Ինչո՞ւ է Փաշինյանը վախենում Ազատության հրապարակից 
copy image url

Ինչո՞ւ է Փաշինյանը վախենում Ազատության հրապարակից 

Միտք Ներքին 11 ամիս առաջ - 09:00 16-05-2024
Ազատության հրապարակը խորհրդանշում է 1988-ի համաժողովրդական շարժումը, որը հիշատակվում է նաև որպես Ղարաբաղյան շարժում։ Այստեղ են տեղի ունեցել շրջադարձային նշանակության հանրահավաքները։ Այս հրապարակը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը անկախության, ժողովրդավարության, Արցախը հայրենիքին միավորելու համար։ Ինչու՞ են ՔՊ-ական իշխանությունները վախենում Ազատության հրապարակում կազմակերպվող հակակառավարական ցույցերից;

Ասում են, թե Ազատության հրապարակի հարթակ բարձրացող յուրաքանչյուր քաղաքական գործիչ զգում է այդ խորհրդանշական իմաստը։ Ենթադրելի է, որ ժողովուրդը ևս Ազատության հրապարակում կազմակերպվող միջոցառումներին լուրջ է վերաբերում, նրանց տալիս է բեկումնային նշանակություն, կարծում, որ այնտեղ կազմակերպվող միջոցառումներն ուղղված են անկախությանն ու ժողովրդավարության խնդիրներին։

Նման ասոցիացիա ունեն նաև միջազգային գործընկերները, քանի որ Ազատության հրապարակն ունի նաև աշխարհաքաղաքական խորհրդանիշ։ 1988-ին այս հրապարակում են սկսվել ԽՍՀՄ տարածքում առաջին զանգվածային մեծ ցույցերը։ Այդ առումով՝ ասում են, թե ԽՍՀՄ փլուզումը սկսվել է Ազատության հրապարակից։ Եվ միջազգային հանրության համար այս հրապարակն ասոցիացնում են Չարի կայսրության դեմ ժողովրդական պայքարի հետ։

Քաղաքական կամ քաղաքացիական ակտիվություն ունեցած ՀՀ քաղաքացիները թանկ հուշեր ունեն Ազատության հրապարակի հետ կապված։ Նրանք այստեղ հավաքվելով կրկին հիշում են Արցախի և անկախության համար պայքարի օրերը, լցվում նույն ոգով ու համարձակությամբ։ Այս առումով՝ Ազատության հրապարակը ոգեղեն մեծ լիցք է պարունակում, և այնտեղ կազմակերպվող ցույցերը կարող են արդյունավետ լինել, կրկնել 1988-ի հաջողությունը։

Հետևապես՝ օրինաչափ է, որ ՔՊ-ական իշխանությունները վախենում են Ազատության հրապարակում կազմակերպվող բողոքի ցույցերից, քանի որ հասկանում են, որ դրանք ևս կարող են վերածվել անկախության, ժողովրդավարության և Արցախի համար ցույցերի։ Այս պարագայում ՔՊ-ի համար կստեղծվի անհարմար իրավիճակ։ Նրանց կառուցած ամբողջ խոսույթը, իբր շարժումն ուղղորդվում է Կրեմլից և հակահայկական, հակաքաղաքակրթական երանգներ ունի, փլվելու է իրենց աչքի առաջ։ Ազատության հրապարակում ցույց անելուց հետո ոչ ոք չի հավատա ՔՊ-ական ենթադրություններին։

Կա նաև մեկ այլ հանգամանք։ Նիկոլ Փաշինյանը փակել է Արցախի էջը։ Եթե հանրահավաքներն անցնեն Ազատության հրապարակում, ապա այդ թեման կարող է նորոգվել, ինչը ձեռնտու չէ Նիկոլ Փաշինյանին, նրա հովանավոր ՌԴ-ին, որի մեծ աջակցությամբ ու ջանքերով Արցախը զավթվեց, հայաթափեց և նվիրվեց Ադրբեջանին։ Այս առումով՝ Ազատության հրապարակը փակելը խնդիր է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության, այլև նրա հովանավոր Մոսկվայի համար։

Մայիսի 15-ին Ազատության հրապարակը փակ էր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցող ՎԶԵԲ միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը Նիկոլ Փաշինյանի մասնակցության պատճառով։ Հազարավոր ոստիկաններ շրջափակել էին Ազատության հրապարակը, սահմանափակել երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը Ազատության հրապարակի հարակից փողոցներում։

Եթե Նիկոլ Փաշինյանը չմասնակցեր այս ֆորումին, ապա Ազատության հրապարակը փակելու և Երևանի կենտրոնում այսքան մեծ ոստիկանական ուժեր կենտրոնացնելու պատճառ չէր լինի։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ նա միտումնավոր է մասնակցել է այս ֆորումին, որ Ազատության հրապարակը փակելու լեգիտիմ հիմք ունենա։ Եվ չի բացառվում, որ հաջորդ օրերին նույնպես Ազատության հրապարակը կմնա փակ, քանի որ եթե շարժման հանրահավաքները փոխադրվեն այստեղ, ապա շարժումը կթևակոխի քաղաքականապես հագեցած փուլ, կձևավորվի քաղաքական օրակարգ, և Նիկոլ Փաշինյանը տեսանելի ապագայում կզրկվի իշխանական աթոռից։

Թաթուլ Մկրտչյան