Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:28 18-03-2024

«Սուրմալուն» կրկին փակ է. Տեսչական մարմինը ստուգում է իրականացնում

Այսօր՝ 16։00-ի սահմաններում, Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի մուտքերը ժապավեններով փակ են։

Պարզելու համար՝ ինչով է պայմանավորված ժապավեններով փակ լինելու հանգամանքը, Oragir.News-ը տեղում փորձեց տեղեկատվություն ստանալ անվտանգության աշխատակիցներից, սակայն նրանք հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ։ Փորձեցինք հեռախոսային կապ հաստատել նաև առևտրի կենտրոնի տնօրենության հետ, սակայն կապի դուրս գալ այդպես էլ չստացվեց։

Oragir.News-ի հետ զրույցում ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը նշեց, որ կենտրոնի փակ լինելու պատճառը դեռ նախորդ տարվանից պլանային կարգով բոլոր խոշոր առևտրի կենտրոններում ստուգումներ իրականացնելն է․

«Այն առևտրի կենտրոնների գործունեությունը, որոնցում նախորդ տարվա պլանային կարգով իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են խախտումներ, դադարեցվել են։ Արձանագրված խախտումների մի մասը շտկվել է։ Իսկ այն խախտումների համար, որոնք շտկելը մի քիչ ավելի ժամանակատար է, կարգադրագրով սահմանվել են հստակ ժամկետներ։

Տեսչական մարմինը, այս տարեսկզբից սկսած, վերստուգում է իրականացնում, պարզելու՝ որքանով են շտկվել կարգադրագրի՝ նախկինում տրված պահանջները»։

Ելենա Զոհրաբյանի խոսքով՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում հայտնաբերել են արձանագրված խախտումների ոչ ամբողջ ծավալով իրականացված շտկումներ․

«Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է կենտրոնի գործունեության դադարեցման որոշում մինչև ամբողջ ծավալով խախտումների վերացումը»։

Oragir.News-ի հարցին՝ ինչպիսի խախտումներ են արձանագրվել առևտրի կենտրոնում, Զոհրաբյանն առանձնահատուկ նշեց․

«Օրինակ՝ ամենախնդրահարույցն ու ժամանակատարն այն է, որ պետք է իրականացվեր ծխահեռացման համակարգերի ամբողջական մոնտաժում, որն իրականացվել էր մասնակի»։

Ճշտող հարցին՝ ստուգումներով պայմանավորված՝ առևտրի կենտրոնի գործունեությունը դադարեցվա՞ծ է, Տեսչական մարմնից պատասխանեցին.

«Այո, քանի դեռ ժապավենները փակցված են, ներսում առևտուր չի կարող իրականացվել»:

Անդրադառնալով այն հարցին, թե մինչև երբ են «Սուրմալու» առևտրի կենտրոնում շարունակվելու ստուգումները, աշխատակիցը նշեց․

«Տեսչական մարմինը չի որոշում ժամկետները. դա կախված է նրանից, թե տնտեսավարողը ինչ ժամանակում և ինչ ծավալով ու ինտենսիվությամբ կիրականացնի շտկումները։ Շտկումներն իրականացնելուց հետո տնտեսավարողը, ըստ ընթացակարգի հաջորդ փուլի, դիմում է ներկայացնում, որ ինքը մեր կողմից տրված կարգադրագրով ամբողջությամբ շտկել է խախտումները, որից հետո մեր մասնագետները նորից գնալու են տեղում կետ առ կետ ուսումնասիրման։ Դրական արդյունքի դեպքում Տեսչական մարմնի ղեկավարը մասնագիտական ստորաբաժանման հետ կքննարկի առևտրի կենտրոնի հետագա շահագործման հարցը, ու կկայացվի համապատասխան որոշում»,- ամփոփելով խոսքը՝ նշեց Զոհրաբյանը։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո