Երևան +18°
copy image url
Ներքին 3 օր առաջ - 22:30 25-06-2024

Թանկացումը հետաձգվեց ժողովրդական պայքարի արդյունքում

Երևանում հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրումը հետաձգվեց մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։ ՔՊ-ն խոստացել էր, որ միասնականը կներդրվի սեպտեմբերին։ Սակայն այսօր հայտարարվեց, որ գնված 171 նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսները դեռ չեն հասել Երևան, խնդիր է առաջացել այդ ավտոբուսների մատակարարաման ժամկետների հետ կապված։ Արդյո՞ք այս պատճառաբանությունն արժանահավատ է։ Եվ որո՞նք են թանկացումը հետաձգելու իրական պատճառները։

Նկատենք, որ պարբերաբար, ամեն տարի թարմացվում է տրանսպորտային պարկը, որովհետև տրանսպորտի տակ շահագործվող մեքենաները շուտ են մաշվում ու շարքից դուրս գալիս, մանավանդ՝ չինականները, որոնց որակը լավագույնը չէ։ Հետևաբար՝ 171 նոր ավտոբուսների ներկրումը չի կարող համարվել միասնական տոմսային համակարգի ներդրման հետաձգման իրական պատճառ։ Այսինքն՝ իշխանությունների նշված պատճառաբանությունը արժանահավատ չէ, կոպիտ ասած՝ սուտ է։ Եվ ենթադրելի է, որ միասնական տոմսային համակարգը հետաձգվել է այլ պատճառներով։ Այս առումով՝ հանրային խոսույթում շրջանառվում է 3 վարկած։

Առաջին, ամենատարածված վարկածն առնչվում է Բագրատ Սրբազանի առաջնորդած ժողովրդական պայքարին։ Իշխանությունները լրջորեն վախեցած են շարժման աճող ժողովրդականությունից։ Իսկ տրանսպորտի թանկացումն ավելի էր սրելու հակակառավարական տրամադրությունները, ավելի մեծ զանգվածներ կարող էին միանալ շարժմանը և Նիկոլ Փաշինյանը կարող է՝ չդիմանար ժողովրդական այդ ճնշմանը։ Այս ենթադրության հիմք է հանդիսանում տարիներ առաջ 150 դրամի դեմ պայքարի հաջողության նախադեպը։ Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման օրոք փորձ արվեց թանկացնել տրանսպրոտը՝ 100-ից դարձնելով 150 դրամ։ Դրա դեմ բողոքի հուժկու ցույցեր սկսվեցին, որոնց մասնակցում էին մեծ թվով քաղաքացիներ։ Հատկապես ակտիվ էին երիտասարդները։ 150 դրամի դեմ շարժումը հաղթեց։ Նման զարգացումից վախենալով, ՔՊ-ն որոշեց թանկացումը հետաձգել, որպեսզի չբազմապատկվեն Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հետևորդների և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների թիվը։

Երկրորդ վարկածը վերաբերում է ՀՀ որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելու հանրաքվեին, որն, ըստ ասեկոսեների՝ ՔՊ-ն նախատեսվում է անցկացնել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Ասում են, թե Փաշինյանը պարտավորվել է հանձնել այն տարածքները, որոնք Ադրբեջանը փաստացի զավթել է։ Բայց ինքնիշխան տարածքից հող հանձնելը հնարավոր է միայն հանրաքվեով։ Առաջիկա ամիսներին Փաշինյանը ժողովրդին պիտի պատրաստի այդ հանրաքվեին, ակնարկելով, որ եթե տարածքներ չտանք, ապա ադրբեջանական ագրեսիա կսկսվի տարվերջին։ Ենթադրելի է, որ հանրության մի մասը «Ոչ» է ասելու դավաճանական և ապօրինի այս նախաձեռնությանը, հակակառավարական բողոքի մեծ ցույցեր են լինելու։ Այս ռիսկերը հաշվի առնելով, հետաձգել են տրանսպորտի թանկացումը, որը կարող է բազմապատկել ցուցարարների թիվն ու տապալել հողահանձնման հանրաքվեները։ Այսինքն հողահանձնման հանրաքվեները հավելյալ ռիսկի տակ չդնելու համար է հետաձգվել տրանսպրոտի թանկացումը։

Երրորդ վարկածը զուտ գործնական է։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ աշնանը քաղաքային տրանսպորտը թանկացնելուց հետո կարող են ի հայտ գալ նոր տաքսի ծառայություններ, որոնք ավելի էժան փոխադրումների առաջարկություններ կանեն, և տրանսպորտի թանկացման արդյունքում ՔՊ-ի ակնկալած շահույթը չի ապահովվի։ Դրանից զատ սեպտեմբերյան զով եղանակին մարդիկ կարող են նախընտրել ոտքով քայլել ու չօգտվել թանկացած տրանսպորտից, ոտքով քայլելը դարձնել ավանդույթ ու բողոքի ձև։ Այս հաշվի առնելով, թանկացումն անելու են ոչ թե սեպտեմբերին, այլ ցուրտ ձմռանը, հունվարի սկզբին, երբ բոլորը ամանորյա առիթով կուշտ կերած-խմած կլինեն։ Այդ օրերին տաքսիները քիչ կլինեն ու դեմպինգային քայլեր անելն արդարացված չի լինի։ Իսկ մարդիկ նույնիսկ մի քանի կանգառ ոտքով գնալու դժվարություն կունենան, ցրտի պատճառով։ Հունվարին նաև թանկացման դեմ բողոքի ցույցերի ռիսկերն են նվազում, քանի որ ձմեռվա ցրտին փողոցներում ժամերով ցույցեր անելու տրամադրություն ու եռանդ քչերը կունենան։

Տրանսպորտի թանկացմանը նաև իշխանությունները պատրաստ չեն։ Կահավորված չեն կանգառներն, ու համակարգված չեն համացանցային հավելվածները, որոնք ճշգրիտ ցույց կտային տրանսպորտի աշխատանքի գրաֆիկը, կանգառ ժամանելու ժամանակը, պարբերականությունը և այլն։ Դեռ հայտնի չէ, թե ովքեր ինչ զեղչերով կամ անվճար օգտվելու արտոնություններ են ստանալու թանկացումների պարագայում։ Եթե անվճար երթևեկելու իրավունք չստանան արցախյան պատերազմի մասնակիցներն, ու նրանցից հավասար գումար գանձվի, ապա սոցիալական մեծ դժգոհություն կբարձրանա։ Երկրապահը կարող է երես թեքել իշխանությունից, ինչը կարող է թանկ նստել իշխանության վրա, ինչպես 1997-ին, երբ մի օրում խորհրդարանի կեսը «Երկրապահ» դարձավ։

Լավատեսները կարծում են, թե ՔՊ-ն կարող է անվերջ հետաձգել տրանսպորտի թանկացումը, այն թողնելով հաջորդ իշխանություններին։ Սա քիչ հավանական է երկու պատճառով։ Առաջինը՝ ՔՊ-ական իշխանությունը բազմիցս է ցույց տվել իր ագահությունը։ Երկրորդը՝ տրասպորտի թանկացումը արտաքին գործընկերներին, տրանսպորտային մատակարարներին տրված խոստում է, որն անվերջ չեն կարող ձգձգել։ Այնպես որ՝ տրանսպորտի թանկացումն ու դրան հաջորդող մյուս ապրանքների թանկացումը կսկսվեն 2025-ի հունվարից, կխորանան սոցիալական խնդիրները, կաճեն արտագաղթը, աղքատությունը, իսկ Նիկոլ Փաշինյանի՝ շագրենի կաշվի նման նվազող վարկանիշից բան չի մնա։

Թաթուլ Մկրտչյան