Մամուլ 2 տարի առաջ - 09:04 16-03-2024

Խայտառակ վիճակ. ի՞նչ է կատարվում նույնականացման քարտերի տրամադրման գործընթացում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում «Փաստին» են դիմում բազմաթիվ քաղաքացիներ՝ դժգոհելով, որ նորից լուրջ խնդիրներ են առաջացել նույնականացման քարտերի ստացման հետ կապված: Մասնավորաբար, երբ առցանց հերթագրմամբ մոտենալով Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներ՝ քաղաքացին դիմում է նույնականացման քարտ ստանալու նպատակով, նրան տեղեկացնում են, որ «սարքը չի աշխատում», ուստի չեն կարող դիմում ընդունել: Քաղաքացուն ուղղորդում են այլ ստորաբաժանում՝ ընդ որում նշելով, թե որևէ երաշխիք չկա, որ այնտեղ «սարքն աշխատում է»: Այդ իսկ պատճառով, խորհուրդ են տալիս մոտենալ ՕՎԻՐ: Հարցի հետ կապված «Փաստը» դիմեց ՆԳՆ՝ պարզելու, թե ինչու է նման վիճակ ստեղծվել:

Նախարարությունից ստացված պատասխանը փաստացի հաստատում է, որ կա նման խնդիր: «Նույնականացման քարտերի համակարգում ի հայտ եկած անսարքությունների պատճառով քաղաքացիներին նվազագույն անհարմարություններ պատճառելու նպատակով նույնականացման քարտի դիմումի/փոխանակման ամրագրում ունեցող քաղաքացիները ուղղորդվում և սպասարկվում են այլ տարածքային ստորաբաժանումներում, այդ թվում՝ Ծառայության գլխամասային գրասենյակում՝ առանց հերթագրման սահմանափակումների»։ Ու ոչ մի խոսք այն մասին, թե երբ կկարգավորվի այս քաոսը:

Ինչ վերաբերում է «առանց հերթագրման սահմանափակումների» ձևակերպմանը, ապա պետք է նշել, որ առանց այն էլ հերթերի մեծ քանակի, առցանց հերթագրման մեծ խտության պայմաններում չափազանց անգործ է պետք լինել՝ ռիսկի դիմելու և հույսը դնելու նրա վրա, որ ժամեր չի կորցնելու՝ մինչ «ազատ պատուհան» կլինի, ու իրեն կսպասարկեն: Մյուս կողմից՝ ստացվում է՝ քաղաքացին քաղաքի մի ծայրից մյուսը պիտի հասնի՝ գտնելու «աշխատող սարքով» ստորաբաժանում կամ մոտենալու ծառայության գլխամասային գրասենյակ:

Հաջորդ խնդիրը վերաբերում է նրան, որ առցանց հերթագրման դեպքում քաղաքացին ստանում է ծանուցում՝ մոտենալ թիվ այսինչ օպերատորին, սակայն տվյալ ժամին այցելելով՝ ականատես են լինում մեկ աշխատող պատուհանի, որի վրա փակցված է միանգամից 3 ցուցանակ՝ 1,2,3 թվերով: Այսինքն, տասնհինգ րոպեի ընթացքում մեկ օպերատորը պետք է սպասարկի տվյալ ժամի համար գրանցված միանգամից 3 քաղաքացու: Նման վիճակի ականատես է եղել նաև մեր թղթակիցը՝ արձանագրելով, որ դրա արդյունքում 9:15-ի համար հերթագրվածները սպասարկվում էին 9:25, ինչը նշանակում էր, որ հետագա ժամերին գրանցվածներն ավելի «հետ էին ընկնելու»:

Այս թեմայի հետ կապված ՆԳՆ-ից ընդամենը պատասխանել են. «Էլեկտրոնային հերթագրում ունեցող քաղաքացիներին ծառայությունների մատուցումը ապահովվում է ամբողջ ծավալով»: Այստեղ, ինչպես ասում են, առանց մեկնաբանությունների. փաստացի ՆԳՆ-ն ասում է՝ ձեր աչքերին մի հավատացեք, մենք հիասքանչ ենք աշխատում: Եթե սրան գումարենք, որ այլևս չեն տրամադրվում «չիպային» նույնականացման քարտեր, ինչը ահռելի խնդիրներ է ստեղծում մարդկանց համար, վիճակն առավել պարզ կլինի:

Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցը օրերս քննարկվել է նաև ԿԲ-ում, քանի որ հատկապես բանկային համակարգում այն լուրջ բարդություններ է առաջ բերում: Բայց սա առանձին թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
18:09 Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. Հետք