Անարխիստներն ու գործակալներն՝ ընդդեմ ազգայինի ու Փաշինյանի
copy image url

Անարխիստներն ու գործակալներն՝ ընդդեմ ազգայինի ու Փաշինյանի

Միտք Ներքին 7 ամիս առաջ - 09:00 25-09-2024
Հանրային քննարկման ներկայացված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի լրամշակված նախագիծն ընդհանուր վրդովմունք է առաջացրել «ազգային» բառը հանելու պատճառով։ Կրթության որոշ փորձագետների կարծիքով՝ ՔՊ-ական իշխանությունները հերթական անգամ ցուցադրում են իրենց քաղաքական տգիտությունը։ Ոմանց կարծիքով՝ սա անարխիստական դեմարշ է։ Իսկ հոռետեսները կասկած են հայտնում, որ 5-րդ շարասյունը թափանցել է ԿԳՄՍՆ և դավադրություններ է հյուսում։

Տգիտության վարկածը թույլ է, քանի որ 6 տարի քաղաքականություն որոշողը քաղաքականապես այսքան տգետ չի կարող լինել։ Քաղաքական պատասխանատվության գիտակցումը նրանց կմղեր ինքնակրթության։ Հետևաբար՝ ուշադրության են արժանի անարխիստական և դավադրության վարկածները։

Նախքան նախագծին անդրադառնալը, նշենք, որ մարդկության պատմության մեջ եղել է մեկ անարխիստական պետություն՝ Հուլյայպոլեի Անարխիստական Հանրապետությունը, որի հիմնադիրն ու ղեկավարը հայտնի անարխիստ Նեստոր Մախնոն էր։ Մաքս Շտիռներն ու մյուս դասական անարխիստները կարծում էին, որ մարդը պետության, իշխանության կարիք չունի։ Մարդը կարող է ապրել, աշխատել առանց պետության։ Դասական անարխիզմը արհամարհում է ազգային արժեքները։ Սոցիալիստական բոլոր հոսանքներից ամենաինտերնացիոնալը անարխիստականն է, ըստ որի՝ պետությունները, ազգային միավորները մարդու համար չարիք են։

Ազգայինի դեմ ուղղորդված գրոհներ են կազմակերպում նաև զավթիչները, որոնք ձգտում են նվաճված երկրի ժողովրդի գիտակցությունից ջնջել անկախության, պետություն ունենալու, ազգային հավակնություններ զարգացնելու, ազգային արժեքները պահպանելու մասին մտքերը։ Իսկ կայսրությունները իմաստափոխում են ազգային բառի նշանակությունը, այն ամփոփելով ինքնության պահպանման կամ ծագումն ընդգծելու շրջանակով։ Օրինակ՝ խորհրդային բռնազավթման տարիներին «ազգային» բառն իմաստախեղվել է զավթիչների կողմից։ Կարճ ասած՝ ազգայինի դեմ ցանկացած գրոհ ազգային անվտանգային սպառնալիք է։

Նկատենք, որ աշխարհի բազմաթիվ լեզուներում ազգը և պետությունը հոմանիշներ են։ Օրինակ՝ Միավորված ազգերի կազմակերպության անդամ են պետությունները, քանի որ ազգեր ասելով, պետությունները նկատի ունեն։

Նախագծի 6-րդ հոդվածի 7-րդ կետում նշված է, որ բուհի գործառույթներից է «քաղաքացիական գիտակցության, պատասխանատվության և համամարդկային արժեքների արմատավորումը»: Կրթության մասին նախկին օրենքում և հարակից իրավական փաստաթղթերում նշվում էր «ազգային և համամարդկային արժեքների» մասին։ ՔՊ-ական նախագծում հանված է ազգայինը, թողնված է միայն համամարդկայինը։

Այնպիսի տպավորություն է, թե ՔՊ-ական իշխանություններն արդեն իրականացրել են անարխիստական երազանքը, պետությունները վերացրել են ու չկան ազգային արժեքներ, մարդիկ էլ առաջնորդվում են միայն համամարդկային արժեքներով։ Վտանգավոր կասկած է առաջանում, թե ՔՊ-ն մտադիր է հանձնել երկիրը։ Ու այդ պատճառով են ջնջում ազգային արժեքները։

Նշենք նաև, որ այս տարի, մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ազգային արժեքների՝ իր պատկերացրած շարքը։ Ի՞նչ է փոխվել։ Փաշինյանը մոռացե՞լ է իր հրապարակած ազգային արժեքների մասին։ Հայ ժողովուրդն ազգային արժեքներ էլ չունի՞։ Եթե ոչինչ չի փոխվել անցած մի քանի ամիսների ընթացքում, ապա կարող ենք կասկած հայտնել, որ անարխիստներն ու գործակալները զավթել են ԿԳՄՍՆ-ն և նպատակաուղղված գործում են Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի, ազգային արժեքների, կրթության դեմ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված