Երևան +26°
copy image url
Արտաքին Ներքին Միտք 4 շաբաթ առաջ - 21:30 27-03-2024

Գազայի հարցով Հաագայի դատարանի վճիռները ենթակա են կատարման, Արցախինը՝ կարելի է անտեսել

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Մարտի 25-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է Գազայի հատվածում հրադադարի անհապաղ հաստատում պահանջող բանաձևը, որին կողմ են քվեարկել ԱԽ 15 անդամներից 14-ը։ Բանաձևի ընդունումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ չի կիրառի իր վետոյի իրավունքը՝ սահմանափակվելով ձեռնպահ քվեարկությամբ։


Հաստատված բանաձևով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պահանջում է «մեծացնել մարդասիրական օգնության առաքման ծավալները և խորացնել Գազայի հատվածի խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված ջանքերը»։


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս բանաձևն ընդունվեց այն բանից հետո, երբ Իսրայելի իշխանությունները, անտեսելով միջազգային հանրության և անգամ Գազայում հակամարտության մեկնարկից հետո իրենց անվերապահ աջակցող պետությունների կոչերը, շարունակում են լայնամասշտաբ պատերազմական գործողությունները պաշարված Գազայի նկատմամբ՝ նպատակով ունենալով ամբողջական վերահսկողություն սահմանել պաղեստինյան այս անկլավի նկատմամբ։


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս որոշումը, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից ավելի վաղ Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ ընդունված որոշումները լայնորեն լուսաբանվում են թուրքական լրատվամիջոցների կողմից։ Թուրքական մամուլում առկա հրապարակումներում կարմիր թելի նման անցնում է այն թեզը, որ հիշյալ որոշումները պարտադիր են կատարման համար, և եթե Իսրայելը հրաժարվում է դրանք կատարել, ապա միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության ենթարկի այդ երկրի իշխանություններին։

Թուրքական Մարմարա համալսարանի իրավագիտության ֆակուլտետի միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս, դոկտոր Հաքքի Հաքան Էրքիները ծավալուն հոդված է հրապարակել թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության կայքում, որում անդրադարձել է այն հնարավոր հետևանքներին, որոնք կարող են առաջանալ, եթե Իսրայելը հրաժարվի կատարել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը։ Նա հիշեցրել է, որ Իսրայելը չի կատարել նաև Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր արտակարգ միջոցը, որն այդ երկրին հորդորում էր զերծ մնալ Գազայի բնակիչների դեմ սպանությունների, հարձակման և ոչնչացման հետ կապված որևէ գործողությունից և ձեռնարկել բոլոր միջոցները ցեղասպանությունը կանխելու համար:


Հեղինակը համոզմունք է հայտնել, որ Իսրայելը չի ​​ենթարկվի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի իրավաբանորեն պարտադիր որոշմանը, որը պահանջում է անհապաղ զինադադար հաստատել Գազայում։ Այս համատեքստում նաև կարևորել է, որ Իսրայելի դեմ միջազգային ճնշումներ գործադրվեն, ինչպես նաև ազդեցիկ և ինքնիշխան պետությունները գործի դնեն Իսրայելին միջազգային պատասխանատվության ենթարկելու մեխանզմները։



Թուրք փորձագետը միևնույն ժամանակ հիշեցնում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համապատասխան փաստաթղթերը պահանջում են, որ Իսրայելը դադարեցնի իր խախտումները և երաշխավորի, որ դրանք այլևս չեն կրկնվի։ Բացի այդ՝ նա նշել է, որ Իսրայելը պետք է վերականգնի միջազգային խախտման հետևանքով պատճառված բոլոր վնասները, որոնք ներառում են այն ողջ նյութական ու բարոյական կորուստները, որոնք առաջացել են այդ երկրի հարձակումների հետևանքով։ Հեղինակի պնդմամբ՝ Իսրայելի գործողությունների համար պատասխանատու են նաև այն երկրները, որոնք աջակցում են վերջինիս։
Հատկանշական է, որ անգամ Գազայում ընթացող դաժան պատերազմի ֆոնին Թուրքիայի իշխանությունների և փորձագիտական շրջանակների կողմից կիրառվում են երկակի մոտեցումներ։ Ամենևին չարդարացնելով Իսրայելի վայրագությունները՝ ցանկանում ենք հիշեցնել, որ երբ Ադրբեջանն ավելի քան 9 ամիս շարունակ ապօրինաբար շրջափակել էր Լաչինի միջանցքը, սովի էր մատնել Արցախում բնակվող ավելի քան 120 հազար հայ ազգաբնակչությանը, այդ նույն ժամանակահատվածում Արդարադատության միջազգային դատարանը երկու անգամ վճիռ էր ընդունել, որով Ադրբեջանից պահանջում էր անհապաղ ապաշրջափակել Արցախը ՀՀ-ի և առհասարակ ողջ արտաքին աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհը։


Չնայած սրան, Ադրբեջանը հրաժարվեց կատարել դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր կատարման ուժ ունեցող վճիռը՝ էլ ավելի խորացնելով Արցախում հասունացող հումանիտար աղետը։ Ավելին՝ արդեն սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեցին շրջափակված Արցախի դեմ, որը հանգեցրեց վեջինիս ամբողջական հայաթափմանը և Արցախի ամբողջական բռնազավթմանը։


Նկատենք, որ այս ամբողջ ընթացքում թուրքական լրատվամիջոցները, այդ թվում պետական Անադոլու լրատվական գործակալությունը, ոչ միայն չէին պնդում, որ միջազգային դատարանի որոշումը պարտադիր է կատարման համար, այլ ամեն կերպ, տարբեր փորձագետների միջոցով փորձում էին հիմնավորվել, որ Ադրբեջանն այս որոշումները կատարելու ոչ մի պարտավորություն չունի։ Ավելին՝ վերջիններս շրջանառության մեջ էին դրել այն քարոզչական թեզը, թե իբր Լաչինի միջանցքը բաց է և այն ապաշրջափակելու անհրաժեշտություն չկա, իսկ նման պնդումներով Հայաստանը պարզապես փորձում է վարկաբեկել Ադրբեջանին և լեգիտիմացնել սեփական պարտավորությունների չկատարումը։
Այսպիսով՝ փաստենք, որ Թուրքիայի համար Արդարադատության միջազգային դատարանի վճիռները կարևոր են, եթե դրանք վերաբերում են Գազային, կամ այն հիմնախնդիրներին, որոնցում կայացված վճիռը համընկնում է Անկարայի շահերի հետ։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա վերջինիս դեպքում ոչ միայն կարելի է անտեսել ու չկատարել իրավաական պարտադիր կատարման ուժ ունեցող վճիռները, այլև ամեն կերպ ֆինանսավորել և աջակցել սեփական դաշնակից Ադրբեջանին, որպեսզի վերջինիս կարողանա ցեղասպանել ու էթնիկ զտումների ենթարկել շուրջ 9 ամիս շրջափակված, բազմաթիվ զրկանքներ կրած արցախահայությանը։


Հիշեցնենք, որ նույն Թուրքիայի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ Գազայի, ինչպես նաև Կիպրոսի հիմնախնդիրը պետք է լուծվի 2 պետության, ինչպես նաև հողի վրա առկա իրողությունների հիման վրա, մինչդեռ Արցախի հարցում 30 տարի շարունակ պնդում էին, որ առաջնայինն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է, որը պետք է վերականգնվի ցանկացած գնով, այդ թվում լայնամասշտաբ պատերազմի, որը սանձազերծվեց 2020-ի սեպտեմբերի 27-ին։

Դավիթ Գույումջյան