copy image url
Արտաքին Ներքին Միտք 3 շաբաթ առաջ - 22:30 23-05-2024

Փաշինյանի ինքնախոստվանությունը․ ՀՀ-ն չի լքել ՀԱՊԿ-ն, երբ նրա 2 անդամներն աջակցել են Ադրբեջանին

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով իշխանական պատգամավորներից մեկի հարցին, արձագանքեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Բաքվում հնչեցրած հայտարարություններին։ Նիկոլ Փաշինյանը պնդեց՝ Լուկաշենկոն Ադրբեջանում ասել է այն, ինչինչ ինքը փորձում է 4 տարի այլաբանորեն ասել Հայաստանի Հանրապետությանը։

«2020-ի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից, մեր դաշնակիցները։ Ես ՀԱՊԿ-ի անդամ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Էդ պատերազմի նպատակը եղել է Հայաստանի անկախ պետության չգոյությունը։ Փաշինյանը շեշտեց՝ այդպիսի փորձեր 2020-ի պատերազմից հետ էլի են եղել, 2021-ի մայիսին, 2022-ի սեպտեմբերին, 2023-ի սեպտեմբերին, բայց չի ստացվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ին մեղադրելով Հայաստանի դեմ պատերազմի սանձազերծմանը մասնակցելու մեջ։

Փաշինյանին այսօր հակադարձեց ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ նշելով՝ Մոսկվայում չգիտեն, թե 2020 թ-ի պատերազմի ժամանակ Հայաստանին «օգնելու իմիտացիայի» մասին խոսելիս որ երկրներն է նկատի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց կարծում են, որ նման հայտարարությունները պետք է հասցեական լինեն։

Բելառուսի նախագահն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմ անվանել էր՝ նշելով, որ պատերազմից առաջ իր ադրբեջանցի գործընկերոջ եզրակացրել են, որ պատերազմում հնարավոր է հաղթել։ Նրա խոսքով՝ ինքն ու Ալիևը կարևոր են համարել նաև «պահել հաղթանակը», համակարծիք են եղել այն հարցում, որ «պատերազմից հետո կսկսվի ամենածանր շրջանը, երբ հարկ կլինի վերակենդանացնել ազատագրած հողերը»։

«Եվ հիմա եկել է այդ դժվարին ժամանակը, երբ անհրաժեշտ է վերակենդանացնել այդ հողերը, վերադարձնել մարդկանց։ Հաղթեցինք, հաղթանակը պահեցինք, հիմա պետք է վերակենդանացնել։ Դա ժամանակ է, դա մեծ աշխատանք է, 5 տարում, գուցե 10 տարում դժվար է ամեն ինչ անել»,- ասել էր Բելառուսի նախագահը՝ խոստովանելով, որ իր երկիրն ուղղակի մասնակցություն է ունեցել 44-օրյա պատերազմի սանձազերծմանը։

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբոից հայտարարեց, որ 4 տարի շարունակ ՀՀ բնակչությանը փորձել է այլաբանորեն բացատրել, որ ՀԱՊԿ-ը ներգրավված է եղել 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը, սակայն իրականությունը բոլորովին այլ բանի մասին է վկայում։

Արցախյան 44-օրյա պատերազմին հաջորդած 2 տարիներին՝ 2021 և 2022 թվականներին Հայաստանը, ըստ Նիկոլ Փաշինյանի, իմանալով, որ կազմակերպության անդամ երկրներից 2-ը ներգրավված են եղել պատերազմի նախապատրաստման մեջ, շարունակել է մասնակցել կազմակերպության աշխատանքներին՝ չբոյկոտելով դրանք։

Հատկանշական է, որ Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում ոչ մի կերպ չէին քննադատում ՀԱՊԿ-ին, ինչն առնվազն վկայում էր այն մասին, որ ՀՀ-ում ստեղծված իրավիճակի համար անվտանգային այս կազմակերպության չեն մեղադրում և վերջինիցս դժգոհություններ չունեն։ ՔՊ-ականների կողմից ՀԱՊԿ-ին ուղղված առաջին քննադատությունները հնչեցին 2021 թվականի մայիսի 12-ին հաջորդող օրերին, երբ ադրբեջանական զինուժն առաջին անգամ ներխուժել էր ՀՀ ինքնիշխան տարածք, սակայն դրանից հետո նույնպես Երևանը մեկուկես տարի շարունակ չէր բոյկոտում ՀԱՊԿ-ի աշխատանքները։

Ավելին, երբ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանում՝ 2022-ի հունվարին Ղազախստանի դիմումով Նիկոլ Փաշինյանը հրատապ խորհրդակցություններ նախաձեռնեց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ ու այդ երկիր խաղաղապահներ ուղարկելու որոշում կայացվեց, գործող իշխանություններն առիթը բաց չէին թողնում հայտարարելու, որ իրենց հաջողվել է գործի դնել ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման մեխանիզմները։ ՔՊ-ականները նման հայտարարություններում չէին մոռանում նաև հույս հայտնել, որ երբ Հայաստանը այդ մեխանիզմների գործարկման կարիքը ունենա, դրանք նույնպես կգործեն։

«Ինչպես գիտեք, այս տարվա սկզբին հաշվի առնելով Ղազախստանի նախագահ պարոն Տոկաևի հայտը` Հայաստանը` որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, շտապ խորհրդակցություններ նախաձեռնեց կազմակերպության երկրների ղեկավարների հետ, ինչի արդյունքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու իր որոշման մասին: Խաղաղապահ գործողության արդյունքները հավաստեցին կազմակերպության պատրաստակամությունը՝ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ ժամանակին միջոցներ ձեռնարկելու հարցում եւ ցուցադրեցին ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային կայունության պահպանման գործում: Մենք միշտ համարել ենք, որ ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման մեխանիզմները պետք է ճիշտ աշխատեն: Մինչ այդ Հայաստանը մի իրավիճակում էր, երբ մենք սպասում էինք, որ մեխանիզմները կաշխատեն, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ»,- 2022-ի հունիսի 6-ին ՀԱՊԿ ԽՎ նիստում հայտարարում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին, երբ Հայաստանի Հանրապետությունը ենթարկվել էր ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիայի, թշնամու թիրախում էին հայտնվել Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերի խաղաղ բնակիչները, Հայաստանի իշխանությունների կողմից գործի դրված վերոհիշյալ մեխանիզմները գործի չդրվեցին և չպաշտպանեցին ՀՀ-ի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Միայն այս ներխուժումից հետո, երբ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից չստացավ անհրաժեշտ օգնություն և կազմակերպության անդամ երկրները հրաժարվեցին առարկայական գնահատական տալ Ադրբեջանի կողմից մեր երկրի դեմ իրականացված ագրեսիային, պաշտոնական Երևանը սկսեց դժգոհել այս կազմակերպությունից, իսկ ավելի ուշ բոյկոտել նրա աշխատանքները։

2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը։ «Այս պահին կարծում եմ, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»,- ասել էր նա։

Սրանից հետո միայն՝ 2023-2024 թվականներին, Հայաստանը սկսեց բոյկոտել ու առ այսօր շարունակում է բոյկոտել ՀԱՊԿ-ի աշխատանքները, չմասնակցել տարբեր մակարդակներով անցկացվող հանդիպումներին, դադարեցնել կազմակերպության ֆինանսավորումը և այլն։

Ավելի ուշ Նիկոլ Փաշինայնը բրիտնացի լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՀՀ-ն սառեցրել է ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը, չնայած Մոսկվայի հակադարձմանը, որ կազմակերպությունում անդամակցությունը դադարեցնելու ընթացակարգ գոյություն չունի։


Այսպիսով՝ երեկ հանրությունն ականատես եղավ Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյատիվ հայտարարությանը․ մի կողմից վերջինս հայտարարեց, որ ՀԱՊԿ անդամ 2 երկիր ներգրավված են եղել Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստմանը, իսկ մյուս կողմից, խոստովանեց՝ Հայաստանը, այդ ամենը իմանալով, ևս 2 տարի շարունակել է մասնակցել կազմակերպության աշխատանքներին։ Փաստացի պաշտոնական Երևանը միայն 2023 թվականից է սկսել բոյկոտել ՀԱՊԿ-ի աշխատանքները քանի որ կազմակերպությունը չի դատապարտել ադրբեջանական զորքերի ներխուժումը ՀՀ, ինչպես նաև այնպիսի աջակցություն չի ցուցաբերել, որը թույլ կտար ադրբեջանական զինուժին հեռացնել ՀՀ-ի օկուպացված տարածքներից։

Ավելին՝ չնայած այս ամենին և ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատություններին, Հայաստանի իշխանությունններն առ այսօր կազմակերպությունից դուրս գալու գործընթաց չեն նախաձեռնում՝ որքան էլ պարբերաբար ակնարկում են դրա մասին և հանրության շրջանում նման ակնկալիքներ են ձևավորում։ Այս իրողությունը ևս մեկ անգամ վկայում է, որ Նիկոլ Փաշինյանի հակառուսական հռետորաբանությունն ու գործողություններն արվում են բացառապես քարոզչական դաշտում կառավարության ղեկավարից հակառուս գործչի կերպար ստեղծելու համար, և հիմնականում ուղղված են ներքին լսարանին, իսկ իրականում դրանք ոչ մի կերպ չեն վնասում ՌԴ-ին, ավելին՝ երբեմն բխում են վերջինիս շահերից։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:52 Նորագավիթում սպանված 26-ամյա Մհերին վերջին հրաժեշտը տվեցին
22:16 Ուղևորներից վերցրել են  անձնագրերը ու փակել փոքր սենյակում. նոր սկանդալ Քիշնևի օդանավակայանում
20:59 Ազատ են արձակվում Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված քաղաքացիները
17:57 Աննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից․ «Սրբազան պայքար»
00:03 Խաղաղության 2-րդ գագաթնաժողովում կարելի է արձանագրել պատերազմի իրական ավարտը. Զելենսկի
16:11 «Տիգրանաշենը պահեք, հաջորդը Տիգրանաշենն է». Գերասիմ Վարդանյանին ոստիկանությունից հանեցին ձեռնաշղթաներով
18:40 Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնն առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
17:25 Սա միայն քաղաքական հետապնդում է. Սերգեյ Հարությունյանը՝ GG ընկերության գրասենյակը խուզարկելու մասին
11:00 Երևանում խմած և վարելու իրավունքից զրկված վարորդը Mercedes-ով բախվել է տրակտորին. կա վիրավոր. shamshyan.com
12:49 Երևանում՝ էլիտար շենքի բակում կայանված Ford Focus-ի վրա, հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի. shamshyan.com

Ձեզ գուցե հետաքրքրի