«Ղարաբաղում ռուս խաղաղապահներն արել են գլխավորը, ինչի մասին չպետք է մոռանալ: Նրանք խաղաղություն և կայունություն են բերել հակամարտող տարածաշրջան», հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը News.ru պորտալին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական
կայքէջում։
«Ռուսական խաղաղապահները հեռանում են տարածաշրջանից։ Կրեմլում պարզաբանել են, որ Երևանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը խաղաղապահների համար առաքելության ավարտ է նշանակում։ Ինչպե՞ս կգնահատեք Ռուսական խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) գործունեությունը», հարցին ռուս գիվանագետը պատասխանել է․ «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարարության հիման վրա ՌԽԶ մտել է տարածաշրջան և պայմաններ ստեղծել, որ հայերն ու ադրբեջանցիները կարողանան քննարկել և գործարկել հարաբերությունների կարգավորման հիմնական ուղիները, այն է՝ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը, սահմանազատման գործընթացը, խաղաղության պայմանագրի մշակումը, քաղհասարակության կապերի զարգացումը և այլն։ Աշխատանքներն այս բոլոր ուղղություններով ընթացքի մեջ են, թեև տարբեր արագությամբ»։
Ի դեպ, այսօր ադրբեջանական մամուլը տեսանյութ և հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ Խոջալուում (Ասկերանի շրջանի Իվանյան գյուղ – հեղ․) անցկացվում է «հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ՌԽԶ դուրսբերմանը»։ «Ղարաբաղում խաղաղապահության կարիք այլևս չկա», հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն։ Չնայած այդ հայտարարությանը, տեղեկություններ կան, որ ՌԽԶ մի քանի տասնյակ զինվորականներ՝ հիմնականում սպայակազմի և ինժեներասակրավորական խմբերի անձնակազմեր, առժամանակ մնալու են տեղակայման վայրերում՝ «օգնելու ադրբեջանական ականազերծող խմբերին»։
Անդրադառնալով 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիային, որի հետևանքով Արցախը հայաթափվել է, Գալուզինը կարևորել է այդ ընթացքում ևս ՌԽԶ խաղացած դերը․ «Շնորհիվ ռուսական կողմի, հատկապես ՌԽԶ ցուցաբերած ջանքերի, այդ թվում զորախմբի 6 զինծառայողի կյանքի գնով, հաջողվել է խուսափել հայ քաղաքացիական բնակչության շրջանում մեծաքանակ զոհերից։ ՌԽԶ ակտիվ միջնորդությամբ սեպտեմբերի 20-ին՝ բառացիորեն 1 օրվա ընթացքում, հնարավոր է դարձել ձեռք բերել կրակի դադարեցման պայմանավորվածություն և բանակցություններ անցկացնել Ղարաբաղի հայկական ներկայացուցիչների և ադրբեջանական իշխանությունների միջև»։
Ռուս փոխարտգործնախարարը խոսել է նաև ՌԽԶ կողմից «հայ խաղաղ բնակիչներին» տրամադրված «օթևանի», «հասցված հումանիտար օգնության», «կազմակերպված բժշկական տարհանումների» մասին։ Ինչ վերաբերում է ընդհանրապես այդ պատերազմական գործողությունների համար պատճառների առաջացմանը, Գալուզինը դա պայմանավորել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Եմ հովանու ներքո անցկացված հանդիպմանը «հայկական ղեկավարության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ»։ «Երևանը մեզ դրա մասին չի տեղեկացրել։ Այդ գագաթնաժողովին նաև չեն քննարկվել Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և իրավունքների ապահովման հարցերը, և իհարկե՝ նման պարագայում արմատապես փոխվել են նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի հիմնարար սկզբունքները, գլխավորապես ազդելով նաև ՌԽԶ գործունեության վրա բացասական իմաստով», հայտարարել է Գալուզինը՝ դրանով, փաստորեն, ամբողջովին ազատելով ռուսական կողմին հակառակորդի ագրեսիայի ծավալմանը համապատասխան արձագանք չտալու պատասխանատվությունից։
Տիգրան Աթանեսյան