Oragir.News-ը հաճախ անողոք քննադատության է ենթարկում կոչումից ու պատասխանատվությունից փախչող մանր չինովնիկներին, սակայն դա անում է, ոչ թե չարությամբ, այլ չորրորդ իշխանության իրավունքով, հասարակության հանդեպ մեր ստանձնած պարտավորությունից ելնելով, քաղաքացու և ժողովրդի շահերը պաշտպանելու համար, հույսով, որ պաշտոնյան մեր խոսքից կարող է ազդվել, ուղղվել, հարգել օրենքը, լավ ծառայել ժողովրդին և լավ օրինակ ծառայել քաղաքացիներին։
Oragir.News-ը հաճախ է քննադատում քաղաքականություն որոշողներին, պատգամավորներին, կառավարության անդամներին, վարչապետին։ Գիտենք, որ նրանք ոչ միայն կարդում, այլև քննարկում են մեր քննադատական հոդվածները, ինչի համար շատ շնորհակալ ենք, քանի որ նրանք ավելի շատ սխալներ կանեին, ավելի մեծ վնաս կպատճառեին պետությանն ու ժողովրդին, եթե մենք ժամանակին ու դիպուկ ցույց չտայինք հանրությանը իշխանությունների բացերը։
Ցավոք, իշխանությունների շարքերում կան լկտիացած, զգոնությունը կորցրած, ազատ մամուլից վախեցող ու դրանից չարացող, քաղաքական դաստիարակություն չստացած, քաղաքականության մեջ պատահաբար կամ օտարների միջորդությամբ հայտված մարդիկ, որոնք չարաշահում են իրենց արտոնյալ դիրքն ու անհարգալից վերաբերմունք դրսևորում լրագրողի նկատմամբ։ Այս մարդիկ չեն հասկանում, որ նրանք հանրության ուշադրության կենտրոնում են, հաշվետու են հանրությանը։ Եվ այդ պատճառով են լրագրողներն անդրադառնում նրանց, հարցնում նրանց կարծիքն ու դիրքորոշումը հանրությանը հուզող հարցերի, խնդրների վերաբերյալ։ Այս խումբ մարդիկ ոչ միայն
Oragir.News-ի, այլև ընդհանրապես՝ ազատ մամուլի չբարեկամներն են։ Նրանց մաղթում ենք մի քիչ խելք, որ հասկանան՝ ով են, մի քիչ էլ ողջախոհություն, որ ազատվեն մամուլի և լրագրողի նկատմամբ բարդյութավորված թշնամանքից։
Oragir.News-ն իհարկե ունի բարեկամներ, որոնք անհամեմատ շատ են։ Նրանց հարգանքն ու սերը մեզ ուժ են տալիս ու վստահություն։ Բարեկամներ ունենք և՛ քաղաքական, և՛ փորձագիտական համայնքներում, և՛ գիտնականների, և՛ մշակութային գործիչների, և՛ գործարարների շարքերում, որոնց տեղեկատվությունը, գիտելիքն ու փորձառությունը փոխանցում ենք մեր ընթերցողներին, հագեցնում վերջիններիս տեղեկատվական ծարավը, տալիս օբյեկտիվ պատկերացում երկրում, աշխարհում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների նշանակության մասին։
Oragir.News-ը հիմնադրվեց 3 տարի առաջ։ 3 տարի նվիրված աշխատանքի արդյունքում մի քանի անգամ բազմապատկվել է մեր ընթերցողների և բարեկամների բանակը։ 3 տարի կիսել ենք մեր ժողովրդի արդարացի ու հիմնավոր մտահոգությունները, օգնել քաղաքացիներին պաշտպանել իրենց իրավունքներն ու բարձրացրել նրանց հուզող խնդիրները։ Սակայն մեզ դեռ չի հաջողվել բարձրացնել իշխանությունների քաղաքական պատասխանատվությունը, հոգատարությունը հասարակության, պետության, քաղաքացիների, օրենքի հանդեպ, հարգանքը ժողովրդավարական արժեքների նկատմամբ։
Ճիշտ է,
Oragir.News-ը դեռ ամենաշատ ընթերցվող լրատվականը չէ։ Բայց մենք արդեն շահել ենք քաղաքացիների վստահությունը, որը մեզ համար թանկ է։ Շնորհակալություն նրանց, որոնք օրն սկսում են մեզ հետ։ Ձեր ուշադրությունն է մեր աշխատանքի ամենամեծ խթանը։ Ձեր ահազանգերը են մեզ պարտավորեցնում ավելի խիստ քննադատել ապաշնորհ ու անպատասխանատու չինովնիկներին։ Ձեր դրական արձագանքներն են ապացուցում, որ ճիշտ ու դիպուկ թիրախներ ենք խոցել։
Աստված պահապան մեր սիրելի պետությանը, ժողովրդին և առաջին հերթին մեր ընթերցողին։ Թող
Oragir.News-ն այսուհետ ավելի արդյունավետ կատարի իր առաքելությունը, ընթերցողին օբյեկտիվ ու հավաստի տեղեկատվություն մատուցելով, բազմակողմանի վերլուծություն մատուցելով հանրությանը հուզող հարցերի վերաբերյալ, ավելի սուր քննադատելով իր տեղն ու կոչումն արհամարհող մեծ ու փոքր պաշտոնյաներին։
Վերջում՝ մի քանի տող մեր ծրագրերի մասին։ Առաջիկայում
Oragir.News-ն ընթերցողին կներկայացնի նոր հաղորդումներ, պոդքաստեր հանրային, քաղաքական օրակարգի առաջնային հարցերի շուրջ, վավերագրական և ճանաչողական ֆիլմեր արժեքների, անկախության և ժողովրդավարության մասին։