Երևան +14°
copy image url
Արտաքին Միտք 1 ամիս առաջ - 21:00 08-04-2024

Թուրքիայում ով էլ գա իշխանության, ՀՀ-ի նկատմամբ քաղաքականությունը չի փոխվելու

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի ծանր պարտությունից մեկ տարի անց՝ 2021-ի դեկտեմբերին, մեկնարկեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հերթական փուլը։ Գործընթացի շրջանակներում երկու երկրները հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, որոնք 2022 թվականի ընթացքում 4 հանդիպում ունեցան, սակայն շոշափելի առաջընթաց, որպես այդպիսին, չհաջողվեց արձանագրել։

Չնայած գործընթացի շրջանակներում դեռևս 2022-ի հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի միջև պայմանավորածություն ձեռք բերվեց հայ-թուրքական ցամաքային սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, այնուամենայնիվ Անկարան առ այսօր հրաժարվում է իրագործել անգամ այս խորհրդանշական պայմանավորվածությունը։ 2021-ից մեկնարկած գոծընթացում միակ քիչ թե շատ շոշափելի ձեռքբերումը երկու երկրների միջև օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումն էր ու Երևան-Ստամբուլ, Երևան-Անթալիա ուղիղ չվերթների վերականգնումը, ինչը բխում է բացառապես գործարար շրջանակների շահերից, իսկ շարքային քաղաքացին դրանից ոչինչ չի շահում։

Մարտի 31-ին Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման ընտրություններում հաղթեց ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական‎» կուսակցությունը, իսկ գործող նախագահ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում‎» կուսակցությունը իր ավելի քան 2 տասնամյակ շարունավող իշխանության օրոք առաջին անգամ զբաղեցրեց 2-րդ տեղը։ Ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո ներհայաստանյան որոշ պրոպագանդիստներ, ովքեր անգամ տեղյակ չէին, որ Թուրքիայում ՏԻՄ ընտրություններ էին կայանալու, սկսել են հայ հանրությանը համոզել, թե այս ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու իրական հնարավորություն է ստեղծվել, և թուրքական ընդդիմության ավելի իրատեսական է համաձայնության հասնելը, քան Էրդողանի իշխանության հետ։

Նկատենք, որ նման պնդումները իրականության հետ աղերս անգամ չունեն, և դրանց նպատակը բացառապես հանրությանը մոլորեցնելն է։ Չափազանց կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ ՏԻՄ ընտրւթյուններում հաղթանակ տարած «Հանրապետական-ժողովրդական‎» կուսակցությունը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած քաղաքական ուժն է, որի գործունեության առանցքային ուղղություններից մեկն էլ եղել Հայաստանի առաջին հանրապետության ոչնչացումը և վերջինիս տարածքի բռնակցումը, որի հիմնականում հաջողվել է իրագործել։

Թուրքիայի Հանրապետության գոյության առաջին տարիներին՝ ՀԺԿ-ի իշխանության օրոք, ազգային փոքրամասնությունները, այդ թվում հայերը, դաժան ճնշումների են ենթարկվել, և նրանցից շատերը ովքեր փրկվել էին ցեղասպանության տարիներին, զոհվել են, կամ ստիպված են եղել հեռանալ Թուրքիայից։ Թեև «Հանրապետական-ժողովրդական‎» կուսակցությունը պրոարևմտյան քաղաքական ուժ է, կողմնակից է արևմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունների խորացմանը, ԵՄ-ին անդամակցությանը և այլն, այնուամենայնիվ վերջինս, ինչպես Էրդողանի գլխավորած քաղաքական ուժը, ազգայնական գաղափարախոսության կրող է և թուրքական ինքնությանը վերաբերող հարցերում ԱԶԿ-ին ոչնչով չի զիջում, երբեմն՝ նույնիսկ գերազանցում է։

Բացի այդ, Թուրքիայում Հայաստանի Հանրապետության նկատմամբ քաղաքականությունը սահմանվել է դեռևս 1991 թվականին, երբ նախագահը Թուրգութ Օզալն էր, ու անկախ նրանից, թե ով կլինի Թուրքիայի նախագահը, կամ որ քաղաքական ուժը կգա իշխանության, վերջինս ենթարկվելու է այդ քաղաքականությանը.

Արցախյան 44-օրյա պատերազմում Հայաստանի ծանր պարտությունից և Արցախի ամբողջական բռնազավթումից հեոտ, թուրքական կողմը հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, որը պետք է լեգիտիմացնի Ադրբեջանի բոլոր ձեռքբերումները, ինչպես նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի‎» տրամադրմամբ, որը ոչ այլ ինչ է, քան տարածքային հավակնություն՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Պակաս կարևոր չէ նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարումն ու Կարսի պայմանագրի վերաճանաչումը, որոնց դեպքում նույնպես Հայաստանի իշխանություններն առարկություններ չունեն։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում Թուրքիայում ՏԻՄ ընտրությունների ժամանակ միշտ ուշադրության է արժանանում, թե Հայաստանին սահմանկից 3 նահանգներում՝ Կարսում, Իգդիրում և Արդահանում որ քաղաքական ուժն է հաղթել։ Ուշադրության առավել արժանի է հատկապես Կարսում և Իգդիրում արձանագրված պատկերը, որովհետև հայ-թուրքական սահմանային 2 անցակետերը հենց այս նահանգներում են գտնվում, իսկ տվյալ նահանգների բնակչությունն ընտրությունների միջոցով իր ուղերձն է փոխանցում նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Իգդիրի նահանգում հաղթել է քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն‎» կուսակցությունը, որը ստացել է բնակչության ձայների մեծ մասը։ Մտահոգիչ է, որ հատկապես Կարսի նահանգում ձայների շոշափելի առավելությամբ հաղթել է գորշ գայլերի քաղաքական թևը հանդիսացող և իշխող ԱԶԿ-ի դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որը ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առավել կոշտ մոտեցում ունի, քան անգամ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ն։

Կարսում գորշ գայլերի շռնդալից հաղթանակը պայմանավորված է երկու հանգամանքով. նախ այս կուսակցությունը մեծ ներգրավվածություն ունի հատկապես Թուրքիայի արևելյան նահանգներում (Արևմտյան Հայաստան), որը մշտապես արտացոլվում է ընտրական գործընթացների ժամանակ։ Բացի այդ, Կարսի նահանգում բնակվում են 90-ականներին Հայաստանից հեռացած մեծ թվով ադրբեջանցիներ, որոնք առավել ծայրահեղական մոտեցում ունեն կարգավորման գործընթացի նկատմամբ։ Կարսում արձանագրված արդյունքերը՝ ԱՇԿ-ի հաղթանակը, վկայում են, որ նահանգի բնակչությունը չի աջակցում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և հայ-թուրքական սահմանի բացմանը։

Այսպիսով՝ փաստենք, որ անկախ նրանից, թե որ ուժը Թուրքիայում իշխանության կգա, դրանից Հայաստանի հանդեպ պետական քաղաքականությունը չի փոխվելու։ Բացի այդ, արդեն գրել ենք, որ սրանք ՏԻՄ ընտրություններ էին ու չնայած դրանցում ընդդիմության հաղթանակին, երկիրը մինչև 2028 թվականը շարունակելու է ղեկավարել Էրդողանը, ուստի հայ-թուրքական հարաբերություններում առաջիկա տարիներին նույնպես նկատելի զարգացումներ և տեղաշարժեր չեն արձանագրվի։

Եթե անգամ 2028 թվականին կայանալիք համապետական ընտրությունների արդյունքներում Թուրքիայում իշխանության գա ներկայիս ընդդիմությունը, որի շանսերը բավականին մեծ են, այդ դեպքում նույնպես ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացում թուրքական քաղաքականությունը չի փոխվի՝ վերոհիշյալ հանգամանքների հետևանքով։ Ուստի բոլոր այն պնդումները, թե առաջիկայում հայ-թուրքական հարաբերություններում նշանակալի զարգացումներ են սպասվում, պետական սահմանները բացվելու են և այլն, մտացածին են, իսկ դրանց նպատակը միայն ժողովրդին մոլորեցնելն է ու նրա ուշադրությունը առկա անվտանգային մարտահրավերներից շեղելը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված