Սպորտ 12 րոպե առաջ - 10:24 10-11-2026

«Օռլանդո Սիթիի» ֆուտբոլիստ 21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում

MLS-ը ներկայացնող «Օռլանդո Սիթիի» ֆուտբոլիստ 21-ամյա Հարվի Սարաջյանը որոշել է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին հայտնել է ՀՖՖ-ն:

Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան, ազգային ընտրանու նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն անմիջական ներգրավվածություն է ունեցել Սարաջյանի՝ Հայաստանի հավաքականը ներկայացնելու գործում․

«Հարվիին հետևում եմ տևական ժամանակ. նրա խաղը բավականին տպավորիչ էր։ MLS-ում հանդես գալով՝ նա աչքի էր ընկնում իր արդյունավետությամբ, բազմաթիվ գոլեր էր խփում և առանձնանում էր նաև երկրորդ թիմում գրանցած ցուցանիշներով։ Շատ հեռանկարային ֆուտբոլիստ է։

Վերջին արդյունավետ խաղերից հետո անձամբ զանգահարեցի թե՛ Արմեն Մելիքբեկյանին, թե՛ Եղիշե Մելիքյանին՝ ներկայացնելով իմ դիտարկումներն ու կարծիքը։ Համոզված էի, որ նրան անպայման պետք է հրավիրել հավաքական։ Նրանք նույնպես ուսումնասիրեցին Հարվիի խաղը և համաձայնեցին իմ գնահատականի հետ, ես էլ կապ հաստատեցի Հարվիի հետ։
Շաբաթ և կիրակի օրերն անցկացրի Օռլանդոյում, հանդիպեցի Հարվիին: Նա համաձայնեց խաղալ մեր ազգային թիմում և շատ ուրախ էր նման հնարավորության համար։

Հարվիի հայրը և պապը հայեր են, ուստի ամբողջ ընտանիքը մեծ ոգևորությամբ ընդունեց այս լուրը»։

Յուրա Մովսիսյանը շատ բարձր է գնահատել Սարաջյանի խաղային որակները․

«Նա բարձրահասակ, արագ, տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ է։ MLS-ում խաղալն ինքնին հեշտ չէ․ այնտեղ ֆուտբոլը բավականին արագ է, ֆիզիկապես պահանջկոտ, և նա ոչ միայն չի զիջում այդ մակարդակին, այլև շարունակում է զարգանալ ու առաջադիմել։Նրա ֆիզիկական տվյալները, խաղային որակներն ու ներուժը մեր հավաքականին օդ ու ջրի պես անհրաժեշտ են»։

«Ուրախ եմ, որ Հայաստանի ազգային հավաքականը համալրվելու է Հարվի Սարաջյանի նման երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստով։

Նրա բարձր պրոֆեսիոնալիզմը, խաղային որակները և ամերիկյան առաջնությունում ձեռք բերած փորձը նոր շունչ ու որակ կհաղորդեն Հայաստանի ազգային հավաքականին։ Վստահ եմ, որ նա կարող է նոր էներգիա, մրցակցություն և ստեղծագործականություն բերել թիմին»,- ասել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ Հայաստանի ազգային հավաքականն ընտրելը։ Ես ծնվել և մեծացել եմ Ամերիկայում, բայց հայկական ծագումս միշտ եղել է իմ ինքնության անբաժանելի մասը։ Երբ այդ հնարավորությունն ընձեռվեց, ես այն ընկալեցի որպես իմ արմատներին ավելի մոտենալու, ընտանիքս ներկայացնելու և հայ ժողովրդին հպարտանալու առիթ տալու հնարավորություն։

Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման։ Հաշվի առնելով, թե Յուրան որքան մեծ նվաճումների է հասել հայկական ֆուտբոլում, նրա հետ հանդիպումն անչափ շատ յուրահատուկ պահ դարձավ։ Յուրա Մովսիսյանի հետ զրույցն իսկապես մեծ ոգևորություն առաջացրեց և ես էլ ավելի ոգևորությամբ հավատացի հայկական ֆուտբոլի ապագային։

Ես գիտեմ, թե ֆուտբոլն ինչ նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ Ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ ազգային հավաքականի զարգացման գործում, օգնել նրան մրցունակ դառնալ և հուսով եմ՝ միասին հասնել մի մեծ ու հիշարժան հաջողության»,- ասել է Սարաջյանը՝ ՀՖՖ-ի հետ զրույցում:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան