Ֆեսբուքյան օգտատերերից մեկն ահազանգում է, որ չնայած նրան,որ ինքը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ Նուբարաշեն վարչական շրջանում, Team Telecom Armenia-ն իրեն հաղորդագրություն է ուղարկել՝ տեղեկացնելով, որ ռոումինգը ակտիվացված է։
Սա քաղաքացու մոտ հարց է առաջացրել, մի՞թե Նուբարաշեն համայնքը Հայաստանի սահմաններից դուրս է եկել։
Oragir.News-ը կապ է հաստատել տվյալ քաղաքացու հետ, վերջինս կատարվածի վերաբերյալ մանրամասներ է հայտնել։
«Ես Արարատի մարզի Բարձրաշեն համայնքից եմ, այստեղից Նուբարաշեն 8 կիլոմետր է ընդամենը։ Գյուղից դեռ Նուբարաշեն չմտած, միջանկյալ հատվածում միանգամից 3 նամակ եկավ ռոումինգի հետ կապված։ Ավելի ուշ գրեցին իբրև տեխնիկական խնդիր է»,-ասաց օգտատերը։
Հիշեցնենք, որ Team Telecom Armenia-ն արձագանքել էր օգտատիրոջ հրապարակմանը՝ նշելով, որ եթե հեռախոսի կարգավորումներից օպերատոր բաժնից ձեռքի ռեժիմով ընտրված չէ Team օպերատորը, հնարավոր է հեռախոսը միանա ռոումինգ:
«Նման իրավիճակներից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս հեռախոսի կարգավորումներից ընտրել և ձեռքի ռեժիմով միանալ Team ցանցին, ինչպես նաև անհրաժեշտ է հեռախոսի կարգավորումներից ցանցային ռեժիմն ընտրել 2G/3G/LTE (ավտոմատ)»,-գրել էր Team Telecom-ը։
Արձագանքելով Team Telecom Armenia-ի այս պարզաբանմանը՝ քաղաքացին մեզ հետ զրույցում նշեց, որ կարգավորումների բաժնում դեռ ոչինչ չի փոփոխել,որպեսզի հասկանա այդ դեպքում ռոումինգը կրկին կմիանա՞, թե՞ ոչ։ Օգտատիրոջ համար զարմանալին այն է, որ անկախ ամեն ինչից Հայաստանի տարածքում Team-ը ռոումինգ է ակտիվացնում։