Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:07 29-08-2024

Լույսի անջատումները ձեռնտու են նաև Փաշինյանին

Երեկ՝ օգոստոսի 28-ին, ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին տուգանեց 20 միլիոն դրամով։ Տուգանքը նշանակվել է վերջին շրջանում տեղի ունեցած անջատումների վերաբերյալ քաղաքացիների դիմումների հիմքով հարուցված վարչական վարույթի արդյունքում։ Նախորդ անգամ ՀԷՑ-ը 20 միլիոն դրամով տուգանվել է 2024-ի մարտի 13-ին։ Դրանից առաջ՝ փետրվարի 28-ին, 10 միլիոն դրամով։ Իսկ 2020-ի հուլիսի 8-ին՝ 10 մլն դրամով՝ բնակիչների սպառած հոսանքի դիմաց ավելի մեծ ցուցմունքներ գրելու համար։ Սակայն փաստն այն է, որ թվարկված վարույթներից ու տուգանքներից հետո համակարգում ոչինչ չի փոխվել, անջատումները շարունակվում են նույն գրաֆիկով ու տրամաբանությամբ։ Միջին հաշվով յուրաքանչյուր թաղամասում ամսվա մեջ երկու անգամ հոսանքի անջատումներ են լինում՝ առաջինը ամսվա սկզբում, երկրորդը ամսվա կեսին։ Չկան նաև պատասխանատվության ենթարկված կոնկրետ պաշտոնյաներ։ Հետևաբար՝ ի՞նչ իմաստ ունի ՀԷՑ-ին տուգանելը, եթե ոչինչ չի փոխվում։

Տարածված կարծիք կա, թե Նիկոլ Փաշինյանին ձեռնտու են էլեկտրաէներգիայի պարբերական անջատումները, ՀԷՑ-ի կողմից ոչ հավաստի և ոչ սպառիչ տեղեկություն ներկայացնելու գործելաոճը, ծառայության ոչ պատշաճ մատուցումը, պարտավորությունների մյուս խախտումները։ Դրանց արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ են տուժում, սակայն կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանը շահում են։ Քաղաքացիների դիմումների հիման վրա ՀԷՑ-ից գանձված տուգանքով լցնում են պետական բյուջեն։ Իսկ անջատումների հետևանքով տուժած քաղաքացիները չեն փոխհատուցվում։

Այս իրավիճակը հիմք է տալիս ենթադրելու, որ ՔՊ-ական կառավարություն ու ՀԷՑ-ը գործակցում են։ ՀԷՑ-ն արհամարհում է քաղաքացիների շահերը, կամայական անջատումներ անում, բայց փոխարենը՝ պարբերաբար փող է փոխանցում կառավարությանը ու հարցերը համարում լուծված։ Եթե կառավարությունն այդ գումարները տրամադրեր ՀԷՑ-ից տուժած քաղաքացիներին որպես փոխհատուցում, ապա ինչ-որ առումով արդարացված կլիներ տուգանքը։ Սակայն ՀԷՑ-ին սոսկ տուգանելու և այն բյուջե մուտքագրելու արդյունքում փաստացի շահում է այդ գումարը տնօրինող Նիկոլ Փաշինյանը։

Տևական ժամանակ քաղաքացիները լուրջ կասկածներ ունեն, որ ՀԷՑ օղակներում իրականացվում են լայնածավալ շորթումներ՝ հաշվիչները խախտելու, ցուցմունքները կեղծելու արդյունքում։ Այսինքն՝ կասկած կա, որ 2020-ի հուլիսի 8-ին արձանագրված հաշվիչների հավելագրումները համատարած բնույթ ունեն ու շարունակվում են։ Եվ ենթադրվում է, որ պաբերական անջատումներն անում են այսօրինակ մութ գործերը գլուխ բերելու համար, որոնց արդյունքում մեծ գումարներ հավաքող ՀԷՑ-ը պատրաստ է դրա մի մասը տալ կառավարությանը որպես տուգանք, պայմանով, որ Փաշինյանը չմիջամտի իր մութ գործերին, չխոչնդոտի համատարած ապօրինություններին։

Իհարկե՝ կան հոսանքի անջատումների օբյեկտիվ պատճառներ կապված համակարգի մաշվածության հետ։ Այս առումով՝ կառավարությունը կարող է որոշակի սուբսիդավորմամբ և կոնկրետ ժամանակացույցով պարտավորեցնել ՀԷՑ-ին հիմնանորոգել համակարգը և վերացնել պարբերական անջատումների օբյեկտիվ պատճառները։ Եթե սա չեն անում, ապա ենթադրելի է, որ կառավարությունը գիտի և դեմ չէ, որ ՀԷՑ-ն անջատումներն անում է քաղաքացիներից գումար շորթելու նպատակով։

Առաջին հայացքից՝ առանձին խնդիր է ՀԷՑ-ի կողմից ոչ հավաստի և ոչ սպառիչ տեղեկություն ներկայացնելու գործելաոճը։ Իրականում՝ սա նույնպես տեղավորվում է լայնածավալ հավելագրումների հետ կապված հանրային կասկածների համատեքստում։ 1-80 հեռախոսահամարին զանգերի մեծ մասը մնում են անպատասխան կամ ստանում են անորոշ պատասխան։ Տպավորություն է ստեղծվում, թե 1-80-ի օպերատորները տեղյակ չեն անջատումների պատճառների մասին։ Միաժամանակ՝ կասկած է առաջանում, որ տեղի են ունենում ապօրինի գործողություններ։ Այս դեպքում օպերատորի տրամադրած սպառիչ ու հավաստի տեղեկությունը կլինի հանցագործության մասին հաղորդում, որի արդյունքում ՀԷՑ-ի բազմաթիվ աշխատակիցներ կարող են պատասխանատվության ենթարկվել, առնվազն՝ զրկվել աշխատանքից և ապրուստի միջոցներից։ Այս տեսանկյունից ևս ենթադրելի է, որ ՀԷՑ-ը պատրաստ է տարին մի քանի անգամ մի քանի տասնյակ միլիոն դրամ տուգանվել, բայց իրավունք ունենալ շարունակելու նույն ապօրինությունները, ոչ հավաստի ու ոչ սպառիչ տեղեկություն տրամադրելու կասկածելի գործելաոճը։

Պարզ ասած՝ հոսանքի կամայական անջատումների և մյուս խախտումների գլխավոր պատասխանատուն ու մեղավորը կառավարությունն է։ Եվ եթե դրանք, իրոք, ձեռնտու են Նիկոլ Փաշինյանին, ապա առավելագույնն, ինչ կարելի է ակնկալել այս հարցում՝ տուգանքների չափերի ավելացումն է և հաճախությունը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց