Մամուլ 2 տարի առաջ - 08:17 04-05-2024

Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանը երեկ քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և զեկույցը: Մի կողմ թողնենք ՄԻՊ Անահիտ Մանասյանի տարեկան հաղորդման ու զեկույցի բովանդակությունը, այստեղ որևէ հետաքրքիր բան չկար: Այլ ու միանգամայն հատկանշական հանգամանք միանգամից ուշադրություն գրավեց:

Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ գովերգում էին ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանին: Այնպիսի տպավորություն էր, որ քպականները, հրահանգով կամ առանց հասկանալու, ՄԻՊին հնարավորինս վարկաբեկելու կուրս էին վերցրել: Ինչո՞ւ վարկաբեկելու: Այն պարզ պատճառով, որ եթե որևէ իշխանություն գովերգում է իր ժամանակվա Մարդու իրավունքների պաշտպանին, հետևությունը մեկն է՝ ՄԻՊ-ը իր տեղում չէ: Չէ, իր տեղում չէ ինստիտուտի առումով, բայց իր տեղում է իշխանության համար, որովհետև անում է այն, ինչի համար հենց իրեն է առաջադրել այդ իշխանությունը:

Հայաստանի Հանրապետության 33ամյա պատմության մեջ որևէ ՄԻՊ այդքան սիրված, գովաբանված չի եղել որևէ իշխանության կողմից: Հակառակը եղել է, երբ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն անթաքույց դժգոհել կամ նեղսրտել են ՄԻ պաշտպանից: Եվ դա նորմալ է: Իսկ հիմա փաշինյանական իշխանությունը գովաբանում է ՄԻՊ-ին՝ ի դեմս Անահիտ Մանասյանի:
Դե, յուրային է, կարելի է ասել՝ իրենցից մեկը, այնքան յուրային, որ քաղաքացիները սրամտում են, որ նա ոչ թե ՄԻՊ, այլ ՔՊԻՊ է՝ ՔՊ-ի իրավունքների պաշտպան: Կամ՝ ՆԻՊ՝ Նիկոլի իրավունքների պաշտպան:

Իսկ ինչո՞ւ քպական իշխանությունը չգովաբանի իր ՄԻՊ-ին: Վերջինս երբեք ու ոչ մի կերպ ոչ մի նեղություն իշխանությանը չի պատճառել, չնայած անունով առանձին պետական ինստիտուտ է: Երկրում մոլեգնում է ոստիկանական տեռորը, կարմրասև բերետավոր ոստիկանները վայրագ բռնություններ են գործադրում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների, այդ թվում՝ կանանց, անչափահասների նկատմամբ, ոստիկանական պաշտպանության տակ գտնվող անձին խոշտանգում են և անձի արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված բռնություն գործադրում՝ ակնհայտորեն ոստիկանական ուղղորդմամբ ու հանցակցությամբ, զանազան քպականներ, իշխանավորներ ինչ կարգի խախտում ասես՝ անում են, բայց ՄԻՊ-ի ոչ ձայնն է լսվում, ոչ էլ՝ ծպտունը:
Մաքսիմում՝ երկակի ինչ-որ լղոզված հայտարարություն, որտեղ տուժողն ու մեղավորը խառնվում են իրար: Այսինքն՝ իբր իրավունքների պաշտպանություն, բայց իրականում իշխանության պաշտպանություն: Այդ տեսանկյունից Անահիտ Մանասյանը Փաշինյանի իշխանության համար առավել քան հարմար ՄԻՊ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան