Oragir.News-ը նախօրեին պարզել էր, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝
e-draft.am-ում, նոր նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որով առաջարկվում է «մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության» հատվածում ներառվող մի շարք ծառայությունների
ազատել հարկային արտոնություններից, ինչի հետանքով վերջիններս ստիպված կլինեն գործել հարկման ընդհանուր համակարգում և վճարել 20% ԱԱՀ։
Այս շարքում ընդգրկված ծառայություններն են. «Իրավաբանական և հաշվապահական գործունեություն», «Գլխամասային գրասենյակների գործունեություն. Կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ», «Ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն. Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ», «Գիտական հետազոտություններ և մշակումներ», «Գովազդային գործունեություն և շուկայի իրավիճակի հետազոտություն», «Մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն», «Անասնաբուժական գործունեություն»։
Oragir.News-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշեց, որ գիտության ոլորտն անհրաժեշտ է ազատել հարկային որոշակի պարտավորություններից, և ներկայումս շատ երկրներ գնում են այդ ճանապարհով՝ գիտության համապատասխան ճյուղերը զարգացնելու համար։ Նա նշում է, որ գիտության շատ ուղղություններում օգտագործվում են շատ թանկարժեք սարքավորումներ ու նյութեր, որոնք հարկվելու պարագայում էլ ավելի կթանկանան.
«Դա նշանակում է, որ մեր երկրում գիտությունն առավել կթանկանա, եթե հարկային համակարգը համապատասխան ձևով կիրառվի։ Նման գործելակերպը առհասարակ չի նպաստի Հայաստանում գիտության զարգացմանը և ոլորտի վրա էապես բացասական ազդեցություն կունենա, որովհետև ՀՀ-ում գիտության ոլորտն առանց այդ էլ լավ վիճակում չէ։ Հիմա եթե մենք փորձենք այդ ուղղությամբ գնալ, ապա դա նշանակում է, որ Հայաստանում գիտությամբ զբաղվելը կդառնա ոչ գրավիչ, և շատերը կարող են ընդհանրապես հրաժարվել այդ ոլորտով զբաղվելուց»։
Oragir.News-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ գիտության կոնկրետ վերոհիշյալ ուղղություններն են ընտրվել՝ Ատոմ Մխիթարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ նրանք նայել են, թե ընդհանրապես այն կազմակերպությունները, որոնք գիտությամբ են զբաղվում, էլ ինչ գործունեություն կարող են ծավալել և ողջ գործունեության տեսակները ներառել են այդ ցանկում»։
Կրթության փորձագետը կարծում է, որ սա սխալ որոշում է ու առհասարակ նման բան չի կարելի անել։ Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է մեղմել գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող մարդկանց հարկային բեռը, այլ ոչ թե ամեն առիթով բարձրացնել այն։
«Եթե հարկերը ավելացնում ենք, ապա դա նաև մեծ բեռ է լինելու պետական բյուջեի վրա, որովհետև գիտական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների մեծ մասը պետական ֆինանսավորում ունի։ Դա նշանակում է, որ բյուջեից համապատասխան գիտական կազմակերպություններին ավելի շատ գումար է հատկացվելու, իսկ հետո հարկի տեսքով վերադառնալու է բյուջե։ Պարզապես անիմաստ գործ»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան