copy image url
Խոսք Արտաքին Ներքին 2 շաբաթ առաջ - 18:30 10-04-2024

Իշխանությունների թուլությունը․ ՀՀ-ում օտարերկրյա ծառայությունները սկսել են շատ բացահայտ գործել

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ուժայինների կողմից հերթական ՌԴ քաղաքացին է ձերբակալվել, ով հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի դեմ ընթացող պատերազմին։

Նախորդ տարի դեկտեմբերին նույնպես ռուսական բազայի ռազմական ոստիկանները Գյումրիում ձերբակալել էին Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Սետրակովին, որը հրաժարվել էր պատերազմել Ուկրաինայի դեմ ու Հայաստան էր փախել։ Սետրակովին շատ արագ տեղափոխեցին ՌԴ, ու թեև իրավապաշտպաններն այն ժամանակ էլ փորձում էին կանխել նրա՛ արտահանձնումը, հայաստանյան իրավապահ մարմինները չմիջամտեցին։

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ընդգծեց՝ շատ կարևոր է հասկանալ և վստահ լինել, որ այս ձերբակալությունը բեմադրված չէ։ «Այսինքն՝ մենք պետք է վստահ լինենք, որ սա ռուսական ուժային կառույցների կողմից կազմակերպված բեմադրություն չէ։ Այլապես, եթե դա բեմադրված չէ, ապա դա մեր իշխանությունների խնդիրն է, որովհետև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում մարդկանց առևանգում են, որի պարագայում ՀՀ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում»,- ասաց նա։

Կարապետյանցը չի բացառում, որ այս միջադեպը կարող է Ռուսաստանի կողմից բեմադրված լինել՝ Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու, գործող իշխանություններին, անկախ նրանց հանդեպ ունեցած վերաբերմունքից, հարվածելու համար։ Նրա խոսքով՝ ամբողջական պատկեր ստանալու համար դեռևս բազմաթիվ տվյալների պակաս ունենք․

«Անգամ այն, որ իրենք ներկայանում են որպես էմիգրանտներ, դա 100 տոկոսով չի երաշխավորում, որ այդ մարդիկ իսկապես փախել են ՌԴ-ում գործող ռեժիմից։ Ես բոլորովին չեմ բացառում, որ ռուսական կողմը կարող է իր ներդրած մարդկանց միջոցով նման գործողություններ իրականացնել, որովհետև տրամաբանությունը չեմ հասկանում․ եթե խոսքը բանակից խուսափողների մասին է, ապա Հայաստանում մեծ թվով նման մարդիկ կան, հայտնի չէ, թե ինչ տրամաբանությամբ են գտնում ու հենց տվյալ մարդկանց առևանգում։ Քանի որ ռուսական ուժային կառույցները նման բեմադրություններ կազմակերպելու մեծ փորձ ունեն, որոնցում իրենց հեռահար նպատակներն են հետապնդում, դեռևս վերջնական գնահատականներ տալուց զերծ կմնամ»,- նշեց նա։

Կարապետյանցը նման կերպ չբացառեց, որ այս ձերբակալությունը կարող է իրականացված լինել՝ առանց ՀՀ իշխանությունների համաձայնության։ «Եթե իրենք են բեմադրել ու տուժողին էլ իրենք են նշանակել, դա այլ հարց է, իսկ եթե հայկական կողմը չի կարողանում կարգավորել հարցերը և Հայաստանի Հանրապետության տարածքում մարդիկ են առևանգվում, սա բոլորովին այլ բանի մասին է վկայում։

Հաշվի առնելով, թե ինչ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ է կատարում ռուսական կողմը՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև այլ երկրներում, այդ թվում նախկին հետխորհրդային տարածքում, կարող ենք պատկերացնել, թե ինչ բազմաշերտ ու բազմաբովանդակ ներկայացումներ են նրանք կարողանում բեմադրել»,- ասաց նա։

Իրավապաշտպանի խոսքով՝ դեկտեմբերին տեղի ունեցած միջադեպը միայն մի դրվագով կարող էր կասկածներ առաջացնել։ Նրա խոսքով՝ երբ դա կրկնվում է, նշանակում է՝ կամ գործող իշխանությունները սերտ համագործակցում են ՌԴ-ի հետ ու վերջինիս պահանջած մարդկանց վերաբերյալ տվյալներ են տրամադրում, կամ էլ սա բեմադրված գործողություն է, որը ռուսական կողմն ինքնագլուխ է անում։

Ճշտող հարցին, թե անձամբ ո՞ր տեսակետին է հակված՝ Նինա Կարապետյանցը նշեց, որ դժվարանում է պատասխանել․ «Եթե առաջին դեպքում ես կասկածներ ունեի, որ ՀՀ իշխանություններ են անհետևողական եղել ու թույլ են տվել, որ այլ երկրների հատուկ ծառայությունները գործեն այնպես, ինչպես կամենում են, սակայն երբ դա որոշ պարբերականությամբ կրկնվում է, արդեն այլ կասկածներ են առաջանում։ Բացի այդ, երբ դրանք հաջորդում, կամ նախորդում են որոշ իրադարձությունների, ապա այդ կասկածները բոլորովին այլ տեղ են տանում»։

Նինա Կարապետյանցը հավելեց, որ Հայաստանի տարածքում օտարերկրյա հատուկ ծառայությունները սկսել են բացահայտ ու շատ ցինիկ գործել։ «Հայաստանում բոլոր երկրների հատուկ ծառայություններն էլ կան, ինչը նորմալ է, այդպես է ամբողջ աշխարհում, բայց երբ իրենք իրենց թույլ են տալիս կարմիր գծերն անցնել ու սեփական նախաձեռնությամբ գործողություններ իրականացնել, ապա դա արդեն խոսում է մեր իշխանությունների թուլության մասին, դրանում 100 տոկոսով վստահ եմ»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան