Միտք Ներքին 2 տարի առաջ - 15:05 02-05-2024

Հանրային ապաթիան՝ իշխանության գործողությունների հաջողման գրավական

Փաշինյանական ոստիկանությունը վաղ առավոտից Կիրանցում «հատուկ գործողություն» է սկսել, տասնյակ մարդկանց բերման ենթարկել։ Սա չտեսնված, չլսված բան է․ հայկական ոստիկանությունը հայ մարդուն բերման է ենթարկում նրա համար, որ վերջինս դիմադրում է հայկական հողերը անվտանգ դարձնելուն և թշնամուն հանձնելուն։

Ոստիկանությանը հաջողվում է պաշարել Կիրանցը և ձերբակալել գյուղացիներին, քանի որ, ավաղ, դիմադրող մարդկանց քանակն է աղետալի քիչ։ Դժբվար է ասել՝ իշխանության վարչական լծակներն են գործում, թե մարդիկ են հոգնել պայքարից, իսկ գուցե՝ երկուսը միասին, բայց դիմադրողների սակավ քանակը ոստիկանությանը հնարավորություն է տալիս ուժ կիրառելու և արդյունքի հասնելու։

Անկեղծ ասած, թվում էր, թե հոգևոր բարձրագույն իշխանության հայտարարությունն՝ աջակցելու պայքարին, կարող էր համակիրների հոծ զանգված միացնել շարժմանը, սակայն դա ակնկալված չափով տեղի չունեցավ․ զուգահեռաբար՝ «հակառակորդ կողմ» դարձած իշխանությունը նույնպես ձեռքերը ծալած չի նստում և բոլոր հնարավոր մեթոդներով լծված է մարդկանց կա՛մ համոզելու, կա՛մ սպառնալու, որ այդ տարածքների հանձնումն Ադրբեջանին անխուսափելի է, բայց հանձնումից նրանք «չեն փոշմանի»։

Հիմա կոնկրետ Կիրանց, Բաղանիս, Բերքաբեր և Ոսկեպար գյուղերի բնակիչներն են Փաշինյանի համար ամենապրոբլեմայինը։ Դա ինքն էլ գիտի, և խոստանում է չանտեսել այդ մարդկանց շահը։ Փաշինյանն այդպիսով կարողացել է տեղայնացնել այդպես էլ մեծ թափ չստացող շարժումը։

Առջևում, ուրեմն, փոխհատուցումների տարափ է սպասվում, իսկ գաղափարական՝ հայրենապաշտպանության «կապիտալացումը» վերջնական ընկճելու է իր հոգում պայքարի ինչ-որ նշույլ պահող մարդկանց։

Հիմա ոմանք տրտնջում են, թե ինչու չի վերարտադրվում 90-ականների ավյունը, հայրենասիրության անկման մասին են խոսում․․․ Մի կողմից դժվար է այդ հռետորական հարցին պատասխանելը․ ի վերջո, ժամանակներն ու մոտեցումներն են տարբեր, մյուս կողմից՝ դյուրին է տալ պատասխան․ քանի որ տասնամյակներով, ամենատարբեր մեքենայություններով խաբվել են պայքարողները, անխնա մսխվել է պայքարի ոգին։

Մարդկանց մոտ ապաթիան հենց այնպես չի առաջացել և հենց այնպես չի նահանջի։ Մարդկանց հուսահատություն է պետք, իսկ քանի դեռ Փաշինյանը պատրաստ է «Կիրանցի սիրելի քույր-եղբայրներին» հույս տալ՝ ըստ սեփականության թղթերի, ուրեմն դեռ մարդիկ պատրաստ չեն պայքարելու հանուն իրենց հողի։

Տիգրան Աթանեսյան



Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան