Երևան +21°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 22:33 15-04-2023

Ադրբեջանական ագրեսիան չի դադարելու, քանի դեռ ՀՀ ներկա իշխանությունները չեն հեռացել․ քաղաքագետ

Սամարղանդում տեղի ունեցած հանդիպումը սովորական հանդիպումներից մեկն էր, որից առանձնակի սպասելիքներ ունենալ պետք չէ։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանն՝ անդրադառնալով ՀՀ և ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև կայացած հանդիպմանը։

«Դա պաշտոնական այց չէ, առանցքային պրոցես չի կատարվում, որ մենք դրա արդյունքում ինչ-որ մի մեծ իրադարձություն է լինելու։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում էր այսպես ասած, գործընթաց երկու հարթություններում՝ ռուսական և արևմտյան։ Այս անգամ հերթական հանդիպումն է կայացել՝ ռուսական հարթակում։

Վաղը կամ մյուս օրը նման հանդիպում կլինի արևմտյան հարթակում։ Այսինքն՝ գործընթացը պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին, այլ ընդհանուր դիտանկյունից, թե ինչ հետևություն է լինելու այս մրցակցությունից, որից Հայաստանը միայն տուժելու է»,- ասաց նա։

Միջազգային հարթակների այս մրցակցային ֆոնին, քաղաքագետը չի համաձայնում տեսակետին, որ Հայաստանը դիտորդի դերում է հանդես գալիս։

«Այդ առումով դիտորդի հարց չկա։ Երկու հարթություններում էլ Ադրբեջանի ու Հայաստանի միջև գործընթացն ընթանում է։ Բայց ինչո՞ւ է այդ մրցակցությունից առավելապես շահում Ադրբեջանը։ Քանի որ այդ երկիրը պատերազմում հաղթել է, հաղթած երկիրն ունի առավելություն՝ դիվանագիտական առավելություն։ Դա դասագրքային ճշմարտություն է։ Եթե դու մրցում ես Արևմուտքի և Ռուսաստանի մեջ, ապա Ադրբեջանն Արևմուտքին և Ռուսաստանին մրցակցության է հրավիրել, թե ով ավելի շատ կզիջի Ադրբեջանին։

Այսինքն, այդ մրցակցությունից շահում է Ադրբեջանը, և տուժում է Հայաստանը։ Թե ինչու է Հայաստանը մտել այդ պրոցեսի մեջ՝ ինձ համար շատ դժվար է ասել։ Կարծում եմ, որ սա ուղղակի կատաստրոֆա է, մանավանդ, որ Հայաստանն ինքն է ցանկացել, որպեսզի այդ երկու հարթությունները լինեն»,- ասաց նա։

Քաղաքագետն այս ամենը ներկայացնում է ավելի պարզ բառերով․ Հայաստանի այսօրվա իշխանությունը թակարդի մեջ է գցել Հայաստանին, որից մեր երկիրը միայն տուժելու է։ Իսկ Արցախի ու Հայաստանի հետ կապված վերջին բոլոր գործընթացները դրա արդյունքն են։

«Արևմտյան հարթակի հանդիպումից առաջ միշտ լինելու են այդպիսի հարձակումներ, սպանություններ, տարածքի գրավում։ Սա անընդհատ պրոցես է լինլու, քանի դեռ այս գործընթացը շարունակվում է։ Իսկ այս գործընթացը կշարունակվի, քանի դեռ այս իշխանությունը կա։ Որովհետև այս իշխանությունն ինքն է այն հեղինակներից մեկը, որը այդ պրոցեսը կտանի այդ երկու հարթությամբ»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե կարո՞ղ է Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին ռուսական կողմի ոչ համաչափ արձագանքը կապված լինել հենց այս հանգամանքի հետ՝ Բոզոյանն ասաց, որ այդ վերաբերմունքը գնալով կարող է ավելի զգալի դառնալ։

«Մի գաղտնիք բացեմ։ Հետագայում թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի ներկայացուցիչներն ավելի ադրբեջանական դիրքորոշում են ունենալու։ Հիշեք խոսքերս։ Որպեսզի հասկանաք, թե դա ինչու է այդպես, պատկերացրեք հետևյալ տարբերակը։ Ենթադրենք՝ Դուք ունեք վեճ մեկ այլ մարդու հետ։ Այդ մարդու հետ վիճում եք ու ինչ-որ մեկը ցանկանում է՝ Ձեզ միջնորդ կանգնեցնի։ Բայց, դիմացի մարդն ավելի հարուստ, ավելի հզոր է, քան Դուք։ Այդ միջնորդն էլ օբյեկտիվորեն, անկախ ամեն ինչից, փորձելու է ուժեղի հետ ավելի լավ հարաբերություն ունենալ։ Հիմա այդ միջնորդն այն ուժեղի հետ է ուզում աշխատել։ Հիմա էլ Դուք մի հատ ուրիշ միջնորդ եք ուզում բերել, որ այդ միջնորդն էլ մրցակցի այդ միջնորդի հետ։ Այդ միջնորդն էլ տեսնում է, որ նա ավելի ուժեղ է։ Այդտեղից իրավիճակը փոխվում է ավելի վատ տարբերակով։

Այսինքն, երկու միջնորդներ պայքարում են՝ ուժեղի հետ աշխատելու համար։ Այսինքն, սա, կրկնում եմ, դասագրքային ճշմարտություն է։ Եթե դու պարտվել ես պատերազմում, ապա դու պարտվելու ես դիվանագիտական հարթակում»,- ասաց քաղաքագետը։

Այս պարագայում, ըստ քաղաքագետի, Հայաստանը պետք է զերծ մնար երկու հարթակներում աշխատելու քաղաքականությունից ու գործունեության համար ընտրեր դրանցից միայն մեկը։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը կար։ Իրենք պետք է պրոցեսը տանեին այդ համաձայնագրի կյանքի կոչման․ ճանապարհներ բացեին, Ղարաբաղի թեման առկախվեր, ինչպես որ որոշված էր։ Եթե Հայաստանն այդ ճանապարհով գնար, ապա, կարծում եմ, որ Հայաստանը շատ ավելի բարվոք վիճակում կլիներ, քան այսօր։

Այսինքն, այդ սպանությունները չէին լինի, հողի գրավումները չէին լինի, Լաչինի միջանցքը կաշխատեր, կարծում եմ, որ նույնիսկ կոմունիկացիաները կբացվեին։ Չեմ ասում, թե Հայաստանը հետ կվերցներ իր տարածքները, ո՛չ։ Դրա մասին այսօր մտածելը, մեղմ ասած, ֆանտազիա կլինի, որովհետև Հայաստանը թույլ վիճակում է։ Բայց Հայաստանը կունենար շանս՝ ժամանակի ընթացքում ուժեղանալու»,- ասաց նա։

Այս դեպքում էլ, ըստ քաղաքագետի, Ադրբեջանն, իհարկե, փորձելու էր խանգարել, բայց խաղի կանոնները կգնային նոյեմբերի 9-ի համաձայնագրի տրամաբանությամբ։

«Դրա փոխարեն Հայաստանը գնաց երկրորդ հարթակն ստեղծելու ճանապարհով։ Դրա արդյունքում, փաստացի, մեր երկիրը շատ ավելի ծանր վիճակում հայտնվեց։ Հիմա Դուք պերմանենտ տեսնելու եք այդ հարձակումները և զինվորների սպանությունը։ Դա լինելու է պերմանենտ, քանի դեռ այդ երկու հարթակները կան։ Իսկ այդ երկու հարթակները կան, քանի դեռ ՀՀ ներկա իշխանությունները կան»,- ասաց նա։

Քաղաքագետը խնդրի լուծումը տեսնում է միայն ՀՀ ներկա իշխանությունների հեռացման պարագայում։

Ամենից շատ դիտված