Երևան +13°
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 17:30 26-03-2024

Վարորդական վկայական ստանալու գործընթացն անտեղի բարդացնելը կբերի կոռուպցիոն ռիսկերի

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ մարտի 25-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ ավտովթարների ահագնացող թվերը սկսել է դառնալ ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր, և առաջարկեց բարդացնել վարորդական իրավունքի վկայական ստանալը.

Oragir.News-ի հետ զրույցում իրավաբան Մհեր Հակոբյանը կարծիք հայտնեց, որ վարորդական վկայական ստանալու գործընթացն անտեղի բարդացնելը կբերի կոռուպցիոն ռիսկերի մեծացման։

«Այնուամենայնիվ, կարծում եմ՝ խոսքը 10 տարին մեկ քննություն հանձնելու մասին է։ Բայց դա սխալ բան է։ Խնդրի աղբյուրն էդտեղ չէ»,- ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք վարորդական իրավունքի վկայական ստանալու ընթացքը բարդացնելը կարո՞ղ է նվազեցնել վթարներն ու դժբախտ պատահարները, Մհեր Հակոբյանը պատասխանեց.

«Իհարկե՝ ոչ։ Խնդրի արմատն այլ տեղ է՝ մեր երթևեկության կարգավորման մեջ է։ Ունենք անտրամաբանական պահանջներ, սխալ կարգավորումներ։ Այնուհանդերձ՝ վկայական ստանալու գործընթացն անտեղի բարդացնելը կբերի կոռուպցիայի մեծացման։ Այսինքն՝ մարդիկ չեն կարողանա հաղթահարել բարդություններն ու կգնան կոռուպցիոն ռիսկերի։ Պետք է ողջամիտ լինել։ Խստացնելն ունի օգտակարության գործակից, բայց ամենազոր չէ, ինչպես մարդկանց թվում է»,- պարզաբանեց իրավաբանը։

Իրավաբանի խոսքով՝ համակարգն ուրճացնելն, անտեղի, անօգուտ, անտրամաբանական տեղեկատվությամբ լցնելը կբերի բարդացման, բայց չի բերի էֆեկտիվության։

«Երբ գնում ես քննություն հանձնելու՝ տեսական հարցաշարերի մեջ այնքան անտեղի, անիմաստ, անտրամաբանական հարցեր կան, որոնք դու զուտ մեխանիկորեն անգիր ես անում, բայց դրանք գործնականում պետք չեն գալիս։ Հիմա կարող են պայմանական 100 հարցը սարքել 1000 հարց։ Եթե պետք է անտեղի, անտրամաբանական, կյանքում չկիրառվող բաներով լցնեն՝ իմաստը որ՞ն է, մեկ է՝ դու որակյալ վարորդ չես ունենալու։

Լուծումն այլ տեղ պետք է փնտրել, և այդտեղի ամենախորքը կառավարման որակի բարձրացումն է, որի մասնավոր տարրն է՝ ոստիկանական համակարգի բարեփոխումը։ Թանկարժեք մեքենան, բարձր աշխատավարձը և ոստիկանության գլխարկը «Դուխով»-ի նման գլխարկով փոխելը բարեփոխումներ չեն։ Դրանք արտաքին շիրմա են։ Եթե տակը ոչինչ չլցրեցիր՝ կունենանք սա։ Իսկ մենք այս պահին ունենք սա»,- եզրափակեց Մհեր Հակոբյանը։