Երևան +10°
copy image url
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 21:48 05-04-2024

Փոխադարձ մերկացումները ոչ մի նպաստ չեն բերում հայ ժողովրդին

Շարունակվում է ՀՀ երրորդ նախագահի և ՀՀ գործող վարչապետի հեռակա վիճաբանությունը։

Ապրիլի 5-ին Սերժ Սարգսյանը, հանդիպելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում արած որոշ հայտարարությունների։

Այսպես, լրագրողի այն հարցին, թե ինչ կարող է Հայաստանի նախկին նախագահը հայտնել իր իշխանության օրոք բանակցային գործընթացի և դրա հետագա զարգացումների մասին, Սերժ Սարգսյանը պատասխանել է․ «Շատ ուղիղ տեքստով եղել է(նկատի ունենալով արտաքին քաղաքական ոլորտում տեղի ունեցող վտանգավոր զարգացումների մասին իր զգուշացումները – հեղ․)։

Խոսելով այդ վտանգների մասին Փաշինյանի արձագանքի մասին՝ Սարգսյանը հավելել է․ «Եթե չեմ սխալվում՝ 2020 թվականի մարտին, երբ որ նա (նկատի ունի Փաշինյանին – հեղ․) կովիդը խեղդում էր արաղով, բառացի ասաց, որ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն մեզ վախեցնում են պատերազմով։ Բա, եթե չէինք զգուշացրել, չէինք ասել, էդ բառերը (նկատի ունի Փաշինյանի՝ 2020 թվականի մարտի վերը նշված հայտարարությունը – հեղ․) որտեղի՞ց էին»։

Նշենք, որ 2020 թվականի մարտ ամսում «Այո»-ի քարոզարշավ անելիս, Վայոց ձորում քաղաքացիների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել էր․ «Երկու-երեք տարի առաջ Ադրբեջանն էր մեզ պատերազմով վախեցնում, հիմա Սերժ Սարգսյանն ու Հանրապետականն են պատերազմով վախեցնում»։

Ավելի ուշ՝ 2020 թվականի ամռան սկզբին, Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ խոսելիս՝ հայտարարել է հետևյալը․ «Ասում են՝ վայ, Փաշինյանի կառավարությունը ճիշտ քաղաքականություն չի վարում, ու դա կբերի պատերազմի: Բա եթե դուք տենց ճիշտ քաղաքականություն էիք վարում, նենց անեիք՝ 2016 թվի պատերազմը չլիներ, եթե տենց հմուտ դիվանագետներ էիք»,- մասնավորապես ասել էր նա:

Շարունակելով իր միտքը՝ Փաշինյանը նաև ասել էր․ «Ես հանդիպել եմ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ և հինգ անգամ նրանց հարցրել՝ դուք տեղյա՞կ եք, թե ինչ է բանակցվում ղարաբաղյան հարցի շուրջ։ Եվ նրանք տեղյակ չեն եղել․․․ Ես ներկայացրել եմ հարցի լուծման իմ տեսականը, այնուհետև հարցրել նրանց՝ համաձա՞յն են։ Պարզվել է, որ բոլորը համաձայն են։ Մեր հանդիպումը եղել է գաղտնիության պայմաններում, բայց դրանից հետո՝ էդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից, ասելով, որ՝ ա՛յ, էս կառավարությունը հողեր է ծախում, հարց է առաջանում․․․ Ես էս մարդու հետ նստել-խոսել եմ, գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում և ինչ քայլերով մենք պետք է առաջ գնանք։ Եթե էս մարդը դուրս է գալիս, իր օգնականին ասում՝ գնա, Ֆեյսբուքում գրիր, որ Փաշինյանը հողերը ծախում է, ինչի՞ համար է ինքը դա անում։ Ինքը գիտի 100 %-ով, թե ինչ է կատարվում, և ընդ որում, երբ որ Հայաստանի իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել․․․ իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում։ Ե՛ս եմ Ղարաբաղի հարցի պրոցեսի մասին փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին։ Ինձնից առաջ նրանք տեղյակ չեն եղել, և դրանից հետո իրենց օգնականների սոցիալական ցանցերի․․․ նույնիսկ անձամբ գրում են, որ՝ էս ապազգային իշխանությունները», հայտարարել էր Փաշինյանը՝ խուսափելով կոնկրետացնել, թե ում նկատի ունի, ո՛վ է «տակից հրահրողը»։

«Ինչ վերաբերում է նրան․․․ ասացին, որ կար մարդ, որ և՛ ինձ հետ էր շփվում, և՛ իր հետ էր շփվում», ապրիլի 4-ի՝ լրագրողների հետ շփմանն ասաց Սերժ Սարգսյանը։ «Այո՛, կար էդպիսի մարդ, բայց ցավոք սրտի՝ էդ մարդը չի կարող հիմա վկայություն տալ․․․ Չեմ ուզում նրա անունը տալ, ուղղակի թող ինքը (նկատի ունի Փաշինյանին – հեղ․) հիշի՝ էդ մարդուն և նրա քաղաքական թիմին ինքն ի՞նչ էր ասում 2019 թվականի վերջին և 2020 թվականի սկզբին։ Ասում էր, որ ամեն ինչ լավ է, մենք ձեր թիկունքին կանգնած ենք, ամեն ինչ նորմալ է լինելու։ Բայց բանից պարզվեց, որ մարդկանց թիկունքին կանգնել է, որ նրանց թիկունքից հարվածի։ եվ հարվածեց թիկունքից»,-ասաց նա։

Ու՞մ մասին է խոսում Սերժ Սարգսյանը, և ու՞մ մասին՝ Նիկոլ Փաշինյանը․․․ կարելի է միայն կռահումներ անել, բայց փաստն այն է, որ հայոց պատմության ամենաողբերգական էջերից մեկի՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի մոտալուտ գալու մասին ոչ միայն ՀՀ նախկին ղեկավարներն են զգուշացրել գործող ղեկավարին, այլ նաև եղել ենբազմաթիվ ահազանգեր ինչպես «դրսից», այնպես էլ՝ «ներսից»։

Այդ բոլոր ազդանշաններին պատշաճ ուշադրություն չդարձնելու և մոտեցող արհավիրքին ոչ մի կերպ պատրաստ չլինելու պատճառով արհավիրքը հայ ազգի համար դարձել է աճողական, շարունակական և մշտականերևույթ։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված