copy image url
Միտք Ներքին 2 օր առաջ - 09:00 28-06-2024

Ժողովրդական նոր ընդվզում է կանխատեսվում Հայաստանում 

Որոշ փորձագետներ կանխատեսում են, որ առաջիկա ամիսներին ժողովրդական ընդվզման նոր ալիք է բարձրանալու Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի արժանապատվությունն ու զգացմունքները վիրավորող հայտարարություն է անելու, որն առաջ է բերելու ժողովրդական ցասում, ընդվզում, ցույցեր, հանրահավաքներ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Դրանից անմիջապես հետո Փաշինյանն ու նրան ձայնակցողները հայտարարելու են, որ ռուսներն են հրահրում բողոքի ցույցերը։ Ցուցարարների շարքերում էլ ներդնելու են ռուսական գործակալների, ռուսական շահերը բացահայտ սպասարկողների, որպեսզի բոլորին ապացուցեն, որ Կրեմլն ուզում է իր գործակալներին բերել իշխանության, խաղաղության գործընթացը տապալելու, ռուսական ազդեցությունը մեծացնելու նպատակով։

Բոլորը գիտեն, որ խաղաղության պայմանագիրը հակասում է Մոսկվայի շահերին, քանի որ դրանից հետո նրա ազդեցությունը զրոյանալու է մեր տարածաշրջանում։ ՌԴ-ն բազմիցս է շեշտել, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի 2020-2022-ին կնքված հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ փաստաթղթերի վրա։ Իսկ օրեր առաջ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ուղղակի սպառնաց աղետով, եթե կողմերը շրջանցեն եռակողմ պայմանավորվածությունները, որոնց մեջ ռուսների համար ամենաբաղձալին Նոյեմբերի 9-ի 9-րդ կետն է, որով Մոսկվային իրավունք է վերապահվում վերահսկել ՀՀ-ով անցնող միջազգային ճանապարհները։

Ռուսական ակնկալիքներին առերևույթ հակառակ են ընթանում հայ-ադրբեջանական ուղիղ, չմիջնորդավորված բանակցությունները։ Երեկ, հունիսի 26-ին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը։ «Կշարունակենք աշխատել այն նպատակով, որ հնարավորինս արագ վերջնականացնենք»,- ասաց Գրիգորյանը, վերահաստատելով նաև մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու ՀՀ պատրաստակամությունը։

Խաղաղության պայմանագրի ստորագրմանն անդադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը։ Նա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ՝ ի պատասխան այն հարցին, թե ինչ է քննարկելու հունիսի 27-ին Բաքու այցի ընթացքում, ասել է՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը կարևոր է Կենտրոնական Ասիայից առևտրային տարանցման երթուղիների համար, որոնք այժմ կարող են անցնել միայն Ռուսաստանի և Չինաստանի տարածքով։ Նման երթուղիներից մեկը գնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մյուսը, պոտենցիալ ավելի մեծը, կարող է անցնել Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով, այդ պատճառով մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը վերջ կդնի պատերազմին և սարսափելի հակամարտությունը, որը շարունակվում է 1990-ականներից»։

Այսքանից հետո կասկած չկա, որ Արևմուտքը շահագրգիռ է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, որը հնարավորություն կտա բացել Ասիա-Եվրոպա առևտրային ուղիները և շրջանցել Ռուսաստանն ու Չինաստանը։ Դրան ընդդիմանում է Ադրբեջանը։ Նա Մոսկվայի խնդրանքով անվերջ առաջ է քաշում նոր նախապայմաններ, որպեսզի ձգձգի ստորագրումը։ Բաքվի համար շատ կարևոր է նաև նոյեմբերին Բաքվում անցկացվելիք COP29 կլիմայական գագաթնաժողովը, որը կբարձրացնի նրա միջազգային կշիռը։ Սա է պատճառը, որ Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրել այդ գագաթաժողովից հետո։

Արևմուտքը, հասկանալով Ադրբեջանի հետաքրքրությունը գագաթաժողովի հետ կապված, պնդում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը նախաստորագրվի մինչև այս գագաթաժողովը։ Եթե Բաքուն կտրուկ մերժի ԱՄՆ-ի այս առաջարկը, որը Օ'Բրայանը ներկայացնելու է Ալիևին, ապա միջազգային գործընկերները ԱՄՆ-ի խնդրանքով կարող են դեմարշ անել, բոյկոտել ու չմասնակցել COP29-ին։ Երկու քարի արանքում հայտնված Բաքուն ստիպված դիմելու է Նիկոլ Փաշինյանի օգնությանը, նրան խնդրելով հակակառավարական շարժում հրահրել ներսում և այդ պատրվակով ձգձգել պայմանագրի ստորագրումը։

Այսպիսով՝ Փաշինյանը ծանր ընտրությանը առաջ է կանգնելու առաջիկայում։ Որոշ փորձագետներ կանխատեսում են, որ Փաշինյանը չի մերժի Ալիևի և Պուտինի խնդրանքներն ու այստեղ կկազմակերպի նոր ցույցեր իր հրաժարականի պահանջով։ Այս պարագայում ևս կանխատեսելի է, որ դաժան բռնություններ կկիրառվեն շարքային ցուցարարների նկատմամբ։ Իսկ միջազգային կառույցները չեն դատապարտի դրանք։ Արդյունքում՝ և՛ Մոսկվան կպահպանի իր դիրքերը, և՛ Ադրբեջանը չի կոտրվի Արևմուտքի ճնշման տակ, և՛ Փաշինյանը կհալածի և կթուլացնի իր ընդդիմախոսներին, կրկին կհաղթի ժողովրդին և կապացուցի, որ «անխորտակելի» է։ Կտուժի հայ ժողովուրդը, Հայաստանը չի ստանա խաղաղություն ու զարգանալու հեռանկար, իսկ ԱՄՆ-ի, Եվրոպայի, Հնդկաստանի, Իրանի, Կենտրոնական Ասիայի երկրների համար փակ կմնան առևտրային մեծ ճանապարհները, որոնք անցնելու են Հայաստանով, տարանցիկ մեծ եկամուտներ ապահովելով Հայաստանին և ժողովրդին։

Կա նաև թույլ լավատեսական ենթադրություն, ըստ որի՝ քաղաքական համայնքը կարող է խաղից դուրս թողնել Փաշինյանին, կազմակերպված կառավարել ժողովրդական բողոքի ցույցերը, դրանք ուղղելով խաղաղության նպատակին, ընդգծելով, որ խաղաղության արդյունքում ՀՀ-ն ազատվելու ռուսական քայքայիչ ազդեցութունից և առաջընթացի նոր հնարավորություններ են բացվելու։ Եվ ենթադրելի է, որ քաղաքական համայնքի այսպիսի հակագրոհի արդյունքում էապես կփոխվի միջազգային հանրության վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

Թաթուլ Մկրտչյան