Մամուլ 55 րոպե առաջ - 08:01 10-11-2026

Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի փողոցներում խցանումները վաղուց արդեն մայրաքաղաքի բնակիչների ամենօրյա նյարդայնացնող խնդիրն են։

Քաղաքային իշխանությունը խնդրի լուծման համար նոր կառույց է ստեղծել՝ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը», որի տնօրենն է Էդուարդ Այվազյանը։ Սակայն նորաստեղծ հիմնարկի ղեկավարի նշանակման, նրա նախկին բիզնես գործունեության և Տիգրան Ավինյանի հետ ենթադրյալ բարեկամական կապի շուրջ արդեն իսկ հարցեր են հնչել։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ով է Էդուարդ Այվազյանը, ինչ ճանապարհ է անցել մինչև այս պաշտոնը և ինչ է հայտնի նրա բիզնես գործունեության մասին։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը ստեղծվել է 2025 թվականի նոյեմբերի 18-ին՝ ավագանու որոշմամբ, իսկ պետական գրանցում է ստացել 2026 թվականի հունվարի 5-ին։ Կառույցի հիմնական առաքելությունն է մայրաքաղաքում երթևեկության հոսքերի ուսումնասիրությունը, խցանումների պատճառների վերլուծությունը, հանրային տրանսպորտի աշխատանքի վերահսկումը և երթևեկության կառավարման ժամանակակից համակարգերի ներդրումը։

Հատկանշական է, որ նոր հիմնարկը բավականին թանկ է նստում Երևանի բյուջեի վրա։ Այն նախատեսված է 74 աշխատակցի համար, իսկ աշխատավարձերի ամսական ֆոնդը կազմում է 41 մլն 295 հազար դրամ։ Տնօրենի ամսական աշխատավարձը սահմանվել է 1 մլն 800 հազար դրամ։ Տարեկան միայն աշխատավարձերի համար նախատեսված գումարը կազմում է 495 մլն 540 հազար դրամ։ Սա այն դեպքում, երբ քաղաքապետարանում կա տրանսպորտի վարչություն, բազմաթիվ աշխատակիցներ, որոնց պարտականությունն է զբաղվել մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրներով։

Իսկ ո՞վ է այդքան պատասխանատու և լավ վարձատրվող պաշտոնը զբաղեցնող Էդուարդ Այվազյանը։

«Հետք»-ի հրապարակման համաձայն՝ Էդուարդ Այվազյանը 2023 թվականին հիմնադրել է «Ին շին» ՍՊԸ-ն։ Ընկերությունը արտաքին գովազդի ոլորտում գործունեություն է ծավալել, մասնավորապես՝ Երևանի Խանջյան և Սայաթ-Նովա փողոցներում երկու գովազդային վահանակ տեղադրելու թույլտվություն է ստացել։

Սակայն 2024 թվականի նոյեմբերի 21-ին Այվազյանը ընկերության իր մասնաբաժինը փոխանցել է Վազգեն Օհանջանյանին։ Ուշագրավ է, որ դրանից ընդամենը 25 օր անց՝ դեկտեմբերի 16-ին, նա նշանակվել է Երևանի քաղաքապետարանին պատկանող «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Այսինքն՝ Այվազյանը մասնավոր ընկերության հիմնադիր լինելուց և դրանում իր բաժնեմասը փոխանցելուց հետո հայտնվել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող տրանսպորտային կառույցի ղեկավար պաշտոնում, իսկ հետագայում արդեն ստանձնել է մայրաքաղաքի երթևեկության կառավարման նորաստեղծ կենտրոնի ղեկավարումը։

Նրա նշանակման շուրջ քաղաքական աղմուկը մեծացավ 2026 թվականի սեպտեմբերի 8-ին։ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը հրապարակավ հայտարարեց, որ Այվազյանը Տիգրան Ավինյանի զարմիկի ամուսինն է։ Զարոկյանը նաև կասկածի տակ դրեց նրա մասնագիտական համապատասխանությունը՝ պնդելով, որ խցանումների և երթևեկության կառավարման համար պատասխանատու կառույցի ղեկավար պետք է լիներ ոլորտի մասնագետը։

Ավինյանի և Այվազյանի ենթադրյալ բարեկամական կապի մասին այս հայտարարությունը պաշտոնապես հաստատված փաստ չէ, սակայն այն հանրային քննարկման առարկա է դարձել։

Երևանցիներին, սակայն, հետաքրքրում է ոչ թե նոր կառույցների անվանումների ավելացումը, այլ այն, թե երբ են վերջապես վերանալու մայրաքաղաքի խցանումները։ Եվ կոնկրետ ի՞նչ է անում քաղաքապետարանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը