Երևան +10°
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 19:03 23-02-2024

«Ակն ընդ ական» համայնքը ստեղծագործական մրցույթ է հայտարարել. հաղթողերին սպասվում է դրամական մրցանակ

Գրող, լրագրող, վավերագրական ֆիլմերի մրցանակակիր ռեժիսոր, «Ակն ընդ ական» վավերագրողների համայնք ՀԿ-ի համահիմնադիր, նախագահ Հովհաննես Իշխանյանը նախաձեռնել է մրցույթ՝ «Անարդարության շրջան» խորագրով։

Մրցույթի փետրվար ամիսը նվիրվել է Բաքվում պահվող հայերին։ Մրցույթի մասնակիցները պետք է գրեն նամակ՝ ուղղված հայ ռազմագերիներին։

Oragir.News-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ Հովհաննես Իշխանյանը պատմեց մրցույթի գաղափարի և մանրամասների մասին։

«Մենք անցած տարի «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքով հայտարարեցինք մրցույթ, որը վերաբերում էր Արցախի շրջափակմանը։ Փորձում էինք խթանել արվեստագետներին, որ ստեղծագործեն Արցախի թեմայով, ինչպես նաև նրանց ստեղծագործությունների միջոցով հանրությանը մոբիլիզացնեինք շրջափակման հարցի շուրջ, դրանով իսկ ճանապարհը բացելու հնարներ գտնեինք։

Այս տարի մտածեցինք և որոշեցինք ընդլայնել մրցույթը՝ կոչելով «Անարդարության շրջան»։ Մրցույթը վերաբերում է ոչ միայն հայերի ներքին ու արտաքին անարդարություններին, այլ նաև ներառում է տարածաշրջանային անարդարությունները՝ հատկապես Թուրքիայի ֆաշիստական նկրտումներից առաջացող։

Օրինակ՝ ներառված են եզդիների ցեղասպանության, Կիպրոսի օկուպացիայի, ասորիների ցեղասպանության և այլ թեմաներ։

Կարող են մասնակցել թե՛ հայեր, թե՛ այլազգիներ։ Մենք ունենք ժյուրի, որը նայում է գործերն ու որոշում՝ հրապարակվի, թե ոչ։ Ամեն ամիս մեր նախաձեռնությունը նվիրվում է մի թեմայի։ Փետրվար ամիսը գերիներին ուղղված նամակների հերթն է»։

Հարցին, թե ուր են հասնում նամակներն, ու ովքեր են լինելու դրանց ընթերցողը, Հովհաննես Իշխանյանը պատասխանեց․

«Մենք ենք ընտրելու և հրապարակելու հաջողված ստեղծագործությունները։ Կարդացողը լինելու է հայ հանրությունը։ Եթե ռեսուրս գտնենք, կթարգմանենք։ Հետո կերևա, թե արդյոք հնարավոր է դրանք հասցնել Բաքվի բանտ։ Կան որոշ մտքեր, սակայն դեռ խմորման փուլում են։

Մրցույթի ամփոփմանը կտրվեն մրցանակներ, տրվելու է 3-ական 120.000 և 6-ական 50.000 դրամ մրցանակներ»։

Նշենք նաև, որ «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքի առաջնային մտահոգությունը հայերի իրավունքների պաշտպանությունն է, ազգային հպարտությունը վերականգնելն ու պահպանելը։