Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 09:00 15-05-2024

Շարժման 2-րդ փուլը չի երևում. քաղաքական հավակնություն չկա

Շարժման առաջին փուլի խնդիրը ժողովրդականություն ապահովելն է։ Ժողովրդի մի ստվար զանգված մասնակցում է շարժմանը, մի ստվար զանգված էլ, թեև չի մասնակցում, բայց համակրում է և կիսում շարժման նպատակները։ Քաղաքական, հասարակական բազմաթիվ գործիչներ մասնակցում են ցույցերին։ Այսինքն հանրային համերաշխություն, կարծես՝ կա։ Սակայն քաղաքական համերաշխություն դեռևս չկա։ Կուսակցությունները, քաղաքական նախաձեռնությունները, այդ թվում խորհրդարանական կուսակցությունները շարժման հաջորդ փուլի՝ ընտրություններին մասնակցելու մասին դիրքորոշում չեն հայտնել, ծրագրեր չեն ներկայացրել։

Շարժման առաջին փուլի խնդիրը արագ անցնելու համար է այն կազմակերպվել վերկուսակցական սկզբունքով։ Սակայն վերկուսակցականությունն ավարտվելու է առաջին փուլի ավարտին։ Հաջորդ փուլում, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, կազմակերպվելու են ԱԺ արտահերթ ընտրություններ։ Ու այդժման ասպարեզ են իջնելու քաղաքական ուժերն ու գործիչները։ Ինչպե՞ս է շարունակվելու շարժումը 2-րդ փուլում։ Այս հարցի պատասխանը կարևոր է։ Եթե շարժումը պատրաստ լինի 2-րդ փուլին, ապա կբազմապատկվի շարժման հաջողության հավանականությունը։ Այս թեմայով հանրային խոսույթում քննարկվում է երկու սցենար։

Առաջին սցենարով՝ շարժման մասնակիցները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ձևավորում են քաղաքական ուժ, կուսակցություն, որը կմասնակցի ԱԺ ընտրություններին, կհաղթի ու կձևավորի կառավարություն։ Այսպիսի ընթացք են ունեցել բազմաթիվ շարժումներ, այդ թվում 1988-ի և 2008-ի համաժողովրդական շարժումները։ Հարկ է գիտակցել, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը քաղաքական նպատակ չէ։ Նպատակը նոր իշխանություն ձևավորելն է։ Իսկ այդպիսի հավակնություն կարող է ներկայացնել քաղաքական թիմը, ուժը, կուսակցությունը։ Նա պիտի ներկայացնի հաջորդ իշխանության առանցքային նպատակներն ու խնդիրները, որոնք իրականացնելու է ինքը, երբ արժանանա ընտրողի վստահությանը, կազմի կառավարություն ու ստանձնի քաղաքական պատասխանատվություն։

Եթե շարժումն առաջնորդեր կուսակցական գործիչ, ապա այլ սցենար քննարկելու խնդիր չէր լինի։ Բայց քանի որ շարժումն առաջնորդում է Սրբազանը, որը մի քանի անգամ հայտարարել է, թե չի հավակնում զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ, ապա քննարկվում է նաև երկրորդ վարկածն, ըստ որի՝ կանխատեսվում է, որ մեկ կամ մի քանի կուսակցություններ միանալով շարժմանը, ճանաչելով Բագրատ Սրբազանի հեղինակությունը, պարտավորվելով իրագործել նրա հռչակած ազգային նպատակները, հաղթում են ընտրություններում և ձևավորում կառավարություն։

Պարզ ասած՝ առաջին փուլի խնդիրն արդեն լուծված է, և քաղաքական կուսակցություններն արդեն կարող են քննարկել, թե ինչ դաշինք, ապագա կոալիցիա են կազմում Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժումը հաղթական ավարտին հասցնելու, նոր իշխանություն ձևավորելու և Սրբազանի նախանշած նպատակներն իրագործելու համար։ Հետևաբար՝ արդեն ժամանակն է, որ կուսակցությունները դիրքորոշում հայտնեն առաջիկա ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Հաջորդիվ կարող են խորհրդատվություններով պարզել ընդհանրությունները, խորհրդակցել Սրբազանի հետ, ստանալ նրա օրհնությունը և այդ մասին հայտնել ժողովրդին։

Եթե կուսակցությունները լուռ են, ապա ենթադրելի է, որ շարժման մասնակիցներն են կազմելու կուսակցություն, Բագրատ Սրբազանն է առաջնորդելու է կուսակցությունը, հաղթելու են ընտրություններում, և Սրբազանն ընտրվելու է վարչապետ։ Այնպես որ՝ ժամանակն է, որ շարժման մասնակցիները հայտնեն նոր կուսակցություն ստեղծելու և դրանով գալիք ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Սրբազանի հեղինակությունը կառավարման մեկ շրջանով չավարտելու և քաղաքական հետագա ճգնաժամերը բացառելու համար հարկ կլինի նաև սահմանադրական փոփոխություն անել և Սրբազանի հեղինակությունն ամրագրել Սահմանադրությամբ։ Այսպիսի փոփոխություն կարող է իրականացնել դարձյալ Բագրատ Սրբազանը, եթե լինի իշխանության ղեկավար։

Պարզ ասած՝ քանի դեռ ոչ ոք քաղաքական հավակնություն, քաղաքական ծրագրեր չի ներկայացրել, ընտրություններին մասնակցելու մասին չի խոսել, նշանակում է, որ թեև 1-ին փուլի ավարտն արդեն երևում է, բայց 2-րդ փուլի սկիզբը դեռ չի երևում։ Պատկերավոր ասած՝ Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական չի տալու։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված