններում ներառված կուսակցությունները, դրանց առաջնորդներն, ինչպես նաև՝ ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Ուղերձն ուղղված է նրանց, որ ցանկացած հարթակում նրանք ոչ միայն պաշտպանեն Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած Հայաստանի պարտավարությունն, այլև ընդգծեն, որ ապաշրջափակումն ու խաղաղությունը հնարավոր են միայն ռուսական միջնորդությամբ։ Այսինքն՝ Նոյեմբերի 9-ի 9-րդ կետը պաշտպանողների մեծ ընդհանրություն է գոյացել Հայաստանում։

Նկատենք, որ այս հարցում ընդդիմության և Նիկոլ Փաշինյանի մոտեցումներն շատ չեն տարբերվում։ Չնայած՝ Նոյեմբերի 9-ի զինդադարի մասին հայտարարության առաջինից ութերորդ կետերը խախտվել են, սակայն Փաշինյանը հետ չի վերցնում իր ստորագրությունը այդ թղթի տակից։ Ավելին՝ հայտարարում է, որ պատրաստ է ճանապարհ տրամադրել ռուս-թուրք-ադրբեջանական չբարեկամներին, և հանդիմանում ռուս-ադրբեջանցիներին 9-րդ կետը տարընթերցելու մեջ։

Իսկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Սրբազան շարժման առաջնորդը հոկտեմբերի 2-ին Հ1-ի եթերում չասաց, որ Նոյեմբերի 9-ը չեղարկելու է, հետ է կանչելու Հայաստանի ստորագրությունն այդ թղթի տակից։ Այսինքն՝ չկա հիմք պնդելու, որ եթե Սրբազանը վաղը դառնա վարչապետ, ապա Նոյեմբերի 9-ի վերաբերյալ անելու է այլ բան, քան Նիկոլ Փաշինյանը։

Պարզ ասած՝ ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ Նոյեմբերի 9-ի առաջինից ութերորդ կետերի խախտումը մինչև վերջ անլրջացրել է այդ թղթի ուժը, և միայնակ մնացած 9-րդ կետն ուզում են կյանքի կոչել Մոսկվան, Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանական ընդդիմությունը։ Այսինքն՝ Օվերչուկը կարող է ասել, որ ՀՀ-ում այս պահին քաղաքականություն որոշողները իր հետ համամիտ են։

Այստեղ բաց է մնում ընդամենը մեկ հարց։ Սրբազան շարժման մասնակից ժողովրդի կողմից բարձրացվող ճշմարտության հաղթանակի և հոգևոր Հայաստանի մասին նպատակները Նոյեմբերի 9-ի հայտարարության հետ աղաղակող հակասություն ունե՞ն, թե՞ համահունչ են։ Այս հարցը դեռ պարզ չէ։ Կյանքի մեծ մասն Աստծուն ու եկեղեցուն նվիրած Բագրատ Սրբազանը, որին վստահում ու հետևում է ժողովրդի մի մասը, չի պարզեցնում շարժման դիրքորոշումը Նոյեմբերի 9-ի վերաբերյալ, ինչը հիմք է տալիս կասկածելու, որ ոչ միայն քաղաքականություն որոշողներն, այլև ժողովուրդն էլ է համաձայն Նոյեմբերի 9-ի վերաբերյալ Օվերչուկի ակնկալիքներին, ուզում է բավարարվել ռուսների պահանջը, Սյունիքը կտրող ճանապարհ տրամադրել չբարեկամներին ու ինքն իր գլխին աղետ բերել։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված