Ներքին 2 տարի առաջ - 18:09 26-03-2024

Լևոն Քոչարյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում

Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում:

«Հարգելի՛ գործընկերներ,
Վեց ամիս է անցել այն օրից, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի վրա եւ գրավել այն: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, շուրջ 10 ամիս տեւած շրջափակումից հետո, որը հանգեցրեց զանգվածային սովի, զրկանքների, հիվանդությունների եւ մահվան, ավելի քան 120.000 հայ` գրեթե ամբողջ բնակչությունը, որը կանգնած էր ոչնչացման վտանգի առջեւ, ստիպված եղավ լքել իր հայրենիքն ընդամենը մի քանի օրվա ընթացքում:

Իմ ծննդավայրում տեղի ունեցող իրադարձություններին մեծ անհանգստությամբ ու ցավով էի հետեւում Հայաստանից եւ վերապրեցի 1990-ականների սկզբին ադրբեջանական օդային ռմբակոծություններից օրերով ու շաբաթներով ապաստանում անցկացրած իմ մանկության հիշողությունները: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հնագույն եւ խոր կապ ունի իր հայրենիքի հետ, որի պատմական վկայությունները սկիզբ են առնում դարերի խորքից: Սերունդներն ապրել, աշխատել եւ կառուցել են իրենց կյանքն այս տարածաշրջանում` ստեղծելով հարուստ մշակութային ժառանգություն, որը նրանց կապում է այս հողին:

Չնայած դժվարություններին` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է անսասան մնալ հայրենիք վերադառնալու, իր քաղաքական ապագան որոշելու եւ սեփական ժողովրդավարական ինքնակառավարումն իրականացնելու ձգտումներում:

Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի համաձայն` Լեռնային Ղարաբաղի հայերը բացարձակ իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք: ՄԱԿ-ի Միջազգային դատարանն անցյալ տարվա նոյեմբերի 17-ին վճռել էր, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի «անվտանգ, անարգել եւ առանց խոչընդոտների վերադարձը»:

Մարտի 12-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել` կոչ անելով Ադրբեջանին «անկեղծորեն գնալ համապարփակ եւ թափանցիկ երկխոսության Ղարաբաղի հայերի հետ` ապահովելու նրանց իրավունքների հարգանքը եւ երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ` իրենց տները վերադառնալու ու այնտեղ ապրելու իրավունքն արժանապատիվ եւ անվտանգ պայմաններում»: Տարածաշրջանում հարատեւ խաղաղության հասնելը հնարավոր չէ, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից, իսկ Հայաստանին հարկադրում են «խաղաղություն» հասկացությունը:

Միջազգային պաշտպանության եւ երաշխիքների ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հայրենիք վերադարձին նպաստելը կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանում կայուն եւ հարատեւ խաղաղության խթանման համար, եւ այդ հասկացությունը պետք է ներառվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրում: Իսկապես, վերադարձի իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը ոչ միայն արդարության եւ մարդու իրավունքների խնդիր է, այլեւ կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ հաշտեցման առաջխաղացման համար: Միջազգային հանրությունը պարտավոր է համաձայնեցված ջանքեր գործադրել միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման եւ հակամարտությունից տուժած բոլոր անձանց արժանապատվության եւ իրավունքների ապահովման ուղղությամբ:

Շնորհակալություն»,- ասել է Լեւոն Քոչարյանը:

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»