Երևան +19°
copy image url
Ներքին Խոսք 4 շաբաթ առաջ - 16:00 29-03-2024

Անզորություն. Փաշինյանը սպառնում է ժողովրդին, որովհետև ամեն ինչից վախենում է

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Արցախի Հանրապետության ամբողջական բռնազավթումից հետո Հայաստանում պարբերաբար քննարկվում է՝ ԱՀ վտարանդի կառավարություն պե՞տք է ձևավորվի, թե՞ դա կարող է սպառնալիքներ ստեղծել ՀՀ-ի համար։ Օրերս Արցախի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը Le Figaro պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքում գտնվում են Արցախի նախագահի, ինչպես նաև դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները։

Շահրամանյանի հայտարարություններին նախօրեին կառավարության նիստի ընթացքում արձագանքել էր Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, որ Հայաստանում կա մի կառավարություն, որը նստած է այդ դահլիճում: Նա հերթական անգամ նաև սպառնացել էր բնակչությանը, որ Արցախի նախագահի հայտարարությունները կարող են սպառնալիքներ ստեղծել Հայաստանի Հանրապետության դեմ։

Oragir.News-ի հետ զրույցում հոգեբան Միհրդատ Մադաթյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ընդգծեց, որ կամայական կերպով Արցախի արժեքը, իշխանություններին և մնացած բոլոր բաները նվաստացնելը Փաշինյանի համար օրակարգային խնդիր են եղել միշտ, սակայն այսօր, երբ Արցախի իշխանությունները կարծես թե անուժ են, նման ապագորգոռ հայտարարությունները վկայում են այն մասին, որ նա վախենում է ոչ թե կոնկրետ ինչ-որ բանից ամեն, այլ ամեն ինչից.

«Մի օր ինքը վախենում է ինչ-որ ռուսական շպիոններից, մյուս օրը Արցախի շպիոններից, հաջորդ օրը մեկ այլ բանից, և այլն։ Երբ մարդն ամուր կանգնած չի հողի վրա, ու իր բոլոր թեզերը համեմված են ստով, բնականաբար այդ մարդը մշտապես վախի մեջ է»։

Հարցին, թե ինչո՞ւ է կառավարության ղեկավարը մշտապես տարբեր առիթներով ժողովրդին պատերազմով սպառնում՝ Միհրդատ Մադաթյանը պատասխանեց, որ այստեղ կառավարության ղեկավարի խնդիրը չէ։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը կամայական, իր համակարգում իրենից ոչ մի արժեք չներկայացնող մարդ է, ով ինչ-որ սպառնալիքներ է հնչեցնում։

«Ամուսինը, երբ իրենից ոչ մի բան չի ներկայացնում, ինչ-որ սպառնալիքներ է հնչեցնում, որ վերջում կգնա և կտենեք, թե ինչումն է խնդիրը, բայց իրականում երբ ինքը գնում է, ոչ մի բան էլ տեղի չի ունենում։ Նույնն էլ այստեղ է, պարզապես ինչ-որ անզորության ու աբստրակցիայի վիճակ է, որտեղ նա սպառնում է, որ ինչ-որ պատերազմներ կլինեն»,- ասաց նա։

Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ վերջին 6 տարում ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր պատերազմներից հետո եկել ենք այն եզրակացության, որ դրանք եղել են գիտակցված, իսկ իշխանություններն իմացել են այդ մասին։

«Պատերազմները տեղի են ունեցել, բայց առ այսօր չեն տրվել պատասխաններ ադրբեջանական ֆինանսավորման, ինչպես նաև մնացած հարցերի վերաբերյալ՝ կապված 2018-2019 թվականների հետ, ինչով խորը կասկածի հիմքեր են տալիս, որ մինչ այժմ ՀՀ-ի դեմ սանձազերծված բոլոր պատերազմները եղել են համագործակցված՝ տեղի, ժամանակի և այսօրվա իշխանությունների հետ։ Սա բացառություն չի լինելու նաև այս դեպքում, որովհետև հետագա գործերի ընթացքը ցույց է տալիս, որ դա այդպես է»,- նշեց նա։

Մադաթյանն այս համատեքստում հիշեցրեց Փաշինյանի այն հայտարարությունը, թե անհրաժեշտ է Ոսկեպարը հանձնել, այլապես պատերազմ կլինի, որից հետո արգելվում է մեկնել Ոսկեպար, ինչ-որ կերպ սատարել ոսկեպարցիներին, լրագրողներին մեքենայից իջեցնում են, որ իրավիճակը չլուսաբանվի և այլն։ Նա ընդգծեց, որ Ոսկեպարում գտնվող կարմիր բերետավորները ոչ թե ինքնակամ են այնտեղ կանգնում, այլ կառավարության հրահանգով։

Հոգեբանի հավելեց՝ այս ամենը վկայում է, որ եթե հաջորդիվ Հայաստանի դեմ նոր պատերազմ լինի, ապա դա լինելու է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա նկատում է, որ Փաշինյանը Հայաստանի տարածքներ հանձնելու մոլուցք ունի և հիշեցրեց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հայտնի ելույթն առ այն, որ կառավարության գլուխն ավելի շատ աշխատում է որպես Հայաստանում Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ, այլ ոչ թե ներկայացնում է Հայաստանին։

Դավիթ Գույումջյան