Երևանի ավագանին նախօրեին մանդատներից զրկեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին, ինչպես նաև «Հանրային ձայն» խմբակցության նախկին անդամներ Անուշ Գինոսյանին ու Անուշ Խուդավերդյանին։ Եթե Երիցյանի դեպքում նախաձեռնությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն էր, ապա Գինոսյանի և Խուդավերդյանի դեպքում նախաձեռնությամբ հանդես էր եկել հենց «Հանրային ձայն» խմբակցությունը՝ պատճառաբանելով. թե ընդդիմադիրները բացակայել են ավագանու ու հանձնաժողովների նիստերից։
Ինչպես Գրիգոր Երիցյանը, այնպես էլ Անուշ Գինոսյանն ու Անուշ Խուդավերդյանը կարծում են, որ իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Ավելին՝ «Հանրային ձայն»-ի նախկին անդամները, ովքեր հավատարիմ են մնացել Վարդան Ղուկասյանին, իրենց նախկին թիմակիցներին մեղադրում են Տիգրան Ավինյանի հետ համագործակցելու ու իրենց ճնշելու համար և կարծում են, որ իրենց մանդատից զրկում են ընդդիմադիր հայացքների պատճառով։
Ցանկացած պարագայում ավագանու անդամներին մանդատներից զրկելու որոշումն ապօրինի է, քանի որ վերջիններս ընտրվում են բնակչության ուղիղ քվերակությամբ, ուստի օժտված են առաջնային մանդատով։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելով՝ գործող իշխանությունները փորձում են հնարավորինս թուլացնել ընդդիմության ազդեցությունը՝ ընդհանուր քաղաքական գործընթացներում և հատկապես տեղերում։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ գործող իշխանությունները սկսել են նախապատրաստվել խորհրդարանական ընտրություններին․
«Այդ շրջանակներում իշխանություններն անցել են գործի՝ բռնությունների, ձերբակալությունների, պատժելու կամ վախեցնելու միջոցով ընդդիմությանը լռեցնելու քաղաքականություն են որդեգրել։ Այսինքն՝ արդեն իսկ այս պահից պատրաստվում են ընտրություններին ու ընդդիմադիրներին զրկում են մանդատներից»։
Oragir.News-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ այս ճանապարհով իշխանությունները փորձում են կանխել Տիգրան Ավինյանին իմպիչմենտի ենթարկելու գործընթացը՝ քաղաքագետը դրական պատասխանեց և նշեց, որ դրանք մեկը մյուսին չեն բացառում։ «Այսինքն՝ թուլացնելով ընդդիմությանը՝ բնականաբար փորձելու են հնարավորինս ամուր պահել իրենց դիրքերը կամ ավելի ավելի ամրապնդել։ Սրանք նույն գործընթացի տարբեր դրսևորումներն են»,- ասաց նա։
Հրանտ Մելիք-Շահնազարյանից հետաքրքրվեցինք՝ իրեն հայտնի՞ են այլ դեպքեր, երբ աշխարհի որևէ այլ իրեն ժողովրդավարական համարող երկրում ավագանու ընտրված անդամներին քաղաքական դրդապատճառներով զրկում են մանդատներից։ Ի պատասխան՝ նա ասաց, որ նման դեպքեր չի հիշում, սակայն եթե անգամ որևէ երկրում նման բան տեղի է ունեցել, ապա դա չի նշանակում, որ ճիշտ ճանապարհը դա է։
«Նախադեպեր պետք չէ փնտրել, նման ապօրինությունները պետք է բացառել և թույլ չտալ, որպեսզի իշխանությունները հերթական անգամ վերարտադրվեն։ Սա իշխանությունների վերարտադրման ծրագիրն է․ երբ ասում են, որ Հայաստանում ընտրություններն այլևս չեն կեղծվում, պետք է հաշվի առնել, որ ընտրությունները սկսում են կեղծվել քվեարկությանը նախորդող շրջանից, որը կարող է անգամ 1-2 տարի լինել։ Մենք այս պահին տեսնում ենք հաջորդ ընտրությունների կեղծմանն ուղղված քայլերը, կեղծման փաստերը»,- շեշտում է նա։
Քաղաքագետը հավելեց, որ այս ամենը միջազգային կառույցների կողմից որևէ գնահատականի չի արժանանալու, որովհետև վերջիններս Հայաստանում կատարել են քաղաքական ընտրություն։ «Իրենք ունեն իրենց նախընտրելի ուժը, իրենց նախընտրելի վարչապետը և ամեն ինչ անելու են, որ այդ ուժը և վարչապետը շարունակեն պաշտոնավարել, այնտեղ անաչառություն չկա։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ՔՊ-ական իշխանությունը ավագանու ընդդիմադիր անդամներին զրկում է մանդատներից․ դեռևս փետրվարին մանդատներից զրկվեցին նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչպես նաև «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանն ու Սոնա Աղեկյանը։