Երևան +10°
copy image url
Միտք Ներքին 1 ամիս առաջ - 09:00 20-03-2024

ՆԱՏՕ-ն կարո՞ղ է կանխել ռուս-ադրբեջանական ագրեսիան 

Աներկբա է, որ ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելուն զուգահեռ նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկություն է հայտնելու։ Այդ ճանապարհն անցել են մեր երբեմնի բախտակից երկրները։ Ակնկալվում էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Երևան այցի ընթացքում այս մասին կակնարկվեր, սակայն Փաշինյանի, Խաչատուրյանի և Ստոլտենբերգի խոսքերում անդրադարձ կար միայն հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Ենթադրելի է, որ խաղաղության պամանագրի ստորագրումից հետո ՀՀ-ն կարող է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել։ Հիշեցնենք նաև, որ մարտի 12-ին Փաշինյանն ասուլիսում ժպիտով ասել էր, որ հնարավոր է՝ մինչև Նոր տարի ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Նշանակում է՝ այս տարի ՆԱՏՕ-ին անդամակցելու թեմա չի բացվելու։ Հետևաբար ինչո՞ւ էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն եկել Երևան։

«Մենք շահագրգռված ենք շարունակելու զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը և ընդլայնելու գործընկերությունը Դաշինքի, ինչպես նաև առանձին անդամ պետությունների հետ: Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը՝ «Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը», շուտով կհաստատվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո։ Սա, իհարկե, ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ չէ, բայց գործակցության խորացման նշան է։

Ուշագրավ է գնահատվել Ստոլտենբերգի հետևյալ ընդգծումը՝ «Եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանով»։ Ենթադրաբար՝ ակնարկվում է, որ ՌԴ-ն կարող է ոգևորել ավտորիտար Ադրբեջանին, և միասին կարող են հարձակվել ՀՀ-ի վրա։ Հետևաբար՝ ՀՀ-ն պետք է շահագրգռված լինի, որ Ուկրաինայի ազատության պատերազմը հաջողությամբ պսակվի։ Եթե Երևանում Ստոլտենբերգն այս մասին ակնարկում է, ապա Թբիլիսիում բաց է հայտարարում, որ Վրաստանը կարող է ավելին անել Ուկրաինայի ազատության համար ընդհանուր պայքարում։

ՀՀ-ի հետ Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրի մշակման մասին ավելի վաղ՝ հունվարին, հայտնել էր Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։ Տակավին անհայտ են այս ծրագրի հավակնոտ նպատակները։ Հայտնի է միայն, որ Վրաստանի հետ նույնանուն ծրագիրը նույնպես սկսվել է մշակվել հունվարին։ Չնայած՝ Թբիլիսին դեկտեմբերին ստացել է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, սակայն ազատ աշխարհին ինտեգրվելու ճանապարհին ՀՀ-ն և Վրաստանն, այս առումով, նույն դասարանում են հայտնվել։ Մեկ տարբերությամբ, որ ՀՀ-ն, կարծես՝ ներառական խմբում լինի։ Նրանից քիչ է պահանջվում, որպես ճակատագրի բերումով կամ հիմնադիր հայրերի սխալների պատճառով տուժած։

Թեև ՀՀ-ի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության կամ հեռանկարի մասին ուղիղ խոսք չկար Փաշինյանի, Ստոլտենբերգի, Խաչատուրյանի խոսքերում, սակայն կային արժեբանական ընդգծումներ։ Մասնավորապես՝ Խաչատուրյանն ընդգծում է՝ «ՆԱՏՕ-ն, երբ ստեղծվում էր երկու հիմնական գաղափարի շուրջ էր կենտրոնացած։ Առաջինը՝ պաշտպանել ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգությունը և այն արժեքները, որոնք դավանում են այդ երկրները, իսկ այդ արժեքներն են՝ ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։ Հիմա մենք առաջնորդվում ենք այդ սկզբունքներով և ամեն ինչ անում ենք, առկա մարտահրավերներին դիմակայելու, մեր անկախությունն ու ժողովրդավարությունն ամրապնդելու համար»։ Այս ասելով, ՀՀ նախագահը, հավանաբար՝ ակնարկում է, որ հայ ժողովուրդը և ՆԱՏՕ-ն արժեբանական ընդհանրություն ունեն և կարող են համագործակցել ՀՀ անկախության և ժողովրդավարության պաշտպանության գործում։ Արժեքների վրա շեշտադրում կա նաև ՆԱՏՕ-ի պաշտոնյայի խոսքում։

Այս անորոշության պարագայում մնում է ենթադրել, որ ՆԱՏՕ-ի հետ Անհատապես հարմարեցված գործընկերությունը հենց այն ծրագիրն է, որով ՀՀ-ն փորձելու է միջազգային անվտանգային կառույցի ուժերով մեծացնել իր դիմակայունությունը։ Սակայն բաց է մնում գլխավոր հարցը, ի՞նչ կարող է անել ՆԱՏՕ-ն ադրբեջանա-ռուսական հավանական ագրեսիան կանխելու ուղղությամբ։

Թաթուլ Մկրտչյան