Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 1 ամիս առաջ - 19:38 09-03-2024

Երբ հայրենիքը ստրկության մեջ է, սկսում ենք մորմոքել նրա կարոտից, երբ ազատ է, անփույթ ենք․ Խաչիկ Դաշտենցի հիշատակի օրն է

«Ի՜նչ կախարդական բան է այս հայրենիք ասվածը, այս Հայաստանը: Երբ նա մեր ձեռքին է, մենք չենք զգում, թե որքան գրավիչ է այն, և թե որքան շատ բանով ենք մենք պարտական նրան: Մենք կորցնում ենք նրա հետ վարվելու կերպը, նրան բոլորանվեր սիրելու եղանակը: Իսկ երբ նա կաշկանդված է կամ ստրկության մեջ է, սկսում ենք մորմոքել նրա կարոտից: Երբ նա ազատ է, անփույթ ենք դառնում նրա հանդեպ, երբ նա գերված է, սկսում ենք ախուվախ անել ու տանջվել նրա համար՝ ուրիշներին էլ տանջելով մեզ հետ, և ճիգ ու ջանք թափել, որ ազատենք մեր ձեռքից անզգուշությամբ փախցրած դրախտահավը»,- գրել է Խաչիկ Դաշտենցը:

Սասունում ծնված, որբության ու արհավիրքների ճամփան բռնած փոքրիկ Խաչիկ Տոնոյանը պիտի դառնար իր կորցրած հայրենիքին երկրորդ կյանք տվողն ու վերածնողը։



Նրա առաջին բանաստեղծական քայլերի ոգևորողը Եղիշե Չարենցը եղավ։ 1925 թվականի աշնանային մի օր Պոլիգոնի մանկատան սաներն ու ուսուցիչները փոթորկալի խանդավառությամբ են դիմավորում իրենց այցի եկած Չարենցին: Մեծ պոետը հուզված ելույթ է ունենում երկրի վերազարթոնքի և գրականության խնդիրների մասին, ինչը շարունակ ընդմիջվում է որբերի բուռն ծափահարություններով ու հիացական բացականչություններով: Հանդիպման վերջում սաների մեջ պոետի համարում ունեցող Խաչիկին բեմ են կանչում և ներկայացնում Չարենցին: Վերջինս պատվիրում է պատանուն արտագրել բանաստեղծություններն առանձին տետրակում և ներկայացնել իրեն: Այսպես սկիզբ է դրվում ամոթխած պատանու և մեծ պոետի ջերմ բարեկամությանը:

Մեկ տարի անց՝ 1926-ի ապրիլին, Պոլիգոնի դպրոցի շրջանավարտ Խաչիկ Տոնոյանը վեհերոտ քայլերով առաջին անգամ ներկայանում է Չարենցի հիմնադրած «Նոյեմբեր» միության հավաքին. «Այդ հավաքի ամենաերիտասարդ անդամը ես էի: Ամոթխած պատանու պես, որբական թախիծը ճակատիս նստել էի մի անկյունում և ամբողջ ժամանակ նայում էի Չարենցին... Հավաքի վերջում Չարենցը հանձնեց ինձ մի կարմրակազմ ոսկետառ անդամատոմս (N32) իր ստորագրությամբ, որով հաստատվում էր իմ մուտքը «Նոյեմբեր» միության մեջ»,- հիշում է Դաշտենցը:



1928 թվականին գյուղական ուսուցիչը Լենինականի «Բանվոր» թերթում տպագրում է իր առաջին բանաստեղծությունը՝ «Դաշտենց» ստորագրությամբ:

Իր գրական ծածկանվան մասին Դաշտենցը թողել է հետևյալ տեղեկությունը. «Երկու ազգանուն եմ ունեցել: Մանուկ հասակից կորցրի ոչ միայն ծնողներիս, այլև ազգանունս: Հիշում էի միայն հորս անունը՝ Տոնո: Այդպես էլ գաղթի ճանապարհին ինձ կնքեցին հորս անունով՝ Տոնոյան: Շատ տարիներ հետո միայն իմացա իսկական ազգանունս՝ Ավետիսյան: Իսկ երբ սկսեցի գրել իմ առաջին բանաստեղծությունները՝ փորձեցի գտնել գրական ծածկանուն: Դեպքերի բերումով Չարենցը եկել էր Լենինական: Ծանոթանալով ձեռագիր տետրիս, ինձ ընդունեց «Նոյեմբեր» միության անդամության թեկնածու: Ես մոլի «չարենցական» էի և ուզում էի իմ ծածկանունը նման լինի Չարենց անվանը:



Այդ օրերին Սողոմոն Տարոնցին հարցրեց.

- Խաչիկ, ձեր գյուղի անունն ի՞նչ է:

- Դաշտադեմ:

- Այսուհետև ստորագրիր՝ Դաշտենց:

Եվ այդ ստորագրությամբ էլ լույս տեսավ իմ առաջին բանաստեղծությունը «Բանվորում», 1928-ի սկզբին»:

Չարենցը ուշիուշով հետևում էր շնորհալի երիտասարդների ստեղծագործական ընթացքին, խրախուսում ու օժանդակում նրանց: Նա ցանկություն է հայտնում խմբագրելու Դաշտենցի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն՝ «Գարնանային երգերը», և ոչ միայն խմբագրում, այլև իր հեղինակավոր միջնորդությամբ հոգ է տանում գրքի պատշաճ ձևավորման ու որակյալ տպագրության համար:



Դաշտենցի թղթերում որպես մասունք պահվում են «Պետհրատի» այն ժամանակվա դիրեկտոր Էդվարդ Չոփուրյանին և գլխավոր նկարիչ Տաճատ Խաչվանքյանին ուղղված երկու գրություն, որոնք մեծ պոետի՝ սկսնակի հանդեպ ցուցաբերած սրտացավ հոգատարության պերճախոս հավաստիքն են. «Տաճատ, խնդրում եմ անձամբ հետևես, որպեսզի Խաչիկ Դաշտենցի գիրքը շնորհքով տպագրվի՝ կազմիր տիտուլ, տուր տառերի սիստեմ (վերնագրեր և այլն), հետևիր լուսանցքներին, որ չափսը տեղը լինի: Խաչիկն ասում է, որ դու գիրքը ձևավորել ես, մնում է, որ հետևես լավ տպվի. Խաչիկը լավ պոետ է և արժանի է, որ նրա գիրքը լույս տեսնի խնամքով: Մնում է շապիկի հարցը: Շավարշի նկարածը վատ է, նորը թող նկարի, տուր նրան ցուցումներ. լավ կլինի, եթե շապիկը լինի երկու գույնի և տպվի կլիշեով, որ գործը չբարդանա. կարծեմ Չոփուրը չի ուզում շապիկի խնդիրը բարդացնել. մնում է, որ դու իբրև ելք նկարել տաս երկու գույնի, բայց գեղեցիկ շապիկ և եթե գործը լիտոգրաֆիայի չընկնի, դժվար թե Չոփուրը դեմ լինի գրքի գեղեցիկ արտաքինին: Լիահույս եմ, որ կանես հնարավորը և կփրկես Խաչիկի գիրքը տխուր արտաքինից Չարենց»:

Բայց այլ էր Դաշտենցի առաքելությունը գրականության ոլորտում․ նա դեռ պիտի գրեր իր վեպերը՝ վերածնունդ տալով իր կորցրած հայրենիքին։ «Ռանչպարների կանչը», «Խոդեդան» հայրենասիրության ոգով են սնել և սնում են սերունդներին։

Քչերը գիտեն, որ Դաշտենցը Շեքսպիրի լավագույն թարգմանիչներից է։ Նա կատարելապես տիրապետում էր անգլերենին, բայց այնքան համեստ մարդ էր, որ ընկերներից շատերը խոստովանում են՝ երբևէ նրան անգլերեն խոսելիս չեն տեսել։

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
12:32 Անբարոյականի պես ստեր եք խոսում. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան
23:28 Պետք է մեծ պարիսպներ սարքենք, որ Փաշինյանին չտեսնենք. հարցում` վարչապետի պատասխանի հետքերով
16:00 Խանութ էր գնում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային վաղը կհուղարկավորեն