Երևան +21°
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 16:28 22-03-2024

ԿԳՄՍ ոլորտում իրականացվել է 45 ռազմավարական ծրագիր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի՝ իր գլխավորած ոլորտի հատվածը։ Անդրեասյանի խոսքով, 2023 թվականին հաստատվել է ««ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը՝ կրթության բոլոր մակարդակներում հստակ թիրախներով և ժամանակացույցով:

Մասնավորապես՝ «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» շրջանակում իրականացվել է նախատեսված ավելի քան 45 ռազմավարական ծրագիր: Սեպտեմբերից բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում ներդրվել է հանրակրթության նոր պետական չափորոշիչը. պարտադիր են դարձել նախագծային ուսուցումը, խմբակներն ու հետազոտական աշխատանքը: Տարրական դասարաններում միավորային գնահատում այլևս չի իրականացվում, հանվել է անբավարար գնահատականային շեմը, ներդրվել է պարտադիր երկարօրյա ուսուցում ցածր առաջադիմությամբ աշակերտների համար: Մարզերի և Երևանի 293 դպրոցներ ընդգրկվել են մինչև 2026 թվականի 300 դպրոցների վերակառուցման, կառուցման, հիմնանորոգման և նոր գույքով ամբողջական հագեցման ծրագրի ցանկում: ՏՀՏ և բնագիտական լաբորատորիաներ են ստեղծվել Արմավիրի մարզի 88 և այլ մարզերի ու Երևանի 12 նորակառույց դպրոցներում:

«Ուսուցիչների տարակարգի մեխանիզմը կապակցվել է ուսուցչի դասավանդման հմտություններին: Նոր մեխանիզմով տարակարգ է ստացել 101 մանկավարժ, այդ թվում՝ առաջին անգամ ամենաբարձր՝ 50 տոկոս հավելավճարով»,- նշել է ԿԳՄՍ նախարարն ու հավելել՝ տարակարգի և կամավոր ատեստավորման համակարգերի միջոցով առկա են 400.000-ից մինչև 600.000 ՀՀ դրամ վարձատրություն ստացող ուսուցիչներ: 400.000 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ է արդեն ստանում շուրջ 220 ուսուցիչ:

Սեպտեմբերից 25 տոկոսով բարձրացել է բնագիտական առարկաների և ինֆորմատիկայի ուսուցիչների աշխատավարձը. ծրագրի շահառու է 8420 ուսուցիչ՝ աշխատավարձի շուրջ 32.000 դրամ աճով: Սեպտեմբերից բարձրացել է նաև մինչև 100 սովորող ունեցող 64 գյուղական դպրոցների շուրջ 3000 ուսուցչի վարձատրությունը, ում դրույքաչափն ավելացել է՝ միջինում 71.700 դրամից հասնելով 115.300 դրամի:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններում համընդհանուր ներառական կրթության ներդրման գործընթացի աշխատանքները: Շարունակվում է 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագիրը: 145 հաստատությունում շինարարական աշխատանքներն ավարտվել են, 90-ում՝ ընթացքի մեջ են:

Ավագ դասարաններում փորձնական կարգով ներդրվել է կրեդիտային համակարգը, որի շրջանակում դպրոցների կրեդիտները ճանաչվում են բուհերի կողմից: Առաջին անգամ ընդունելության քննություններն անցկացվել են երկու փուլով, ինչի արդյունքում նվազել է դիմորդների քննական սթրեսն ու լարվածությունը, ինչպես նաև նրանք հնարավորություն են ստացել լավագույն կերպով դրսևորել իրենց կարողությունները:

Մշակվել և հաստատվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը: Գերմանական ճարտարապետական ընկերության կողմից մեկնարկել են գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները: Քննարկվում են նաև դեպի այդ քաղաք հասնելու տրանսպորտային ուղիները:

Գիտության ոլորտում 2023 թվականին մշակվել և ներդրվել է գիտաշխատողների ատեստավորման նոր կարգ, որով սահմանվել են որակական և քանակական նոր պահանջներ՝ համադրելի միջազգային չափորոշիչների հետ:

Վերոնշյալ ոլորտի ֆինանսավորումը՝ ներառյալ ռազմարդյունաբերությունը, կազմել է շուրջ 36 մլրդ դրամ, ինչը 2022 թվականի ֆինանսավորման չափից ավելի է 6,2 մլրդ դրամով կամ 20,8 տոկոսով: 2018 թվականի 14,3 մլրդ դրամի համեմատ 2024 թվականին ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 25,9 մլրդ դրամով կամ շուրջ 2,8 անգամ: Շարունակվել է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման գործընթացը:

Անդրադառնալով սպորտի ոլորտի ցուցանիշներին՝ նախարարը նշել է, որ 2023 թվականին Հայաստանի մարզիկները նվաճել են 445 մեդալ՝ 125 ոսկե, 127 արծաթե և 193 բրոնզե: 2022 թվականի ցուցանիշից սա ավելի է 44,9 տոկոսով: Մեդալներից 25-ը նվաճել են կանայք:

Մշակույթի ոլորտում իրականացվել է 18 կրթամշակութային ծրագիր:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն: