Ուղիղ եթեր
Գազայի անկախությունը հալալ է, Արցախինը՝ հարամ. ո՞ւմ է հաճոյանում Փաշինյանը
copy image url

Գազայի անկախությունը հալալ է, Արցախինը՝ հարամ. ո՞ւմ է հաճոյանում Փաշինյանը

Ներքին Արտաքին Միտք 1 տարի առաջ - 16:30 08-03-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայ հասարակության առնվազն գիտակից հատվածի համար զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է մի հայտարարություն անել, իսկ որոշ ժամանակ անց նախորդին տրամագծորեն հակասող մեկ այլ հայտարարություն հնչեցնել։ Փաշինյանի նախորդ հայտարարությանը հղում կատարելն ու նրան այդ մասին հիշեցնելը նույնպես անիմաստ գործ է, քանի որ վերջինս կա՛մ կհերքի իր առաջին հայտարարությունը, կա՛մ կպնդի, որ դա արել է բոլորովին այլ իրողությունների պայմաններում, իսկ այժմ իրավիճակ է փոխվել։

Ասվածի լավագույն օրինակը Արցախյան հիմնահարցն է. եթե 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության վստահությունը վայելող Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ մեկ ամիս անց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին անվանում մարզպետ, ապա 3 տարի անց՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին նույն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, իսկ արդեն ամիսիներ անց՝ 2023 թվականի մայիսի 22-ի իր ասուլիսում ուղիղ տեքստով պնդեց, որ Ադրբեջանի 86.600 քառակուսի կմ տարածքն ընդգրկում է նաև Արցախը, ինչպես նաև նախկին անկլավները։ Փաշինյանն այս հայտարարությամբ փաստացի կատարում էր իր երբեմնի կիրթ և կառուցողական գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի պահանջը, ով ցանկանում էր, որ Փաշինյանը նույնությամբ հայտարարի՝ «Արցախն Ադրբեջան է և վերջ»։

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց և Ադրբեջանի կողմից այն ամբողջովին բռնազավթելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր գլխավորած քաղաքական ուժի անդամների և մերձիշխանական շրջանակների հետ միասին հայ հասարակությանը փորձում են համոզել, որ նման վատթարագույն սցենարն անխուսափելի էր, իսկ Հայաստանը վաղուց էր Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Ընդ որում, իշխանությունները և վերջիններիս կից շրջանակները ՀՀ-ի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու տարբեր տարեթվեր են նշում. մի դեպքում դա 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրն է, իսկ մեկ այլ դեպքում 2007 թվականին ընդունված Մադրիդյան սկզբունքները, կամ 2016 թվականի ապրիլյան պատերազմը։ Հստակ է մի բան, որ չնայած նման մանիպուլյատիվ պնդումներին՝ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, ով Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում. այս մասին հայտարարել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Արցախի անկումից հետո հայ հասարակությանը համառորեն փորձում են համոզել նաև, որ ներկայիս իրողությունների պայմաններում միջազգային հարաբերություններում առաջին պլան է մղել պետությունների տարածքային ամբողջականության և միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքը, որին ստորադասվում է անգամ ազգերի ինքնորոշման սկզբունքը, ուստի Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կազմից դուրս գոյություն ունենալու անգամ տեսական հնարավորություն չուներ։ Այս քարոզչական թեզն այնքան համառորեն էր տարածվում և մինչև օրս էլ շարունակվում է տարածվել, որ մեր պատերազմական շոկից դուրս չեկած մեր ազգաբնակչությունը կարծես թե համակարպվել է իրեն պարտադրված իրականության հետ։

Օրերս Եգիպտոս կատարած այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի հայտարարություն արեց, որը կարծես թե վրիպեց հայ հասարակության և փորձագիտական շրջանակների ուշադրությունից։ Փաշինյանն, անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, հայտարարեց, որ Հայաստանը մշտապես աջակցել է միջազգային հանրության կողմից որդեգրված «երկու պետությունների» սկզբունքին»։ Նա միևնույն ժամանակ նշեց, որ Հայաստանը հումանիտար օգնություն կուղարկի Գազա և այս հարցում մեծապես կարևորեց Եգիպտոսի դերը, որը միակ երկիրն է, ում տարածքով ներկայումս հնարավոր է բեռներ փոխադրել շրջափակված Գազա։

Գաղտնիք չէ, որ արաբ ժողովուրդը մշտապես բարեկամական վերաբերմունք է ցուցաբերել հայերի նկատմամբ, Հայոց ցեղասպանության տարիներին ապաստան է տվել և խնամել է հազարավոր հայ գաղթականների, ուստի Գազայի հարցում Փաշինյանի դիրքորոշումը, ինչպես նաև հումանիտար օգնություն ուղարկելու որոշումը կարելի էր ողջունել, եթե նա չլներ Հայաստանի այն ղեկավարը, ով Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, իսկ ներկայումս հանդես է գալիս պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանության օգտին։ Ստեղծված իրավիճակում առնվազն տարակուսելի է, որ Փաշինյանը Արցախի պարագայում այն հեշտորեն կարողացավ ճանաչել Ադրբեջանի կազմում, սակայն Գազայի պարագայում հիշել է, որ Հայաստանը պաշպանում է 2 պետությունների սկզբունքը։

Հատկանշական է նաև, թե հայ ժողովրդի կենսական շահերից հրաժարվելու գնով ո՞ւմ շահերն է փորձում պաշպանել Նիկոլ Փաշինյանը։ Թեև Գազայի հարցում իսլամական աշխարհի առաջատար երկրներն ունեն միասնական դիրքորոշում առ այն, որ պետք է անկախ պաղեստինյան պետություն ձևավորվի 1967 թվականի սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, սակայն այս դիրքորոշման պաշտպանության առաջամարտիկները երկուսն են՝ Իրանը և Թուրքիան, որոնք ամենամեծ աջակցությունն են ցուցաբերում Իսրայելի հետ շուրջ 5 ամիս պատերազմող պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը։

Իրանի Իսլամական Հանրապետության պարագայում Հայաստանը վերջինիս հաճոյանալու խնդիր չունի, քանի որ Թեհրանը անվերապահորեն ճանաչում է մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև բազմիցս հայտարարել է, որ այն իր համար կարմիր գիծ է։

Կարծում ենք, որ Գազայի հարցում 2 պետության սկզբունքը պաշպանելով Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաճոյանալ Թուրքիային և անձամբ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հույս ունենալով, որ վերջինս իր այս քայլը կգնահատի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում որոշակի դրական տեղաշարժ կարձանագրվի։ Ավելորդ չէ պնդել, որ Փաշինյանի այս քաղաքականությունը Անկարայում որակվելու է ոչ այլ ինչ, քան քծնանք, և այն որևէ կերպ չի նպաստելու կարգավորման գործընթացին, ինչպես չնպաստեց օրինակ Արցախից հրաժարումն ու այն Ադրբեջանի կազմում ճանաչելը։

Հարց է առաջանում, թե այս իրավիճակում ինչպես կվարվեր Հայաստանի շահերի մասին մտածող ղեկավարը. Գազայի օրինակը չափազանց լավ հնարավորություն էր հայկական կողմի համար, որպեսզի վերջինս հետ կանչեր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու փաստաթղթի տակ իր դրած ստորագրությունը՝ պնդելով, որ այս հակամարտությունը նույնպես պետք է լուծվի 2 պետության սկզբունքի վրա։ Առավել հմուտ պետական գործիչը Հայաստանի այս դիրքորոշումը կփորձեր շահարկել նաև Իրանի և հատկապես Թուրքիայի հետ հարաբերություններում, որպեսզի վերջինս ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը չպայմանավորեր Արցախն Ադրբեջանին հանձնելու և այդ երկրի տարածքային ամբողջականությունն անվերապահ ճանաչելու գործոններով։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ զոհաբերեց հայ ժողովրդի կենսական շահերը և դրա միջոցով փորձում է հաճոյանալ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական դերակատարներին՝ հայ ժողովրդին կրկին թողնելով կոտրած տաշտակի առաջ։ Նման քաղաքականությունը հայ ժողովրդի համար ոչ մի պարագայում խաղաղություն չի երաշխավորելու անգամ ՀՀ-ի միջազգայինորեն ճանաչված 29800 քառակուսի կմ տարածքում, իսկ նոր աղետները և զիջումները պարզապես ժամանակի և աշխարհաքաղաքական կոնսենսուսի խնդիր են լինելու։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել