Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 06-06-2024

Կարող ենք ականատես լինել ՔՊ-ից Արսեն Թորոսյանի հեռացմանը

ՔՊ-ական իշխանությունն, ի դեմս՝ պատգամավոր Արսեն Թորոսյանի, հունիսի 5-ին մտադրություն հայտնեց կտրել «Շողակաթ» հեռուսատընկերության ֆինանսավորումը և այն տրամադրել Հանրային հեռուստաընկերությանը։ «Կարող ա՞, պետքի չի այլևս այդ ալիքը» հռետորական հարցադրում արեց ՔՊ-ական պատգամավորը։ Ինչո՞ւ է ՔՊ-ականն ակնարկում «Շողակաթը» փակելու մտադրության մասին։ Եվ ի՞նչ կլինի, եթե դա նրան հաջողվի։

ՔՊ-ականները բազմիցս են ցուցադրել իրենց անհարգալից վերաբերմունքը եկեղեցու և քրիստոնեության հանդեպ։ Դեռևս 2024-ի ամանորի գիշերը Հ1-ը խնդիրներ առաջացրեց և եթեր չտրամադրեց կաթողիկոսին։ Իսկ օրեր առաջ էլ, Մայիսի 28-ին Սարդարապատում Գարեգին Բ-ի ճանապարհը փակվեց ոստիկանության կողմից, խոչընդոտվեց եկեղեցու ղեկավարների ընթացքը դեպի հուշահամալիր, խախտվեց նրանց ազատ տեղաշարժի իրավունքը։

ՔՊ-ի և եկեղեցու հակասությունները սրվեցին Բագրատ Սրբազանի շարժմանը զուգահեռ։ Շատ ՔՊ-ականներ, փորձելով հակադարձել Փաշինյանի հասցեին ուղղվող քննադատությունները, ընդհանրացումներ են անում և թիրախավորում եկեղեցուն, նրան մեղադրում չբարեկամ Կրեմլի հետ գործակցելու մեջ և այլ վիրավորական արտահայտություններ հասցեագրում։

Ինչ վերաբերում է «Շողակաթին», ապա ՔՊ-ականները, հավանաբար, վախենում են, որ մասամբ հանրային միջոցներով սնվող այս հեռուստաընկերությունը կարող է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների խոսափողը դառնալ, միանալ Փաշիյանին քննադատող ընդդիմադիր լրատվամիջոցների բանակին։ Այս վախն է «Շողակաթը» փակելու ակնարկի արտաքին երևացող պատճառը։ Սակայն կա նաև խորքային պատճառ։

Որոշ ընդդիմախոսների գնահատմամբ՝ ՔՊ-ական իշխանության խնդիրներից է հասարակության բարոյական անկումը։ Այս ենթադրության հիմք է հանդիսանում նրանց կողմից հասարակության նախկինների ու ներկաների, սև-սպիտակի և նման բաժանումները, ժողովրդին հասցեագրված ատելության խոսքի մեծ չափաբաժինը, արհամարհական վերաբերմունքն ավանդական արժեքների նկատմամբ և այլն։ Այսպիսի հակահասարակական գրոհներով փորձ է արվում կոտրել հանրության արժեքային սյուները։ Արժեքներ, բարոյական նորմեր չունեցող, լավը վատից, ճիշտը սխալից ինքնուրույն չտարբերող մարդկանց համար ճշմարտության միակ աղբյուր է դառնում իշխանության գլխի խոսքը։ Այս նպատակով է ՔՊ-ն թիրախավորում բարոյական նորմերը, հոգևոր արժեքները, ավանդույթներն և սրբություններն, այդ թվում՝ եկեղեցուն։ Սակայն Արսեն Թորոսյանի գրոհի հիմնական թիրախն այլ է։

Ուշագրավ է խնդրի սուբյեկտիվ կողմը։ Հանրության մի մասի կողմից չսիրված, չհարգված բացասական կերպարներից է Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքը շատերի մոտ անթաքույց հակակրանք է առաջացնում։ Այս առումով՝ ենթադրելի է, որ «Շողակաթը» փակելու մասին ՔՊ-ական պատգամավորի ակնարկը ավելի է աճեցնելու այդ հակակրանքն ու կարող է հակառակ էֆեկտ ունենալ, մեծացնել հեռուստաընկերության լսարանը, խորացնելով «Շողակաթի» ենթադրյալ ընդդիմադիր գործունեության հետ կապված վախերը։ Չի բացառվում, որ Արսեն Թորոսյանի նշված ելույթից հետո շատանան «Շողակաթի» գործընկերներն ու հովանավորները։ Իսկ «Շողակաթն» իր հերթին ավելի շատ հոգևոր, մշակութային հաղորդումներ կպատրաստի, կամրացնի քրիստոնեական հավատը, կբարձրացնի ժողովրդի մշակութային մակարդակն ու եկեղեցու հեղինակությունը։

Սա էլ ամենը չէ։ Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի անհաշտ պայքարը իշխանությունը պահպանելու և ընդդիմախոսներին լռեցնելու հարցերում, ենթադրվում է նաև, որ առաջիկայում Արսեն Թորոսյանի առաջարկով ստուգումներ կարվեն «Շողակաթում», կհայտնաբերվեն խախտումներ, ու այդ հիմքով կկասեցվի նրա գործունեությունը։ Այդ ժամանակ Բագրատ Սրբազանի պայքարն ավելի մեծ թափ կստանա։ Եթե մինչ օրս քրիստոնյաների մի մասն անտարբեր է, ապա դրանից հետո ավելի մեծ զանգվածներ կմասնակցեն ցույցերի։ Ժողովուրդն ավելի մեծ ուշադրությամբ կլսի Բագրատ Սրբազանի խոսքն ու ավելի կհամախմբվի նրա շուրջ։ Արդյունքում՝ ավելի կընկնի ՔՊ-ի վարկանիշը, ինչի հետևանքով նա ջախջախիչ պարտություն կկրի առաջիկա ընտրույթուններում։

Պարզ ասած՝ եթե ՔՊ-ն հաճախ գործում է պետության և ժողովրդի դեմ, ապա Արսեն Թորոսյանը գործում է նաև ՔՊ-ի դեմ։ Դժվար թե՝ նա թույրիմացաբար է ակնարկում «Շողակաթը» փակելու մասին, առանց հասկանալու, թե այն ինչ վատ հետևանք կունանա ՔՊ-ի համար։ Հակառակը՝ ենթադրելի է, որ Թորոսյանը գիտակցաբար է անում, քանի որ ձգտում է վրեժ լուծել Փաշինյանից, որի ձեռքով ազատվել է նախարարի յուղոտ պաշտոնից։ Ու եթե ՔՊ-ում ողջամիտ մարդիկ շատ կան, ապա առաջիկայում կարող ենք ականատես լինել կուսակցությունից Արսեն Թորոսյանի հեռացմանը ոչ թե եկեղեցու կամ «Շողակաթի» դեմ խոսելու, այլ ժողովրդի հակակրանքը ՔՊ-ի հանդեպ աճեցնելու, կուսակցության վարկանիշն իջեցնելու և առաջիկա ընտրություններում պարտության ռիսկեր առաջացնելու պատճառով։

Թաթուլ Մկրտչյան

Ձեզ գուցե հետաքրքրի