Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 14:25 09-05-2024

Այս օրերը վճռական կլինեն հայ ազգի համար․ Գագիկ Բաղունց

Այսօր՝ Շուշիի ազատգրման օրը, բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներ են այցելել Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցել Արցախյան ազատամարտի հերոսներին։

Oragir.News-ը Եռաբլուրում զրուցել է Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցի հետ

-Այսօր մայիսի 9-ն է, Շուշիի ազատգրման օրը։ Ըստ ամենայնի՝ Շուշին արդեն մերը չէ, հանձնվել է։ Ի՞նչ կհիշեք Շուշիի ազատգրման օրերից։

Մեծ ոգևորություն, երկար սպասելիքների իրակնացում։ Հայ ազգի կարևորագույն հաղթանակներից մեկն էր։ Եվ դա սկիզբ էր մի մեծ հաղթանակների շարունակական շարքի։ Եվ կարծում եմ՝ մեր հիմնական բացթողումն այն էր, որ մենք այդ տրամադրվածությունը, ոգևորությունը դեպի հաղթանակներ, ապագա չկարողացանք մեր ժողովրդի մեջ պահպանել։ Եվ դրա հետևանքն էր, որ մենք 30 տարի անց վերադարձանք հին պարտվողական տրամադրությունների, որոնք կային մեր ազգի մեջ, որ մենք անընդհատ դատապարտված ենք պարտությունների։ Եվ տրամադրվել ենք այնպես, որ մուրացկանի պես խաղաղություն ենք խնդրում, այլ ոչ թե հաղթանակների ճանապարհով պարտադրում ենք այդ խաղաղությունը։ Այսօր մենք մուրացկանի պես խաղաղություն ենք խնդրում։

- Ասում էին, թե Արցախը հանձնելուց հետո բացվում է Հայաստանի դարպասը։ Եվ տեսնում ենք, որ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն Տավուշի գյուղերն է հանձնում։ Ասում են ադրջենական են եղել, հայկական չեն։

- Ցավոք, արդեն այդ փուլն անցել է։ Եվ ոչ թե խոսակցություն է գնում, որ Հայաստանի դարպասները բացվեցին, այլ ուղղակի մենք տեսնում ենք, որ քայլ առ քայլ ադրբեջաթուրաքկան տանդեմը նվաճում է մեր պատմական հայրենիքի տարածքները։

- Ի՞նչ է լինելու այս ամենի վերջը։

- Կարծում եմ՝ մեր ժողովրդի մեջ կա շատ մեծ հոգևոր պոտենցիալ, և էս վերջին օրերի զարգացումները վկայում է այդ մասին, որ այդ պոտենցիալն իսկապես կա։ Եվ մենք ճիշտ ճանապարհ ենք ընտրել։ Մոտակա ժամանակներս այդ պոտենցիալը կիրականացվի, և մենք հերթական անգամ կբռնենք հաղթանակների ճամփան։

- Արցախցիները միանալո՞ւ են Բագրատ Սրբազանի երթին։

Արցախցիները միշտ էլ հայ ազգի անբաժանելի մասն են։ Միշտ էլ հայ ազգի գոյատևման, շարունակական զարգացման պայքարի առաջնագծում են։ Երկար տարիներ, վերջին տասնամյակներում Արցախն այդ պայքարի առաջնագծում էր։ Եվ միշտ ինձ մոտ, իմ ընկերների, ցավոք՝ նաև զոհված ընկերների երազանքն ու վերջնական նպատակն այն էր, որ մենք պայքարի ճանապարհից պիտի չշեղվենք ու թույլ չտանք հայոց աշխարհի թուրքացումը։ Ցավոք, մենք այդ ճանապարհին չգործադրեցինք այն բոլոր հնարավորությունները, այն բոլոր ներուժը, որպեսզի պահպանենք մեր մարտական ոգին։ Դրա հետևանքն այն էր, որ մենք ժամանակավոր կորցրեցինք Արցախը։ Համոզված եմ, որ պետք է ամեն ինչ անենք, որ այդ կորուստը Հայոց աշխարհի համար լինի վերջին կորուստը։ Եվ մենք համախմբվելով, ունենք լուրջ նպատակ, ունենք հոգևոր շատ հզոր առանցք։ Եվ դրա վկայությունն է այն, որ այս ազգային շարժումն առաջնորդում է Բագրատ Սրբազանը։ Եվ ինչպես դարեր շարունակ, համախմբվելով մեր Հայ առաքելական սուրբ եկեղեցու շուրջ, կկարողանանք վերականգնել հոգևոր բարձունքներին ուղղված կարգավիճակը։ Եվ կարծում եմ՝ այս օրերը վճռական կլինեն հայ ազգի համար։

Ձեզ գուցե հետաքրքրի